▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական սերիալների բացասական ազդեցության առանձնահատկությունները

Ռեյթինգի տեսանկյունից արդյունավետ քայլը լսարանի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ:

 

Հեռուստատեսության ուսումնասիրման ամենասկզբից՝ անցյալ դարի 50-60-ականներից ապացուցվել է, որ հեռուստատեսային ագրեսիան կրկնօրինակում է առաջացնում հանրային կյանքում: Հայկական հեռուստասերիալները հեռուստաընկերությունների թույլ կողմն են: Ընդհանրացնելով, կարելի է առանձնացնել նրանց մի քանի դրսևորումները, որոնք էլ տեղիք են տալիս քննադատությունների:

1. Լեզվամտածողության խեղումներ: Սերիալներում հաճախ օգտագործվում է տարբեր ենթամշակույթներին (հիմնականում՝ գողական) բնորոշ լեզուն, իսկ վերբալ հաղորդակցությունը մեծամասամբ ներկայացվում է ագրեսիվ դրսևորումներով: Գրեթե բացակայում են հասարակության ինտելեկտուալ հատվածի պատկերացումներին համապատասխանող լեզվական շփումները:

2. Ընտանեկան ինստիտուտի խեղված պատկերներ: Սերիալներում հազվադեպ են հանդիպում դասական ընտանեկան հարաբերությունների օրինակները: Հիմնականում ներկայացվում է խեղված ընտանիքի, հարաբերությունների մոդելներ:

3. Նյութապաշտական գաղափարների, շքեղ կյանքի քարոզ: Հայկական սերիալների ճնշող մեծամասնությունը ներկայացնում, քարոզում է շքեղ ապրելակերպ: Թվում է՝ բացասական ոչինչ այստեղ չկա, սակայն շքեղության ու նյութական բարիքների քարոզը բացասական ազդեցություն կարող է ունենալ, երբ ներկայացվում է որպես գլխավոր արժեհամակարգ, գաղափարախոսություն:

4. «Գողական» ենթամշակույթի իդեալականացում: Դրական և բացասական հերոսներից շատերն ունեն օրինախախտ, հանցագործ վարք: Անօրեն մեթոդներով խնդիրների լուծումը ներկայացվում է որպես խնդիրներ լուծելու արդյունավետ ու լավագույն տարբերակ:

5. Ոչ կառուցողական, լարված միջանձնային հաղորդակցություն: Լսարան գրավելու լավագույն տարբերակներից է ֆիլմում լարված միջանձնային հարաբերություններ ստեղծելը: Ռեյթինգի տեսանկյունից դա արդյունավետ քայլ է, սակայն լսարանի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ, քանի որ մարդկային հարաբերությունների նման մոդելների մշտապես ներկայացումը կրկնօրինակման միտում ունի:

Վահրամ Միրաքյան
ԵՊՀ «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» գիտաշխատող

Աղբյուրը` imyerevan.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին