Tert.am-ը գրել է, որ Սոֆի Լորենը կհրապարակի հուշագրեր:
Կարդալով հոդվածը` պարզ է դառնում, որ մեծ դերասանուհին հուշեր է գրում, որը այս տարվա սեպտեմբերին իր 80-ամյակին ընդառաջ կհրապարակվի:
Շատ բարի, սակայն ինչն է այստեղ ուշագրավ:
Այստեղ կա բառային սխալ կիրառություն:
Բանն այն է, որ «հուշագրություն»-ը և «հուշագիր»-ը բոլորովին տարբեր իմաստներ ունեցող եզրույթներ են: Այսպես, Հուշագրությունը (ֆր.՝ mémoires), գեղարվեստավավերագրական գրականության տեսակ է. անցյալի հուշեր՝ գրված իրադարձության ականատեսի կամ մասնակցի կողմից։
Հուշագրության տարատեսակներ են ինքնակենսագրությունը (Ս. Զորյան, «Մի կյանքի պատմություն») և ճանապարհորդական նոթերը (Սիլվա Կապուտիկյան, «Քարավանները դեռ քայլում են»)։ Որոշ հուշագրություններ ունեն աղբյուրագիտական նշանակություն (Շիրվանզադե, «Կյանքի բովից»)։ Հայ հուշագրական գրականության դասական նմուշներ են Պերճ Պռոշյանի «Հուշիկներ», Ղազարոս Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» գրքերը։ Նոր շրջանի հայ գրակականության մեջ հուշագրական բնույթ ունեն Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» և «Սրտիս պարտքը» երկերը, Գ. Բեսի «Հուշանովելները», Ն. Թումանյանի հուշերը Հովհաննես Թումանյանի մասին ևն։
Հուշագրությանը մոտ ստեղծագործություններ հայտնի են դեռևս անտիկ, միջնադարյան (ժամանակագրություն, վարքագրություն ևն) գրականությունից։ Հուշագրական են Կորյունի «Վարք Մաշտոցի», Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկերը։ Ժամանակակից հասկացությանը համապատասխանող հուշագրություն ձևավորվել է Վերածննդի դարաշրջանում։
Մինչդեռ «Հուշագիր»-ը «memorandum»-ն է կամ «Draft statement»-ը, որ դիվանագիտական կամ քաղաքական փաստաթղթի տեսակ է որևէ հարցի հանդեպ ունեցած հայացքների, մտադրությունների, անելիքների, գործողությունների ընթացքի և այլ հարցերի մասին: Կարող է լինել տնտեսական քաղաքական և այլն:
Օրինակ, «Բուդապեշտի հուշագիր», «Համագործակցության Հուշագիր ՀՀ ԱԳ նախարարության և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության միջև» և այլն:
Կածում ենք տարբերությունները ակնհայտ են ու հաջորդիվ նկատի կառնվեն եզրաբանական տարբերությունները անկախ բառային համանմանությունից: