«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ ««Կրթություն» շաբաթաթերթը դադարեցնում է գործունեությունը։ Այս մասին օրեր առաջ շաբաթաթերթի վերջին համարում տեղեկացրել է հենց թերթի խմբագիր Գագիկ Մինասյանը, որն իր խմբագրականում այս փաստը որեւէ կերպ չի բացատրել, միայն հղում է արել այն ընդհանուր միտումին, որ այսօր «տպագիր թերթը մեզանում օր-օրի հեռանում է ասպարեզից, եւ աստիճանաբար ավելի մեծ տեղ է զբաղեցնում առցանց լրատվամիջոցը, համացանցը՝ իր հզոր տեղեկատվական շտեմարաններով ու մատուցման արագությամբ»: Գ․ Մինասյանը, ի դեպ, շուրջ 20 տարի լույս տեսնող շաբաթաթերթի խմբագիրն է, նա իր խմբագրմամբ հրատարակված 1036 համարները նվիրել է Ավարայրի ճակատամարտի մեր սուրբ նահատակներին, քանի որ, ինչպես Եղիշեն է վկայել, ճակատագրական այդ մարտում մենք ունեցել ենք 1036 զոհ։
Ի տարբերություն Ավարայրի ճակատամարտի, դժվար է ասել, թե ինչ բարոյական հաղթանակ են տանելու կրթության ոլորտի մերօրյա պատասխանատուները՝ դադարեցնելով մի քանի տասնամյակների պատմություն ունեցող կրթական պարբերականի ֆինանսավորումը։ Ու սա՝ այն դեպքում, որ կրթության նախարարությունն է եղել թերթի հիմնադիրը, եւ այսօր էլ այն հանդիսանում է ԿԳՄՍՆ պաշտոնաթերթը։
ԿԳՄՍՆ-ից հորդորեցին մեզ գրավոր հարցում ուղարկել եւ հրաժարվեցին բանավոր պատասխանել, թե որն է պատճառը, որ պարբերականն այլեւս լույս չի տեսնելու, արդյոք այս հանգամանքը պայմանավորվա՞ծ է նրանով, որ նախարարությունը դադարեցրել է ֆինանսավորումը։ Թերթի խմբագիր Գագիկ Մինասյանի հետ հնարավոր չեղավ կապ հաստատել` թե՛ թերթի, թե՛ անձնական հեռախոսահամարներն անհասանելի էին։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ «Կրթություն» թերթն իր ժամանակ է հիմնադրվել` 1997-ին, մինչ այդ` 94-97 թվականներին կոչվել է «Դպրոց» (խմբագրել է Արմինե Օհանյանը), ավելի վաղ` «Դպրություն», ավելին՝ 90-ականներին այստեղ թղթակցել ու աշխատել է նաեւ ներկայիս վարչապետ, նախկին խմբագիր, լրագրող Նիկոլ Փաշինյանը։ «Ես մինչեւ 2005 թվականն եմ աշխատել, ինձնից հետո Գագիկը եկավ խմբագիր։ Մեր ժամանակ ֆինանսավորումը տարբեր էր, եղել է փուլ, որ մեզ ֆինանսավորել են, բայց ո՛չ բյուջեից, ստացել ենք բարեփոխումների շրջանակում, որպես լուսաբանման գումար, իսկ դա ԾԻԳ-ն էր աջակցում»,- ասում է զրուցակիցս ու հավելում, որ շաբաթաթերթն իր ֆինանսական միջոցները գոյացնում էր նաեւ թերթի բաժանորդագրությունից, վաճառքից։ Ընդ որում, հանրապետության բոլոր դպրոցները, հազարավոր ուսուցիչներ գնում էին թերթը, որտեղ մասնագիտական նյութեր, նախարարության հրահանգներն էին նաեւ հրապարակվում:
Նա ցավալի է գնահատում շաբաթաթերթի տպագրության դադարեցման փաստը։ «Եթե հիշում եք, վերջերս Աննա Հակոբյանը՝ չեմ հիշում, թե ուր էր գնացել (Գերմանիա` Ս. Ա․), մի կնոջ էր նկարել՝ սրճարանում նստած թերթ կարդալիս, ու մոտավորապես այսպիսի գրառում էր արել, որ այստեղ դեռ թերթ են կարդում․․․։ Ես սիրում եմ տպագիր թերթ կարդալ, որովհետեւ թղթից կարդացածն ու էկրանից կարդացածը դրանք նույն բանը չեն, սա նաեւ այլ մշակույթ է»,- ասում է Ս․ Խաչատրյանն ու ցավով արձանագրում, որ վերջին շրջանում շատերն իրենց պաշտոնաթերթերից հրաժարվեցին ու փակեցին դրանք, այդ թվում՝ ԵՊՀ-ն։ Ավելին՝ որքանով տեղյակ է, հիմա միայն Մանկավարժական համալսարանն ունի պաշտոնաթերթ։ «Նույն ձեւով 2019-ին փակվեցին Կրթության ազգային ինստիտուտի գիտամեթոդական ամսագրերը, որն էլի շատ ափսոս էր»,- հավելում է Խաչատրյանը։
Վերջում արձանագրենք միայն, որ սա ոչ միայն վերաբերմունք է մամուլի, թերթի նկատմամբ, այլեւ պետական քաղաքականության դրսեւորում կրթության հանդեպ, ինչքան էլ որ պաշտոնական մակարդակով ու ամենատարբեր հարթակներից կրթությունը հռչակվում է ռազմավարական նշանակության կարեւորություն, փոքրիկ գումար չեն գտնում՝ այդ թերթը պահելու համար, իսկ ինչքան փող են քամուն տալիս անիմաստ ծրագրերի համար։ Այդուհանդերձ, նաեւ այսպես են արժեւորում կրթությունը՝ ավանդույթները պահպանելով, տասնամյակների պատմություն ունեցող շաբաթաթերթը պահելով, կրթությունը լուսանցքից հանելով ու դարձնելով գործոն, ստեղծելով օրակարգ, ի վերջո դարձնելով այն իսկապես «նորաձեւ»՝ ինչպես վերջին ամիսներին թմբկահարում է տիկին Հակոբյանը՝ ամենատարբեր հարթակներից հեգնելով ու դասեր տալով մարդկանց, ովքեր խարխափում են «տգիտության ճիրաններում» եւ հրաժարվում են «փրկվել»՝ կրթվելով ու կրթելով»։