▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ համար տարերք է բեմ դուրս գալ, երգել». Հայկ Տիգրանյան

 ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել  է  Ալ. Սպենդիարյանի  անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի  մեներգիչ  Հայկ Տիգրանյանի  հետ:

 

-Արվեստի բնագավառի մարդը միշտ էլ ոգեշնչման կարիք ունի: Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Ոգեշնչումը ընդհանրապես պետք է լինի դիմացինիդ կողմից: Հանդիսատեսը ոգեշնչում է, երբ դու արդեն բեմում ես, իսկ ինձ պետք է մի բան, որ ես հասնեմ բեմին, դա երևի թե եղել է հենց սկզբում, որ մեծ օպերային երգիչներին տեսել եմ մեծ թատրոններում`օպերային ներկայացում դիտելիս, դա է ինձ ոգեշնչել, որպեսզի ես գամ, հասնեմ ու  բեմում երգեմ: Ու հիմա այսօր, երբ մտնում եմ բեմ, այդ ժամանակ հանդիսատեսն է ոգեշնչում: Բեմ դուրս գալիս հենց սկզբից էլ կհասկանաս, արդյո՞ք  հանդիսատեսը քեզ ընդունեց, թե ոչ: Շատ հաճելի է, երբ քայլում ես, ու քեզ ճանաչում են նաև դրսում, բայց դե դա բնականա, որ իրենց չգիտես, չես ճանաչում: Դա գալիս է նրանից, որ դու քո երկրի համար հասցրել ես անել որևէ բան, կամ դեռ շարունակում ես անել: Կարևորը որ քեզնից հետո որևէ բան թողնես այս աշխարհում: Եկար, ապրեցիր, ու ինքնանպատակ չգնացիր` թողեցիր  քեզնից հետո անուն, գործ: Իսկ մեր արվեստի մեջ եկեք համարենք, որ մեր մասնագետներն աշխատում են թողնել: Բեմից կանգնելն ու երգելը մի ուրիշ աշխարհ է, և դա պետք է մարդու հոգուց բխի, ես ինձ շատ լավ եմ զգում, երբ երգում եմ: Ինչ-որ չափով դա էլ է նաև ինձ ոգեշնչում:

 

 

-Բեմի  վարպետներ, որոնց  անցած  ուղին  Ձեզ  համար  օրինակելի  է:

-Շատ վարպետներ կան, ովքեր  ինձ համար օրինակելի են, բայց կառանձնացնեմ մեր հայ երգիչներից` Գեղամ Գրիգորյանի անունը, ում մասին բոլորս լսել ենք ու գիտենք, որ նա աշխարհի լավագույն տենորների  հետ երգել է, ում անցած ուղիով ես կրկին ու կրկին  ոգեշնչվում  եմ, որպեսզի ես էլ կարողանամ հասնել ինչ-որ բարձունքների  իմ  ասպարեզում  և առաջընթաց  ունենամ:  Ինձ համար օրինակ է ծառայում  նաև  աշխարհահռչակ  բուլղարացի  օպերային  երգիչ  (բաս)`  Նիկոլայ  Գյաուրովը:

 


-Ի՞նչ  եք  զգում, երբ  երգում  եք: Ինչպիսի՞  հոգեվիճակն  է  տրամադրում  երգելուն:

-Հավատացնում  եմ  Ձեզ, որ իմ երգելն ինձ հանգստություն է տալիս, հոգու հանգստություն, ապրում եմ երգելով, բեմում եղած ժամանակ  ամբողջովին կտրվում եմ աշխարհից, հոգսերից: Մի խոսքով` հանգստություն:

 

-Հա՛յկ, անցած  տարի ԳՈՀԱՐ երաժշտախմբի  հետ  ելույթներ եք ունեցել  Ուրուգվայում, Արգենտինայում  և Բրազիլիայում. Ի՞նչ երգեր ներկայացրեցիք  ԳՈՀԱՐ-ի  հետ  և  ինչ  տպավորություններ  ունեք Հարավային  Ամերիկայի  հայ  հանդիսատեսից:

-«Կարինե» օպերետայից կատարել եմ «Մենք քաջ տոհմի զավակներն ենք», Ալեքսանդր Հարությունյանից` «Հայրենիքիս հետ», «Արփա-Սևան» և ևս մի քանի այլ երգեր: Հանդիսատեսից էլ անչափ գոհ եմ, քանի որ այնտեղ միայն հայեր չէին ներկա, այլև տարբեր ազգեր: Անհամեստ չեմ թվա, բայց ինչպես կոգևորվի երգիչը, երբ երգից հետո տեսնում ես, թե ինչպես է ամբողջ դահլիճը հոտընկայս  ծափահարում: Բեմի արվեստագետի համար ծափահարություններն ամենակարևորն են, իսկ եթե դու երգում ես նշված երկրներում  ու արժանանում ես նմանատիպ ծափողջույնների, պատկերացրեք, թե ինչքան լավ ես զգում քեզ այդ ընթացքում:  Իրենց հանդիսատեսն էլ է շատ լավը, ընդունող: Հայ հանդիսատեսը կարոտով է լսում մեր երգերը, իսկ արտասահմանից եկած հյուրերն էլ հայերեն լեզուն չհասկանալով` բոլորը  հոտընկայս ծափահարում  են, և այդ ժամանակ դու հասկանում ես, որ  կարողացել ես ինչ-որ բան անել` կատարելով այդ երգը: Իսկ արտասահմանում ընդհանրապես համերգների ժամանակ, երբ նայում ես հանդիսատեսին ու նկատում ես, թե տարբեր տարիքի մարդիկ ինչպես են քեզ հետ հավասար երգում այդ երգը, նույնը չես կարող ասել հայ հանդիսատեսի մասին, ով լսում  է քո երգը` ընդհանրապես չիմանալով քո մասին, չի լսել, չգիտի, թե ինքն ինչի համար է եկել այդ համերգին, որտեղ է գտնվում այժմ: Նույնիսկ քեզ չեն էլ դիտում հեռուստահաղորդումների ժամանակ, որ տեսնեն, ճանաչեն քեզ: Հենց լսում են օպերային կամ դասական երգ` անմիջապես փոխում են հեռուսաալիքը: Բացարձակ  իրենց  հետաքրքիր  չէ, թե ո՞վ է այդ  երգիչը, գոնե տեսնեն, լսեն, ծանոթանան  հայ  արվեստագետներին ու արվեստին: Եվրոպական մի  շարք  երկրներում  օպերայի երգիչներին ավելի շատ են ճանաչում, քան Հայաստանում, քանի որ մարդիկ  աշխատանքից  վերադառնալուց  անմիջապես  հետո  այցելում  են օպերային  թատրոն` օպերա լսելու, բալետ դիտելու, որպեսզի հանգստանան: Ի  տարբերություն  մեզ` իրենց  մոտ  դասական երաժշտության  սիրահարներն  ավելի  շատ են: Եթե յուրաքանչյուր օպերա այցելող իր հետ բերի իր ընկերներին ու բարեկամներին, մի քանի տարի հետո մենք կունենանք շատ մեծ օպերային  հանդիսատես:

 

-Ճակատագի՞րն  է  առաջնորդում  մարդկանց,  թե՞ մարդն  է  կերտում   իր ճակատագիրը:

-Բնականաբար  մարդն  է  կերտում  իր  ճակատագիրը:

 

-Հիպոկրատն  ասել  է. «Կյանքը  կարճատև  է, իսկ  արվեստը՝ հավերժական»: Ի՞նչ  է  Ձեզ  համար  արվեստը:

-Արվեստն այսօր դարձել  է  իմ  կյանքի մի մասնիկը, իմ ապրելակերպը, առանց որի այսօր ես իմ  կյանքն  արդեն  չեմ պատկերացնում:

 

- Երկար  տարիներ  հանդես  եք  գալիս  բեմերում : Ի՞նչ  է  փոխվել  այս տարիների ընթացքում:

-Հանդիսատեսը:   Իսկ եթե համեմատենք երեկ ու այսօր, ապա այսօր երիտասարդներն օպերա  ավելի  շատ են հաճախում  :

 

-Երբևէ  ցանկություն  եղե՞լ  է  նույն  բեմում  երգել  համաշխարհային հայտնի  վարպետների  ու  լեգենդների  հետ:

-Եթե երգիչ ես ու ձգտում ես հասնել ինչ-որ բանի, ապա միշտ էլ ցանկություն կունենաս երգել գերաստղերի հետ: Եթե իրենց հետ չերգես, դու երբեք առաջ չես գնա, փորձ չես կարող ձեռք բերել` դա լինի փորձերի ժամանակ, բեմում, ու դու միշտ անպայման նոր բաներ կսովորես:

 

-Հայտնի  է, որ  բազմաթիվ  միջազգային  մրցույթների  եք  մասնակցել: Դրանցից  որո՞նք  են  Ձեզ  համար  առավել  նշանակալից:

-Ինձ համար բոլոր մրցույթներն էլ կարևոր են, չեմ ուզում առանձնացնել որևէ մեկը: Եթե  մրցույթ  է, ապա կարևոր  չհամարվել չի  կարող: Ինձ  համար մասնակցությունն ավելի կարևոր  է  այդ  մրցույթում:

 

-Հասե՞լ   եք  այն  ամենին,  ինչ  ցանկանում  էիք:

- Բնականաբար  ոչ, քանի  որ  դեռ  կան  նպատակներ, որոնք  պետք  է իրականացնեմ:

 

-Շոու-բիզնես  երևույթի  մասին,  որպես  արվեստագետ  Ձեր  կարծիքն  ու գնահատականը:

- Չեմ  ընդունում, երբ  որ աղավաղում են հայկական երաժշտությունը` թուրքական ելևէջների առկայությամբ: Յուրաքանչյուր մարդ երգարվեստում  իր տեղը պետք է ունենա:

 

-Ի՞նչն  է  ամենից  շատ  Ձեզ  դուր  չի  գալիս  հայ  երաժշտության, երգարվեստի  մեջ:

- Ճիշտն ասած հասել է ինչ-որ մի մակարդակի վրա այսօր, բայց դեռ  հայաստանյան շոու-բիզնեսը  շատ  անելիքներ  ունի` հավասարվելու եվրոպական  այլ  երկրներին:

 

-Ի՞նչ  ծրագրեր,  ստեղծագործական  ի՞նչ  նորություններ  են  սպասվում:

- Առայժմ  չբացենք  փակագծերը, հետագայում  ավելի մանրամասն կանրադառնանք իմ ծրագրերին:

 

-Ի՞նչ   կմաղթենք  Ձեր  հանդիտատեսին:

-Իմ  հանդիսատեսին  կմաղթեմ, որպեսզի միշտ առողջ լինեն, և հաճախ ներկա լինեն մեր ներկայացումներին, որպեսզի բոլորն էլ ճանաչեն  մեր օպերան, բալետը:

 

Հարցազրույցը` Երվանդ  Մարեյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին