«Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ արդեն հինգերորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը: Համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի և կրթության միջև երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ` ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների և նորարարական մտածելակերպի զարգացմանը խթանելն է:
Հերթական մրցույթին մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի ամառային 26-րդ ճամբարի մասնակցիները. ավելի քան 110 աշակերտ՝ Հանրապետության տարբեր մարզերից: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ և մոտեցումներ:
Մինչև մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես հանձնարարել են կոնկրետ բիզնես – առաջադրանք. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայք-էջում ուսումնասիրել X և Y սակագնային պլանները և ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում X և Y սակագնային պլանների հետագա զարգացումը: Առաջարկել նոր ու հետաքրքիր մտքեր , որոնք հետագայում կարող են կիրառվել նաև որպես բիզնես-լուծում»:
Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում կոնկրետ լուծումներ են ներկայացրել գնահատող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են եղել Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի շրջանակներում, որը հանրակրթության ոլորտում իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՊՆ կազմակերպության միջև կնքված հուշագրի: Ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի 330 համայքնում՝ JHM բարեգործական հիմնադրամի և HSBC բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 7000 աշակերտի տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքներ հաղորդելն է: Մասնավորապես՝ ինչպես հետազոտել շուկան, ինչպես գրել բիզնես պլան, ինչ են բիզնես էթիկան և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը : Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքներ ձեռք բերել և դրանք կիրառել գործնականում : Ծրագրի շնորհիվ պատանիները սովորում են դրսևորվել որպես ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին: