▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա ավանդույթները գրականության մեջ` Դիքենսից մինչև Գոգոլ

Մանկական գրականության մեջ իրենց տեղն ունեն այսպես կոչված մանկական ձմեռային գրականությունը, որն էլ իր հերթին պայմանականորեն բաժանվում է հետևյալ խմբերի` Ս Ծննդյան պատմություններ, ժողովրդական հեքիաթներ և հեղինակային ստեղծագործություններ: Առաջին խմբի հիմնադիր համարվում է Չարլզ Դիքենսը, ով 1843 թվականին գրում է “Ս. Ծննդյան արձակ երգը” ծերունի միսթըր Սկրուջի մասին, ով հոգիների հետ հանդիպումից հետո փոխվում է: Այս խմբի առավել զգացական ու նուրբ գործերից է Հանս Քրիստիան Անդերսենի “Լուղկիներով աղջիկը”: Յուրաքանչյուր Սուրբծննդյան պատմության մեջ պարտադիր է հրաշքի գոյությունը և վերածնվում կամ վերափոխվում հերոսը: Սակայն ռուսական գրականության մեջ այն ավելի իրապաշտական դարձավ. ռուս հեղինակներիը հրաժարվեցին հրաշքից և պահպանեցին միայն մանկությանն հատուկ թեմատիկան` մանկություն, սեր, ներողամտություն, սոցիալական թեմատիկ շերտ, բարու հաղթանակ և այլն և արդյունքում կարողացան խորամուխ լինել իրական կյանքի ոգեկան խորքերի մեջ: Այս իմաստով կարելի է հիշատակել Դոստոևսկու հայտնի մահացող փոքրիկ տղան «Փոքրիկը Քրիստոսի գրկում եղևնու տակ» պատմվածքում, կամ Լեոնիդ Անդրեևի պատմվածքի փոքրիկ հրեշտակը, որը հալչեց “չար տղա” Սանկայի լապտերի ջերմությունից: Սրբագրական պատմվածքներ ունեն ռուս շատ դասականներ` Բունինը, Չեխովը, Կուպրինը և այլոք: Այսօր այդ ավանդույթը շարունակում են ժամանակակից հեղինակները, ինչպես օրինակ Օլեսյա Նիկոլաևան:
Այս պատմությունների մեջ առանձնանում է Նիկոլայ Գոգոլի “Սուրբ Ծննդյան գիշերը”, որը ոչ այնքան պատմվածք է, որքան հեքիաթ` գրված ժողովրդական սյուժետային կտորների համակցությամբ: Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես են կենդանանում վերստին հին ռուսական հեթանոսական սովորություններն ու ավանդույթները և միախառնվում զուտ քրիստոնեական տոնի ու տոնին հատուկ սովորությունների ու ավանդույթների հետ: Իհարկե բոլոր մասնագետներն էլ ընդունում են այսօր, որ ժողովրդական հեքիաթները արտացոլում են հին հավատալիքները. նույն բոլորիս շատ սիրելի Ձմեռ Պապին հայտնի Մորոզկան է կամ Մորոզ Իվանովիչը, որը ռուսական տպագիր գրականության մեջ հայտնվել է 1840 թվականին` Վ. Օդոևսկու “Իրինեյ պապիկի հեքիաթները” ժողովածուում, և հանդիսանում է հեթանոսական այն աստվածությունը, ով համարվում է ձմեռային ցրտի ու սառնամանիքի տիրակալը: Պետք է ասել, որ Ձմեռ Պապին որևէ աղերս չի ունեցել ոչ Ս Ծնունդի ոչ Նոր Տարվա հետ.դեկտեմբերի 24-25-ին, որ ձմեռային արևադարձի օրն էր, տոնախմբվում էր նոր Արևի` Կոլյադայի ծնունդը (այստեղից են առաջացել “կոլյադկաները”). Միայն XIX դարի վերջին, երբ Ալեքսանդր II Ազատարար ցարը չկարողացավ եվրոպական Սանտա Կլաուսին ընտելացնել Ռուսաստանում, Ձմեռ Պապը սկսեց հարազատանալ Ս Ծննդյան տոնի հետ:
Հեղափոխությունից հետո Ձմեռ Պապին էլ Ամանորն էլ, Ս Ծնունդն էլ անհետացան և միայն 1930-ական թթ “վերակենդանացավ” Ձմեռ Պապին, այն էլ նորովի: Խորհրդային գրականության մեջ Սուրբծննդյան պատմությունները ասպարեզից հեռանում են, երևույթ, որը երբեք եվրոպական գրականության մեջ տեղի չի ունեցել: Հեքիաթները խորհրդային իրականության մեջ արդեն միայն Ամանորյա էին, ինչպես օրինակ Ս. Մարշակի “Տասներկու ամիսները”:
Հետաքրքրական է, որ Ս Ծննդյան պատմությունների սյուժեները տարբեր ժողովուրդների մոտ կրկնվում են: Գրիմմ եղբայրների կողմից մշակված “Սառնամանիք տատիկը” շատ նման է իր սյուժեով ռուսական Մորոզկայի հեքիաթին:
Բավական բարդ ճակատագիր ունեցել է նաև եվրոպական Սանտա Կլաուսը: Բոլորն էլ գիտեն, որ Սանտա Կլաուսի նախատիպը համաքրիստոնեական նշանավոր Սուրբ Նիկողայոս Սքանչելագործն է, ով իր ողջ հարստությունը բաժանել է աղքատ ընտանիքներին ու չքավոր երեխաներին: Այս պատճառով էլ եվրոպական մայրցամաքում վանականները Ս. Նիկողայոսի օրը ու նաև Ս Ծննդին ցայսօր նվերներ են բաժանում երեխաներին, որոնք սովորաբար լինում են քաղցրեղենով լի տոպրակներ: Սանտա Կլաուսի ներկայիս կերպարը ստեղծվել է միայն 1823 թ. “Ս. Ծննդյան գիշեր կամ Ս Նիկողայոսի այցելությունը”մանկական բանաստեղծությամբ, որի հեղինակն ամերիկացի Քլիմենթ Մուրն է: Այդ ժամանակ էլ Սանտայի մոտ հայտնվում են սահնակ, եղջերուներ, ծխնելույզների մեջ մտնելու և բուխարու մոտ կախված նասկիների մեջ նվերներ թողնելու սովորությունը:
Ինչ վերաբերում է ժողովրդական սովորություններին ու ավանդույթներին, ապա այստեղ ևս կան նմանություններ: Հին Գերմաններն օրինակ նույնպես նշում էին ձմեռային արևադարձի օրը, որը կոչվում է Յոլ. այստեղից էլ գալիս է Ամանորյա տոնածառի գաղափարն ու այն զարդարելու ավանդույթը: Իսկ հրավառությունների ավանդույթը գալիս է Չինաստանից, որտեղ այն կիրառվում է չար ոգիներին հեռացնելու համար:
Բավական յուրօրինակ է Ամանորյա ճապոնական ավանդույթը: Ամանորի գիշերն այստեղ տաճարում մեծ տաճարական զանգը զանգահարում են108 անգամ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մի որոշակի մեղք կամ արատ և այն խորհրդանշում է այն, որ մարդիկ հեռացող տարվա հետ հիշատակում են բոլոր հնարավոր մեղքերն ու արատները, որպեսզի նոր տարում հեռու մնան դրանից:


Գևորգ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին