ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՐՁՐ ԴԻՐՔ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԴԸ ԵՐԲԵՔ ՆԱԽԿԻՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ, ՆԱ ՄԻՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ Է
Այս միտքը ծնվեց այն բանից հետո, երբ լսեցի Արամ Զ. Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանին հղած ,,հորդորն,, ու ,,խորհուրդը,,...
Իհարկե, զարմացա, երբ լսեցի այն մասին, թե Վազգեն Սարգսյանի եղբայրը տևական ժամանակ քաղաքականության մեջ է եղել... Հարթակներից հեղվող ափեղցփեղության հասնող հայհոյանքներն իշխանությունների հանդեպ չեն նշանակում քաղաքականության մեջ լինել: Քաղաքականությունը շատ ավելի լուրջ բան է, քան կարող է պատկերացնել բախտի բերմամբ վարչապետ դարձած, ապա այդ պաշտոնից վռնդված անձը...
Ավելին, արդեն լավ գիտենք, թե հատկապես ովքեր են մոլեգնորեն հայհոյում իշխանություններին և ինչ շահերով են առաջնորդվում:
Հատկապես Սերժ Սարգսյանը կարողացավ մեծագույն վարպետությամբ ,,ժողովրդական նվագարանների նվագախումբ,, ստեղծել՝ առաջնությունը տալով դհոլներին: Եվ այդ դհոլներն այսօր իշխանությունների թեզանիքներն են լիզում և օգտվում բոլոր բարիքներից:
Արամ Զ. Սարգսյանի հեռացումը հանրահավաքային պայքարից, այսպես կոչված գավառական տրուբադուրի պաշտոնից՝ վկայությունն է այն բանի, որ ստացել է իր բաժին բլիթներն ու անցել իշխանության թրի տակով, որովհետև իշխանության մեջ բարձր պաշտոն զբաղեցրած մարդը երբեք չի կարող դուրս լինել այդ իշխանությունից...
Իսկ Գագիկ Ծառուկյանին, որն, իսկապես և՛ խորհուրդների, և՛ հորդորների կարիքն ունի, կարող են խորհուրդներ տալ միայն նրանք, ովքեր գոնե իրենց կենսափորձով, իրենց նկարագրով և ինտելեկտուալ կարողություններով բարձր կանգնած լինեն իրենից: Այդ դեպքում խորհուրդներն արժեքավոր կլինեն:
Թե չէ Արամ Զ. Սարգսյանի մակարդակի մարդիկ թափված են ամենուրեք, որոնք շատերը չեն էլ նկատում կամ հռհռում են՝ նրանց արտաբերած անգրագիտությունները լսելիս:
...Վազգենն իմ ընկերն էր, պարզ ու շիտակ գեղջուկ տղա էր՝ գեղջկական ազնվությունը պահպանած: Համոզված եմ, եթե լսեր բախտի կողմից երես տրված իր եղբորը՝ կապտակեր, չէր հանդուրժի ելնել ժողովրդի դեմ, նրա՝ ազատ ապրելու ձգտումների դեմ: