Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններունմ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մոտաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն է, ում երեկվանից որոնում էին:
***
ԴՕԿ Կուսակցությունը խորին ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի վախճանի կապակցությամբ․ «Խորհին ցավակցություն և զորակցություն նրա ընտանիքին ու հարազատներին»։
***
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է․
«Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է»։
***
Մհեր Սահակյանը ծնվել է 1988թ. հունվարի 30-ին Երևանում:
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2016 թվականից ՀՅԴ անդամ է եղել: 2021-2022թթ-ին եղել է ԱԺ պատգամավորի օգնական՝ հասարակական հիմունքներով:
2022թ. դեկտեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ավելի վաղ, ներկայացրել էինք Մհեր Սահակյանի շնորհավորական ուղերձն՝ ամանորյա տոների առիթով։