▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կսանկանա՞.«Ժողովուրդ»

Տեւական ժամանակ է, ինչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շուրջ մտահոգիչ  տեղեկություններ են շրջանառվում: Դրանց համաձայն` ինչպես Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն է հայտնվել վատ վիճակում, այնպես էլ առաջիկայում նման հեռանկար է սպառնում նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: Ավելին՝ ըստ շրջանառվող տեղեկությունների՝  հնարավոր է առաջիկայում ընկերությունը բռնի սնանկացման ճանապարհը:

Տեղեկացնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է: 2008թ. փետրվարի 13-ին Երեւանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքվել է կոնցեսիոն պայմանագիր` «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարման հանձնելու մասին: Ըստ այդ պայմանագրի` կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի երկարաձգման իրավունքով, կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

ՀԿԵ-ի պաշտոնական կայքէջում նշված է, որ ընկերության կողմից իրականցվելիք ներդրումների չափը կազմում է 572 մլն դոլար, որից 220 մլն-ը պլանավորված էր ներդնել անցած 5 տարվա ընթացքում: Տեղեկացնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունը սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից:

Վերջին շրջանում, սակայն, համառ տեղեկություններ են պտտվում այն մասին, որ  ՀԿԵ-ն ծանր ֆինանսական վիճակում է: Ըստ այդ տեղեկությունների՝ առաջիկայում հնարավոր է, որ ՀԿԵ-ն էլ, ինչպես ՀԷՑ-ը, բռնի սնանկացման ճանապարհը, քանի որ ընկերությունն այս ընթացքում բազմաթիվ պարտքեր է կուտակել, որոնք  դժվարանում է մարել:

«Ժողովուրդ»-ը ընկերության հնարավոր սնանկացման մասին տեղեկությունները ճշտելու համար դիմեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, որտեղից փոխանցեցին հետեւյալը. «Բացառվում է: Ընկերությունը ո՛չ պարտք ունի, ո՛չ էլ կսնանկանա: Ինչպես կարող է այս ընկերությունը սնանկանալ, եթե 570 մլն դոլարի ներդրում պետք է իրականացվի: Այսինքն՝ ռուսական կողմը 2008-2015 թվականների ընթացքում ներդրել է 245 մլն դոլար, մոտ 300 մլն դոլարի չափով էլ դեռ պետք է ներդնի»:

Հատկապես այս վերջին պնդումը բավականին կասկածելի է` հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության ներկայիս անմխիթար վիճակը: Ընդ որում, փորձագետների  գերակշիռ մասը վստահ է, որ ռուսական տնտեսության անկումը դեռ տեւական ժամանակ կշարունակվի, եւ նման հեռանկարի պայմաններում դժվար է ակնկալել, որ  Ռուսաստանի Դաշնությունն առաջիկայում մոտ 300 մլն դոլարի չափով խոստացած ներդրումը կկատարի: Առավել իրատեսական է համարվում այն տարբերակը, որ ռուսական կողմը չի կարողանա ներդրումներ իրականացնել, եւ ընկերության տնօրինությունը ստիպված կլինի ներքին ռեսուրսներով իր կարիքները հոգալ: Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանում բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների շրջանառության ծավալներն այնքան էլ մեծ չեն, որպեսզի դրանով ընկերությունը կարողանա ծախսերն ապահովել եւ դեռ մի բան էլ եկամուտ ստանալ: Իսկ որ ՀԿԵ-ի տեխնիկական հագեցածությունը լուրջ խնդիր է, հայտնի փաստ է, հակառակ դեպքում արտաքին ներդրումների մասին խոսք լինել չէր կարող:

Ի դեպ, մոտ օրերս «Ժողովուրդ»-ը ՀԿԵ-ի աշխատակիցներից բողոքներ ստացավ այն մասին, որ ընկերության տնօրինությունը ներքին կարգով աշխատակիցներին տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից նախկին ութ ժամի փոխարեն իրենք աշխատելու են 7 ժամ եւ ըստ այդմ էլ վարձատրվելու են:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին