Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի 57-ամյա բնակչուհի Մարիա Յանակոպուլոսը փորձել է երեք հայի Սան Իսիդրո անցակետով կեղծ գրին-քարտերով ԱՄՆ տեղափոխել: Մարիա Յանակոպուլոսին սպառնում է 5-15 տարվա ազատազրկում:
Ըստ ամերիկյան լրատվցամիջոցների` նա միջազգային հանցավոր խմբավորման արդեն չորրորդ անդամն է, ում նկատմամբ հայերին Միացյալ Նահանգներ ապօրինի տեղափոխելու մեղադրանք է ներկայացվում: Հանցախմբի մյուս անդամներն են Գլենդելի երկու այլ բնակիչներ՝ 42-ամյա Վարդուհի Ավագյանը և 40-ամյա Մերի Ավետիսյանը, որոնք ձերբակալվել էին նախորդ տարվա նոյեմբերին: Իսկ խմբի ենթադրյալ ղեկավար 44-ամյա Գրիգոր Չատալյանը ձերբակալվել է հունիսին:
Իրավապահների խոսքերով` խմբավորման անդամները Հայաստանի քաղաքացիներից վերցրել են 18 հազարական դոլար՝ նրանց ապօրինի ԱՄՆ հասցնելու համար: Սկզբում հայերը թռել են Մոսկվա, որտեղ նրանց կեղծ ռուսական անձնագրեր են տվել՝ Մեքսիկայի Կանկուն քաղաքը մեկնելու համար: Այնուհետև Կանկունից նրանց տեղափոխել են Տիխուանա, ուր նրանք ստացել են այլ անձանց իմիգրացիոն փաստաթղթեր: