«Երեկ օրվա լրահոսում մի տեղեկություն գրավեց ուշադրությունս: Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը միջնորդություն է ուղղել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից ինքնասպանության դեպքերի կապակցությամբ: Ցավալի վիճակագրություն կար ներկայացված գրության մեջ. «2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝ մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր»:
Նշված անձանցից միայն 4-ն է տառապել հոգեկան հիվանդությամբ, մյուսները հոգեպես առողջ մարդիկ են եղել, որոնց այդ ուղուն մղել է անհուսության, անելանելիության զգացումը: Եվ մի նրբություն էլ՝ միջնորդությունում նշված էր, որ այս թվերը բազմապատիկ ավելի կարող էին լինել, եթե ինքնասպանությունների բազմաթիվ փորձերը չկանխվեին պատահական քաղաքացիների ու իրավապահների կողմից: Եվ քանի որ կանխվելու դեպքում ինքնասպանության դիմած անձն այլևս հետագայում նման քայլի չի դիմում, Քննչական կոմիտեն առաջարկում է Երևանի քաղաքապետարանին՝ մտածել այդ փորձերը կանխելու մասին՝ «դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ»:
Կամուրջների տակ ցանցեր քաշելու մասին, անշուշտ, վաղուց է խոսվում, և դա կարող է բարդացնել ինքնասպանների «գործը», բայց դա ինքնասպանության պատճառները չի վերացնի: Նրանք կարող են ելքը գտնել, ասենք, բարձրահարկերից ցատկելու միջոցով: Չէ՞ որ հնարավոր չէ բոլոր 16-հարկանիների մոտ ցանցեր տեղադրել: Ուստի խնդրի լուծումը պետք է այլ տեղում փնտրել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: