▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գինու և գրքի փառատոնները միավորել է պետք»․ գրող Համբարձում Համբարձումյանը գրական կյանքի մասին

Օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարարության և «Միհր» ստեղծագործողների միության ջանքերով Երևանում անկացվեց առաջին գրքի փառատոնը, որի կարևոր բաղադրիչը ժամանակակից հայ գրականության մրցանակաբաշխությունն էր։

Մրցութային 4 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել՝

Արձակ. Համբարձում Համբարձումյան (1-ին մրցանակ) և Հովհաննես Երանյան (2-րդ մրցանակ)։

Չափածո. Ներսես Աթաբեկյան (1-ին մրցանակ) և Հուսիկ Արա ( 2-րդ մրցանակ)։

Դրամատուրգիա. Գուրգեն Խանջյան (1-ին մրցանակ) և Անուշ Ասլիբեկյան ( 2-րդ մրցանակ)։

Մանկապատանեկան գրականություն. Սիլվա Հովհաննիսյան (1-ին մրցանակ) և Էլֆիք Զոհրաբյան (2-րդ մրցանակ)։

1-ին հորիզոնականում հաղթողների դրամական պարգևը 500 հազարական դրամ է, 2-ինը՝ 300 հազարական դրամ։ Գումարը կփոխանցվի հեղինակի ընտրած հրատարակչին, իսկ վերջինս կպարտավորվի մեկ տարում հրատարակել գրողի ժողովածուն կամ վեպը։ 

Asekose-ն թեմայի շուրջ զրուցեց գրող Համբարձում Համբարձումյանի հետ։

 

Ի՞նչ կարծիքի ես գրքի փառատոնի և նմանատիպ նախաձեռնությունների դերի ու նշանակության մասին։

Զբաղվածության պատճառով փառատոնի ընթացքին ակտիվ չեմ հետևել, բայց այն, ինչ տեսել եմ, ինձ դուր է եկել՝  փառատոնային տրամադրություն կար: Գրական փառատոն մայրաքաղաքին պետք է: Ինչի փառատոն ասես ունենք՝ դուդուկի, խորովածի, տոլմայի, գինու: Չգիտեմ, թե դա ինչքանով է նպաստում գրականության հանրահռչակմանը, բայց գիրքն  արժանի է, որ մի փառատոն էլ իրեն նվիրվի:  Կեսկատակ-կեսլուրջ ասեմ, որ գինու և գրքի փառատոնները միավորել է պետք: Փառատոնին դա էր պակասում, գինու գավաթի շուրջ զրույցները:

Խոսենք մրցանակաբաշխության մասին։ Մի փոքր պատմիր մրցույթին ներկայացրած ստեղծագործությունիցդ։ Ինչպե՞ս կարող ենք կարդալ այն։

Գրական մրցույթներին փորձում եմ մասնակցել, որովհետև ստեղծագործության դիմաց դրամական շոշափելի «վարձատրություն» ստանալու միակ միջոցն է մնացել: Մրցույթին ներկայացրել էի մոտ 10 տարի առաջ գրված «Էդ գիշեր», «Թղթե ծաղիկներ» և «Կորեական դելիկատես» պատմվածքներս, որովհետև հենց այդ շրջանում գրված պատմվածքներիս գիրքն եմ ուզում տպագրել: Պատմվածքները համացանցում կան և դրանք կարելի է կարդալ իմ բլոգում կամ գրական կայքերում:

 

 

 

 

 

 

 

 

 

Մի փոքր խոսենք հայ ժամանակակից գրականությանն առնչվող խնդիրների մասին։ Ի՞նչ կարծիքի ես Հայաստանի գրական միջավայրի մասին։

Գրական միջավայրից կտրված եմ, չգիտեմ էլ՝  կա՞ այդ միջավայրը, թե՞ չկա: Հավանաբար հրատարակչությունների կամ գրական կայքերի շուրջ ձևավորված ինչ-որ միջավայրեր կան:  Կուզենայի, որ գրական մեծ միջավայր ձևավորվեր ինչ-որ գրական ամսագրի շուրջ:

Ինչպիսի՞նն է հայ ժամանակակից գրողի այսօրվա հանրային դերը։

Գրողները տարբեր են, տարբեր պատկերացումներ ունեն և այդ պատկերացումների շրջանակում էլ գործում են:  Իմ և Արփի Ոսկանյանի ստեղծած «Գրողուցավ» կայքում մենք ձևակերպել էինք մեր պատկերացումը. «Մենք համարում ենք, որ գրականությունը  չի կարող «ալիբի» լինել,  որ այն  ոչ միայն պետք է վկայի և «ցուցմունք տա» իր ժամանակի մասին, այլև  պատասխանատություն է կրում իրականության ստեղծման համար»:

Որպես գրող ինչպե՞ս կգնահատես ժամանակակից հրատարակչությունների աշխատանքը։

Վերջին տարիներին հրատարակիչները ակտիվորեն համագործակցում են գրողների հետ և նկատելի առաջընթաց կա գրող-հրատարակիչ համագործակցությունը պրոֆեսիոնալ դաշտ տեղափոխելու առումով, սակայն նկատել եմ, որ բավականաչափ ջանք չեն գործադրում ընթերցողների շրջանում ոչ շատ հայտնի անուններին հանրահռչակելու համար: Կամ գուցե փորձում են, բայց չեն հաջողում:  Երբեմն այնպես է ստացվում, որ չնայած հրատարակչի հետ կնքած պայմանագրին, գիրքը վաճառելը էլի գրողի հոգսն է մնում:  Ստացվում է, որ գրողը  շնորհանդես է կազմակերպում, հրատարակիչը վաճառում է գրքերը գրողի ընկերներին ու նրա գրականությունը սիրող ընթերցողին և տոկոս է վճարում գրողին: Այդ դեպքում ինչո՞ւ գրողը ինքը չտպագրի ու վաճառի գիրքն իր ընկերներին:  

Կարո՞ղ է արդյոք հայ գրողն իր օրվա ապրուստը ապահովել միայն իր գրքերի վաճառքից ստացած եկամուտով։

Գրքի վաճառքից ստացված եկամուտներով չի կարող, եթե խոսքը գեղարվեստական գրականության մասին է:  Չկան նաև գրական ամսագրեր և թերթեր, որոնք արժանապատիվ հոնորար կվճարեն գրողներին: Ամոթ է, որ գրողին արժանապատիվ հոնորար վճարող գեթ մեկ ամսագիր չկա:  Առաջարկի ու պահանջարկի խնդիր է: Մի կողմից չկա գրական ամսագրի պահանջարկը, մյուս կողմից չկա այն առաջարկը, այն ամսագիրը, որը ընթերցողների այնպիսի շրջանակ կներգրավեր, որ կարողանար եկամուտ ունենալ և հորորար տալ գրողներին: Բայց գրելով կարելի է գումար վաստակել, եթե ոչ գիրք վաճառելով, ապա առնվազն օրաթերթերի, կայքերի համար հոդվածներ  կամ հեռուստատեսության համար սցենարներ գրելով:  Մեր գրական շուկան փոքր է և դժվար է պատկերացնել, որ կգա ժամանակ, երբ հնարավոր կլինի միայն գրքերից ստացված եկամուտներով ապրուստը հոգալ: Դրա համար պետք կլինի թարգմանվել, դուրս գալ միջազգային շուկա:

 

Զրուցեց Հովհաննես Եսայանը 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին