▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջահը քիչ էր մնում պոկվեր․ 3 երեխաներիս արթնացրեցի ու վազեցինք դուրս»․ բնակիչներ

Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 12-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում երկրաշարժ է գրացվել Հայաստանում․Գեղարքունիքի մարզում այն զգացվել էր 5 բալ ուժգնությամբ։

«Օրագիր նյուզ»-ի հետ զրույցում Մարտունու տարածաշրջանի մի շարք գյուղերի բնակիչներ նշել են, որ երկրաշարժը բավականին ուժգին է եղել։ «Շենքի 2-րդ հարկում էի, այնքան ուժեղ էր, որ ինձ թվաց՝ շենքը հիմա փլվելու է․ անկողնուս մեջ այս ու այն կողմ էի գնում. արագ վեր կացա, ինչից հետո մոտս գլխապտույտ սկսվեց, վազեցի դուրս, սպասեցի որոշ ժամանակ ու հետո ներս մտա»,- ասել է Լիճք գյուղից Հակոբ Հակոբյանը:

«Արթնացա գլխապտույտից, ինձ թվաց՝ ուղղակի վատ եմ զգում և, քանի որ տանը մենակ էի, վախեցա, բայց նայեցի կողքերս, նկատեցի, որ կողքիս կահույքը գնում-գալիս է, հասկացա, որ երկրաշարժ է, արագ դուրս եկա տանից․ շատ ուժեղ էր»,- ասել է Վաղաշեն գյուղի բնակչուհի Համեստ Գևորգյանը:

«Ես արթնացա դղրդոցից, մտածեցի՝ ինչ-որ բան ընկավ, հետո նայեցի շուրջս, ջահը քիչ էր մնում պոկվեր, արթնացրեցի 3 երեխաներիս, գրկեցի ու վազեցինք դուրս։ Դրսում այլ հարևաններ էլ կային, իսկ մի մասն էլ խորը քուն մտած էին եղել, չէին զգացել․ իսկապես արսափելի զգացողություն էր»,- նշել է Աստղաձոր գյուղից Սուսաննա Մարկարյանը։

***

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հայտնում է. «Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում:
Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 2.02-ին, Հայաստանի Հանրապետության Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 10 կմ խորության վրա գրանցվել է 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 5-6 բալ: Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։ Հայտնի պատմական ուժեղ երկրաշարժերը այս գոտում տեղի են ունեցել 1226 և 1322 թվականներին համապատասխանաբար M=6.0 և M=6.5: Գործիքային շրջանում ամենաբարձր մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 9-ին M=5,0:
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում է ընթացիկ սեյսմիկ վտանգը: Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին