ՌԴ Միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագիրը, որի շրջանակներում 2006-ից սկսած Հայաստանը լքել են հազարավոր մարդիկ, ժամանակ առ ժամանակ հայտնվում է լուրջ քննադատությունների թիրախում:
Ոսկե սարերի խոստումներով, լուրջ հեռանկարների հույսով ՀՀ քաղաքացիները մեկնում են ՌԴ և բախվում դառը իրականությանը: Իրականություն, որի մասին այստեղ չեն էլ ենթադրում:
Անմիջապես կոնկրետ վայր հասնելուն պես սկսվում են ամիսներ ձգվող հերթերը և քաշքշուկները, որոնց երբեմն անհնար է դիմանալ:
ASEKOSE.am-ի զրուցակիցը օրերս է վերադարձել Վորոնեժից և պատրաստակամություն հայտնել ականատեսի աչքերով պատմել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում ՌԴ հասնելուն պես՝ այս կերպ նաև նպատակ ունենալով իրականությունը պատմել բոլոր մեկնել պատրաստվողներին:
Մեր զրուցակցի խոսքով՝ «Հայրենակցիներ» ծրագրի հայաստանյան գրասենյակը գտնվում է Մանուշյան 72 հասցեում և սովորաբար բացվում է տարեվերջին: Դեկտեմբերին սկսվում է ընդունելությունը: Եվ հենց այդ ընթացքում քաղաքացիներն այսպես ասած՝ օր են վերցնում 2015-ի համար:
«Աշխատում են դեկտեբերի 25-27-ը և այդ ընթացքում ամբողջ տարին փակվում է: Այդպիսի հոսք կա: Դիցուք՝ 2015-թվականի նշված օրը ներկայանում ես գրասենյակ, օր և ժամ են նշանակում: Նշանակված օրը ներկայանում ես արդեն համապատասխան փաստաթղթերով՝ անձնագրի, դիպլոմի պատճեններ, տեղեկություն այն մասին, թե քանի հոգով ենք մեկնելու: Փաստաթղթերը հանձնելուց հետո պետք է սպասես որոշակի ժամանակահատված: Եթե ընտրել ես ոչ կենտրոնական Ռուսաստան, գնալու հավանականությունն ավելի մեծ է: Այնտեղից ավելի կարճ ժամանակամիջոցում կարելի է հրավերք ստանալ»,- պատմում է մեր զրուցակիցը:
Համապատասխան օրը զանգահարում են և կանչում գրասենյակ:
«Ինձ հրավերքը եկավ գեղեցիկ սպիտակ ծրարով: Կոնկրետ ինձ համար, քանի որ ես պետական համակարգի նախկին աշխատող եմ, գրված էր, որ մեկ ամսվա կտրվածքով եթե դիմեմ և գնամ, կա աշխատանք՝ մաքսային ծառայության հատուկ նշանակության ջոկատում: Ամսական աշխատավարձը սկսվում էր 30 հազար ռուբլուց»:
Հրավերքը հանձնելուց հետո օր է նշանակվում վկայականը հանձնելու համար, որտեղ նաև նշված են ընտանքի անդամների անունները և տվյալները, ովքեր պետք է մեկնեն: Մեկնելու համար տրվում է 3 տարի ժամանակ: Տվյալ երկիր հասնելուն պես՝ քաղաքացիները ներկայանում են ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչություն, որտեղ պետք է անձնագրի մեջ ընդամենը կնիք դնեն:
Սակայն… այդ պահից սկսվում են դժոխային քաշքշուկները:
« Ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչության Վորոնեժի գրասենյակի շենք մտնել բացարձակ հնարավոր չէ: Այնտեղ ոչ միայն հայեր են, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ուկրաինացի փախստականներ: Նախ ցուցակագրվում ես: ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչության Վորոնեժի գրասենյակն ամեն օր չի աշխատում: Աշխատում են շաբաթվա մեջ մի քանի օր: Երկուշաբթի չեն աշխատում, երեքշաբթի կես օր, չորեքշաբթի չեն աշխատում, հինգշաբթի կես օր, ուրբաթ մինչև ժամը 4-ը: Յուրաքանչյուր օր առավելագույնը 8-10 մարդ են ընդունում: Ես ցուցակով 79-րդն էի»:
Այս ամենից զատ՝ անկախ նրանից, թե քաղաքացին հերթում որերորդն է, պարտավոր է ամեն օր՝ ժամը 6-ին, լինել ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչության Վորոնեժի գրասենյակի բակում, մասնակցել անվանականչին, որպեսզի հերթը պահպանվի: Թեկուզ մեկ օր չներկայանալու դեպքում, հերթը չի պահպանվում:
«Եթե չես ցանկանում ամեն օր ներկայանալ, կա մի տարբերակ, պահակներին ներքին կարգով կարող ես վճարել 5000 ռուբլի, որ կարողանան արտահերթ թողնեն ներս մտնել, սակայն…. Եթե միայն կարողանաս: Եթե հանկարծ նկատեն, որ առաջ ընկար, կհոշոտեն»:
«Կանաչ անձնագրում» կնիք ունենալու համար նախնական գրանցում է անհրաժեշտ, ինչի մասին Հայաստանում չեն տեղեկացնում: Իսկ օտար քաղաքում նախնական գրանցում ստանալը կապված է բազմաթիվ դժվարությունների հետ:
«Կենտրոնական Ռուսատանի բնակիչներն աչքի են ընկում բացառիկ սրիկայությամբ և բացառիկ սանձարձակ վերաբերմունքով՝ կովկասցիների նկատմամբ: Եվ այդ միջավայրում պիտի կարողանաս ծանոթ գտնել: Կրկին հայտնվում ես թղթաբանական քաշքշուկի մեջ: 3 ամսով գրանցելու համար 1 անձից պահանջվում է 3000 ռուբլի: Տալիս են սովորական թղթի կտոր, որտեղ նշված է, որ գրանցվել եք այսինչ հասեցով: Վերադառնում ես ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչության գրասենյակ: Վերջիվերջո կարողանում ես մտնել այդ շենք: Կնիքը խփում են: Հիմա սկսվում է հաջորդ փուլը»:
Անհրաժեշտ է նաև ձեռք բերել ժամանակավոր բնակության թույլտվություն(РВП), ինչը ևս կապված է քաշքշուկների հետ:
«Ես ուզում եմ մեր հայրենակիցները հասկանան՝ այդ սպիտակ թերթիկը հիմք չի հանդիսանում: Դա ուրիշ բան է: Սկսվում է նոր քաշքշուկ: Գնում եք այլ հասցե: Այնտեղ հերթն ավելի սարսափելի է: Ընդունում են շաբաթը 2 անգամ և ոչ թե ժամը 9-ից, այլ 10-ից և մինչև ժամը 5-ը: Ժողովուրդը դրսում օերերով հերթ է կանգնում: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի ձմռանը: Ես 174-րդն էի: Բայց քանի որ ես արդեն ունեի գրանցում՝ ոչ այս ծրագրի շրջանակներում, շատ քաշքշուկի մեջ չհայտնվեցի»:
ժամանակավոր բնակության թույլտվություն(РВП) ստանալու համար ևս բացի հերթ պահելը, ամեն օր մասնակցում են անվանականչին: Հերթը ձգվում է նվազագույնը մեկ ամիս: Այդ ընթացքում շենք մտնելու իրավունք չկա:
«Ի դեպ՝ Հայաստանում թարգմանված որևէ փաստաթուղթ այնտեղ ուժ չունի: Այնտեղ նորից թարգամնում ենք: Յուրաքնաչյուր թարգմանություն սկսվում է 500 ռուբլուց: Որպես կանոն՝ պահանջում են մի քանի օրինակ, սակայն պետք է միայն մեկը»:
Այս փուլին հաջորդում է քաշքշուկի ու վազքի հաջորդ փուլը: Սա արդեն բուժզննության փուլն է ՝ 4 տարբեր հիվանդանոցներում՝ սպիդ կենտրոն, տուբ դիսպանսեր, մաշկավեներական, և նարկոլոգիական կլինիկաներ:
«Մեր շատ միամիտ հայեր այստեղ են այդ փաստաթուղթը հանում, սակայն դա այնտեղ հիմք չէ: Ավելորդ ծախս է: Այստեղ չեն զգուշացնում այդ մասին: Սա արժե 4-6 հազար ռուբլի: Հետո այդ գումարը վերադարձնում են, ինչպես նաև ինքնաթիռի տոմսի գումարը, սակայն պետք է պահպանեք թե Էլեկտրոնային տոմսը, թե ռեգիստրացիոն տոմսը, այլապես գումարը չեք ստանա: Ի դեպ՝ փոխհատուցման համար ևս հերթ ես կանգնում՝ կրկին ամեն օր ժամը 6-ին անվանականչին մասնակցելով»:
Մեր զրուցակցի խոսքով՝ պահանջում են գտնել հասցե, որտեղ պետք է գրանցվել 3 տարով: Ի դեպ՝ մեկ տարով մեկ անձին գրանցելու համար պահանջում են 6-10 հազար ռուբլի:
ժամանակավոր բնակության թույլտվություն(РВП) ստանալուց հետո պետք է սպասել 3 ամիս, որից հետո կրկին հերթ կանգնելով՝ ճշտել՝ ստացվել է, թե ոչ: Ապա սկսվում է վազքի հերթական փուլը՝ քաղաքացիություն ձեռք բերելու համար: Անհրաժեշտ է ծննդյան վկայականի պատճեն, անձնագրի պատճեն թարգմանությունով՝ բոլորը հաստատված այնտեղ և հարկային կոդ: Տեղի հարկայինում գրանցվելուց հետո պետք է սպասել 5-7 օր:
«Ժամանկաավոր բնակության թույլտվությանը սպասելիս իրավունք չունենք ՌԴ-ից բացակայել: Ինչ գումարներով կապրենք, Աստված գիտի: Աշխատանքի մասին խոսելն ավելորդ է: Եթե անգամ դիպլոմ ունեք, մոռացեք աշխատանքի մասին: Եթե հատկապես այն տրվել է 1991 թվականից հետո: Հայասաստանի ոչ մի ԲՈւՀ-ի դիպլոմ այնտեղ հիմք չէ: Այն մարդիկ ովքեր պետական ծառայող են և ունեն կոչում, այստեղ հույս են տալիս, թե ձեր կոչումն այնտեղ կարող է հիմք լինել, չկա նման բան: Սկսում եք շարքայինից: Մայոր ես թե գնդապետ, սկսում ես 0-ից: Իսկ եթե քաղաքացին 40-նն անց է, պեքտ է մոռանա այդ մասին»:
Մեր զրուցակիցը նշում է, որ լուրջ դժվարություններ կան նաև այն ընտանիքների համար, ովքեր դպրոցահասակ երեխաներ ունեն: Երեխաները չեն կարող հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, եթե չունեն տեղի անձնագիր:
«Ցանկանում եմ խոսել նաև այն մասին, որ բոլոր ծառայությունները գտնվում են Վորոնոեժի կենտրոնում, իսկ կենտրոնում բնակարանի վարձը սկսվում է 15-20 հազար ռուբլուց, որի մեջ կոմունալ վճարը ներառված չէ: Բացի դրանից՝ Կովկասի ժողովուրդներին բնակարան չեն տալիս շատ դեպքերում: «Սև» ես, չենք տալիս: Ստիպված պետք է ծայրամասերում տուն վարձենք»:
Մեր զրուցակիցը պատմում է, որ լինում են դեպքեր, երբ տանտերերը ինտերնետի միջոցով առաջարկում են գրանցել: Ի՞նչ է արվում այդ դեպքում:
«Ձեզ հետ միասին գնում են նոտարի մոտ գրանցվելու, տալիս են սերտիկիֆատը, վերցնում է 3-6 ամսվա վճար, հայն էլ միամիտ-միամիտ գնում է միգրացիոն ծառայության վարչության գրասենյակ, ասում են՝ իսկ ու՞ր է տան տերը: Զանգահարում ես, ասում է՝ ես գամ ի՞նչ անեմ. որ գամ, կհասկանան, որ գումար եմ վերցրել: Ասում է՝ ուզում ես գամ, ևս 20 հազար ռուբլի: Իմ գլխով անցածն եմ պատմում: Ես դիմել եմ ոստիկանություն, իբր քրեական գործ է հարուցվել, ինձ տվել են ընդամենը մի կտրոն և վերջ: Բացարձակ անտերություն: Ես առ այսօր որևէ արձագանք չունեմ»:
Յուրաքանչյուր անձ այնտեղ զուտ փաստաթղթերի վրա ծախսում է 150 հազարից 200 հազար դրամ: Այժմ ինքը դիմել է աշխատանքի համար և վերադարձել Հայաստան: Սպասելու փուլն է:
«Պետք է լավ ֆինասնական բազա ունենաս, այնտեղ ապրելու և սպասելու համար: Ուզում եմ իմ հայրենակիցներն իմանան, որ պետք չէ ուրախ-ուրախ գնալ: Ամենաքիչը 5000 դոլարի բազա պիտի ունենա ընտանիքը, որ մի քանի ամիս նորմալ գոյատևի» :
Եվս մեկ կարևոր փաստ. մարդիկ կան, ովքեր առաջարկում են 3-5 հազար դոլարով ՌԴ անձնագիր ձևակերպել սեղմ ժամկետներում: Առաջարկում են կովկասցիներին, հետո տալիս են կեղծ անձնագիր:
«Դժվար է տարբերակել կեղծ է թե ոչ: Հետո էլ ասում են՝ գրանցվեք մեկ այլ վայրում: Որտեղ անձնագրի անհրաժեշտություն է լինում, անմիջապես բացահայտվում է անձնագրի կեղծ լինելը և կալանավորում են: Իսկ այդ մարդուն գտնելն անհնար է լինում»: