Մշտապես մերժել եմ ազգային սնապարծությունը, բայց հայերը ողջ Մերձավոր Արևելքի և Կովկասի ամենաստեղծագործ ժողովուրդներից են, որոնց թողած մշակութային հետքը տեսանելի է այս ընդարձակ տարածքի գրեթե բոլոր անկյուններում:
Այսօր «Իսլամական պետության» հարձակումների համատեքստում տեղական և միջազգային լրատվամիջոցներով անընդհատ շրջանառվող Այն ալ-Արաբ (բռց. «Արաբի աղբյուր») կամ Քոբանի (ծագում է գերմանական «Koban» երկաթուղային ընկերության անվանումից) անունը մեզ ոչինչ կամ գրեթե ոչինչ չի ասում, մինչդեռ քաղաքը Սիրիայում հիմնել են ցեղասպանությունից հետո այս տարածքներում հայտնված հայերը:
Այս մասին «Almonitor» համացանցային կայքին դեռևս անցյալ տարի տեղեկացրել էր «Քրդստանի բանվորական կուսակցության» փաստացիորեն Սիրիայի մասնաճյուղը հանդիսացող «Ժողովրդավարական միություն կուսակցության» ղեկավար Սալիհ Մուսլիմ Մուհամմադը, ով ծնունդով այս քաղաքից է:
Ըստ նրա՝ Բեռլին-Բաղդադ երկաթուղու 1912թ.-ին շահագործման հանձնված կայարաններից մեկի շուրջ 1915թ.-ից ի վեր հայ գաղթականները հիմնել են գյուղ, որը տեղի հայերի և հետագայում այստեղ տեղափոխված քրդերի թվաքանակի աճի արդյունքում վերածվել է քաղաքի, որտեղ ժամանակին գործել է երեք հայկական եկեղեցի: Այն ալ-Արաբի կամ Քոբանիի հայերի մեծ մասը 1960-ականներին ներգաղթել է Հայաստան: