«Ազգովի գիտենք, որ սատանայի անիվ կոչված սարքը փչացած է, բայց տոմսերն առել, հերթ ենք կանգնել, որ նստենք ու հերթական անգամ ընկնենք: Հանուն Հայրենիքի, հանուն մեր ապագայի պայքար չեմ տեսնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
Նրա հետ մասամբ համաձայնեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը.
«Լրիվ ապարանցու անեկդոտն է.Ասում է ՝ այս կինոն ինչո՞ւ ես նայում, պատից պատ է թռնում, կընկնի, պատասխանում է՝ կարող է այս անգամ չընկնի: Չկա գաղափարական պայքար: Մարդիկ պետք է հավատով ընտրեն»,-նշեց պատգամավորը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ներկայացրեց Հայաստանի 100 բնակավայրում անցկացված հարցման արդյունքները, որոնք վերաբերել են կուսակցությունների հեղինակությանը:
Նրա խոսքով՝ հաշվի են առել կուսակցությունների ռեսուրսները, ինչպես նաև առաջին դեմքերին: Ըստ այդմ՝ ամենաբարձր գործոնն ունի ՀՀԿ-ն՝ 15 տոկոս, ապա ԲՀԿ-ն՝ 9 տոկոս, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը՝ 7-ական տոկոս, ՀԱԿ-ը՝ 5 տոկոս, «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան»՝ 4 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»՝ 2 տոկոս, և «ԵԼՔ»՝ 2 տոկոս:
Նրա խոսքով՝ պակաս դեր չեն խաղում կուսակցության խարիզմատիկ դեմքերը. «Օրինակ՝ ԲՀԿ-ում դա Գագիկ Ծառուկյանն է, նրանից բացի ոչ ոքի չգիտեն: ՀՀԿ-ի դեպքում Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն են, երբեմն էլ՝ Գալուստ Սահակյանը:
Խնդիր ունի ՀՅԴ-ն, որովհետև կոլեկտիվ է ներկայանում, «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքում երեքն էլ խարիզմատիկ են:
«Ամենավատ վիճակում «ԵԼՔ»-ն է, քանի որ այնտեղ լուրջ խարիզմատիկ դեմք չկա: Միայն Նիկոլ Փաշինյանն է, ով միայն լավ խոսում է: Նրանք հարց լուծող չեն, հարց լուծողը Ծառուկյանն է, ով ասում է՝ այսքան մարդկանց խաղողը 20 դրամով ավել եմ գնել: Ծափ են տալիս, գնում են նրա հետևից»,-ընդգծեց սոցիոլոգը:
Անի Կարապետյան