▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահա թե ինչու է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵԱՀԿ Մինսկի խումբը և Արցախյան հակամարտության ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ հիմնարար սկզբունքները
Երեկ Կանադայի արտգործնախարար տկն Մելանի Ջոլին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության առաջին տարելիցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ նա հիշեցնում է, որ «չարդարացված ռազմական գործողությունը հետևել է ինը ամիս տևած շրջափակմանը՝ խախտելով արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցները»։ Նա նաև խոսել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին, կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին, ինչպես նաև կարևորել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատումը։
Բայց ամենակարևորը՝ տիկին Ջոլին անդրադարձել է Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Կրկնում եմ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, այլ ոչ թե մարդասիրական խնդիրներին։ Ուշադիր կարդացեք Կանադայի արտգործնախարարի հայտարարության վերջին պարբերությունը․ «Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում»: Սրանք հիմնարար (կամ «մադրիդյան») սկզբունքներն են։ Այն սկզբունքները, որոնց մասին Փաշինյանն ու իր ամբողջ կառավարությունը վախենում է խոսել (հիշենք Արարատ Միրզոյանի սեպտեմբերի 19-ի անատամ ու վախվորած հայտարարությունը և Նիկոլ Փաշինյանի քար լռությունը)։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և ինչու է Փաշինյանն այդ պահանջին միանալու համար հող նախապատրաստում․․․․
Շնորհակալություն հայտնելով Կանադայի արտգործնախարարությանը, միևնույն ժամանակ սիրտս ճմլվում է․ Հայաստանի կառավարությունը լռում է, աշխարհի մյուս ծայրից են պահանջել վերադառնալ Արցախյան հակամարտության ՔԱՂԱՔԱԿԱՆ կարգավորմանը։ Ախր չի կարո՛ղ այդպես լինել։ Մեր բարեկամների աջակցությամբ Հայաստանը պետք է այդ հարցը միջազգային օրակարգերում պահենք, այլ ոչ թե գառների պես լռի։
Ի դեպ, եթե շնորհակալություն հայտնելու լինեք Կանադայի արտգործնախարարին, չմոռանաք նաև շնորհակալություն հայտնել Կանադայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակին»։

***

Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կանադայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն է Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ, որտեղ հստակ արձանագրվում է և՛ գերիների ու պատանդների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, և՛ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, և՛ հակամարտության կարգավորման համար կարևոր ինքնորոշման իրավունքի հարգումը:
Կանադան խոսում է այս կարևոր հարցերի մասին, Հայաստանը՝ ոչ:
Շուտով երևի Կանադան էլ կհայտարարվի Հայաստանի «ազգային անվտանգության սպառնալիք»:
Հատարարության տեքստը ստորև՝
«Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։
Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։
Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։
Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար:
Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:
Հ.Գ. Շնորհակալություն Հայ դատի Կանադայի հանձնախմբին հետևողական աշխատանքի համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին