▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետը Մոսկվայի քաղաքապետից գնել, հետո անհատի է վաճառել հսկայական տարածքով ամբողջ հարկաբաժին

nyut.am-ը գրում է, որ իր ձեռքի տակ են հայտնվել բացառիկ փաստաթղթեր մի խայտառակ ու անհասկանալի «առևտրային պատմության» մասին, որի մեջ «գործող անձինք» Երևանի քաղաքապետարանն է, Մոսկվայի կառավարությունը, Ռուսական «Էկսպոդոն» ՍՊԸ-ն ու նրա տերը՝ գործարար Մակար Նահապետյանը:

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը իր 2005թ. հուլիսի 6-ի թիվ 991-РП հանձնարարականով կարգադրել է.

1. Մոսկվա քաղաքի սեփականություն  հանդիսացող1905 թվականի անվան փողոցի թիվ 15 ոչ բնակելի շինության 287.3 քմ տարածքը վաճառել Երևան քաղաքի քաղաքապետարանին:

2. Մոսկվա քաղաքի գույքի դեպարտամենտին՝ կազմակերպել ոչ բնակելի տարածքի շուկայական արժեքի անկախ գնահատման անցկացումը:

3. Մոսկվա քաղաքի գույքի դեպարտամենտի ղեկավարին՝ Մոսկվայի կառավարության անունից կնքել Մոսկվա քաղաքում Երևան քաղաքի ներկայացուցչության հետ պայմանագիր՝ 1905 թ. փողոց, տուն 15 հասցեով և 287,3 քառ. մ մակերեսով ոչ բնակելի տարածքի առուվաճառքի վերաբերյալ, ոչ պակաս արժեքով, քան տարածքի՝ անկախ գնահատողի կողմից սահմանված շուկայական գինն է:

4. Հաշվի առնել Մոսկվա քաղաքում Երևան քաղաքի ներկայացուցչության պարտավորությունները:

4. 1. Ոչ բնակելի տարածքի արժեքի վճարումն ապահովել Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցների հաշվին՝ Մոսկվա քաղաքի բյուջեին, առուվաճառքի մասին պայմանագրի ստորագրման պահից մեկ տարվա ընթացքում՝ Ռուսաստանի Բանկի հաշվեհամարին, ստացողի՝ Մոսկվայի ֆինանսների դեպարտամենտի հասցեով:

4.2. Ոչ բնակելի տարածքի վրա սեփականության իրավունքների ձևակերպումից հետո (կետ 1.) ձևակերպել հողային-իրավական հարաբերությունները Մոսկվայի հողային ռեսուրսների դեպարտամենտում՝ սահմանված կարգով:

5. Սույն կարգադրության կատարման վերահսկողությունը դնել Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Յու. Վ. Ռոսլյակի վրա:

Մոսկվայի քաղաքապետ՝                                                             Յու. Մ. Լուժկով

Փաստորեն, որպես Երևան քաղաքի սեփականություն, հիշյալ հասցեում գնվել է 287.3 քմ տարածք: Ենթադրվում է, որ նպատակը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչություն ունենալն է Մոսվայում: Այդ ժամանակ որպես Երևան քաղաքի ներկայացուցիչ էր հանդես գալիս «Էկսպոդոն» ՍՊԸ-ի 100%  բաժնետոմսերի տեր, գործարար Մակար Նահապետյանը, ով մի քանի  ռեստորանների տեր է (օրինակ՝ «Բորիս Գոդունով» ռեստորանի): Մի երկու տարի անց կատարվում է առաջին հայացքից տարօրինակ մի գործողություն:

nyut.am-ը ներկայացրել է նաև   մեկ այլ փաստաթուղթ: ՌԴ պետռեգիստրով հաստատած առքուվաճառքի երկու պայմանագրեր կան, ըստ որոնց մեկը 2008 թ. հունվարի 29-ին, մյուսը հունվարի 30-ին են հաստատել:Մեկով Երևան քաղաքի ներկայացուցչությունը Մոսկվայի «Էկսպոդոն» ՍՊԸ-ին վաճառել է Երևանի սեփականություն հանդիսացող Մոսկվայի 1905 թվականի փողոցի , 15 տան 235,3 քմ-ն: Մյուսով նույն ՍՊԸ-ին է վաճառել մնացած 52 քմ-ն:

Ի՞նչ է ստացվում: Երևանի  սեփականություն հանդիսացող տարածքը Մոսկվայում Երևանի ներկայացուցիչը վաճառում է իր սեփական ՍՊԸ-ին: Իսկ Երևանի քաղաքապետարանը մեխի գլո՞ւխ է: Նույնն է, թե մի երկրում Հայաստանը իր դեսպանատան շենքը, որպես սեփականություն, վաճառի իր դեսպանի վրա: Աբսուրդ: Ի՞նչու գնեցին: Ի՞նչու վաճառեցին:

Մի փոքրիկ շեղում: 200 տարի առաջ Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան, մեծ գրող Գրիբոյեդովը թղթախաղում հաղթելով, ձեռք է բերում մի հսկայական շենք՝ իր հսկայական տարածքով: Մինչև այսօր այդ տարածքը պատկանում է Ռուսաստանին: Այսօր Թեհրանում ՌԴ դեսպանատունը հենց այդ տարածքն է զբաղեցնում և համարվում է ամենամեծ տարածք ունեցող դեսպանատունը: Ահա պետական մտածողության արդյունքը: Ռուսը իր սեփականությունը չի վաճառում: Դրա համար էլ այսօր հզոր երկիր է: Իսկ Երևանի այն ժամանակվա քաղաքագլուխ Երվանդ Զաքարյանը (2003-2009թթ), «Էսկո» կոնցեռնի Սարգիս Աղաբեկյանի նման (որին ձերբակալեցին, հետո գրավի դիմաց ազատեցին) տարածքի առքուվաճառքով է զբաղվել:

nyut.am-ը նաև  մի քանի հարց է ուղել  Երևանի քաղաքապետարանին:

1. Ե՞րբ է Երևանի քաղաքապետարանի կողմից գնվել ՌԴ Մոսկվա քաղաքի 1905 թվականի փողոցի թիվ 15 տան 287.3 քմ տարածքը և ի՞նչ նպատակով:

2. Երևանի քաղաքի բյուջեից որքա՞ն դրամ է ծախսվել այդ տարածքը գնելու համար:

3. Ի՞նչ նպատակով է նոր գնված տարածքը վաճառվել ինչ-որ մի «Էկսպոդոն» ՍՊԸ-ի:

4. Որքա՞ն դրամ է մուտքագրվել Երևանի քաղաքապետարանի բյուջե՝ այդ առքուվաճառքի արդյունքում:

Խոսքը փաստացի ֆիքսված թվերի մասին է, անշուշտ, ոչ թե կողմերի հնարավոր գրպանածի:

 

Ավելի մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին