Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը Հայաստանի Սահմանադրությանը հակասող է ճանաչվել։
«Սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԺ-ին և ՀՀ կառավարությանը իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»,–ասված է ՍԴ որոշման մեջ։
Հատկապես վերջին դրույթը զանազան մեկնաբանությունների տեղիք է տալիս։
Օրինակ, հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը կարծում է, որ պարտադիր բաղկացուցիչը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը։ Այդ կարծիքին ընդդիմանում են հայցվոր կողմի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Արծվիկ Մինասյանը՝ պնդելով, որ այդ ժամանակաշրջանը նրա համար է, որպեսզի ընդունված օրենսդրությունը համապատասխանեցվի սահմանադրությանը։
Իրավական հարցերի մեկնությունը թողնենք մասնագետներին, իսկ մենք կատարենք մի քանի քաղաքական դիտարկում։
Առաջին, ՍԴ որոշումը գոնե ժամանակավորապես դադարեցրեց կենսաթոշակային համակարգի բարեփոխումը։ Քաղաքական ու հասարակական էլիտաները մերժեցին կառավարության առաջարկած բարեփոխման մոդելն՝ առանց այլընտրանքային մոտեցումների։ Կենսաթոշակային «սերունդներ համերաշխության» մոդելն իրեն սպառել է և, վաղ թե ուշ, հարուցելու է ֆորսմաժորային իրավիճակներ։
Երկրորդ, ՍԴ–ի որոշումը դրական է՝ դատական իշխանության անկախության ցուցադրման տեսանկյունից, սակայն ակնհայտորեն ազդված է քաղաքական կոնյուկտուրայից ու տեղավորվում է իշխանություն–խորհրդարանական ընդդիմություն այսօրվա հարաբերությունների համատեքստում։
Երրորդ, ՍԴ–ի որոշումը տակտիկական քայլ էր՝ ուղղված հասարակական դժգոհության լիցքաթափմանը՝ կառավարության անվստահության ընդդիմության նախաձեռնությունից ու եռօրյա հանրահավաքներիցից առաջ։ Իրականում՝ իշխանությունը չի հրաժարվել կենսաթոշակային համակարգի բարեփոխման իր մոտեցումից։
Չորրորդ, ընդդիմությունը ՍԴ որոշումը օգտագործելու է որպես «փոքր հաղթանակի» գործոն՝ իր նախաձեռնության շուրջ հասարակական համախմբում կազմակերպելու համար։
Մի խոսքով՝ ՍԴ որոշումը՝ մեկի հաղթանակը կամ մյուսի կապիտուլյացիան չէ, այլ՝ այսօրվա իրավիճակն ամրագրող ու որոշակի զարգացումներ ամրագրող հարթություն։
ՍԴ–ի որոշման քաղաքական ստվերը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet