▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոց»-ում ձերբակալված մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին ազատ է արձակվել, բայց չի կարող լքել երկիրը

Երեք օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված հայտնի մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին այսօր ազատ արձակվեց։ Դա նշանակում է, որ ՌԴ իրավապահները նրան կալանավորելու միջնորդություն Հայաստանի դատախազություն չեն ուղարկել, հաղորդում է «Ազատությունը»։
Վերբիցկին, սակայն, չի կարող հեռանալ Հայաստանից, ինչն, ըստ փաստաբանի՝ պայմանավորված է ՌԴ կողմից նրան առաջադրված մեղադրանքով և հայտարարված հետախուզմամբ։ Քանի դեռ գիտնականը հետախուզվում է, Հայաստանը նրան չի կարող թույլ տալ հատել սահմանը։ Մաթեմատիկոսն «Ազատությանն» ասել է՝ հետադարձի տոմս ունի դեպի Իսրայել, բայց ստիպված կմնա այստեղ։

«Հենց օդանավակայանում ձերբակալեցին, ձեռնաշղթաներ անցկացրեցին, տարան ճաղերից այն կողմ՝ ձերբակալվածների պահման վայր: Սկզբում ոչինչ չասացին, հետո հայտնեցին, թե կտեղափոխեն Ռուսաստան: Ձերբակալեցին, քանի որ ինձ Ռուսաստանը հետախուզում է: Ես սրա մասին գիտեի, բայց չգիտեի, որ Հայաստան գալով՝ կձերբակալվեմ, Հայաստանի մասին լավ բաներ եմ լսել, անսպասելի էր, քանի որ շատ ամերիկյան ու անգլիական լրագրողներ, գրողներ են հետախուզվում, որ գային Հայաստան, կձերբակալվեի՞ն, չէի սպասում»,- տարակուսել է նա:

Գլխավոր դատախազությունը դեռևս չի հաղորդում, թե ՌԴ-ից ի՞նչ փաստաթղթեր է ստացել Վերբիցկիի վերաբերյալ:

Միխայիլ Վերբիցկին նշել է՝ ենթադրում է, թե ինչի համար են իրեն մեղադրում. «Իբր ես կասկածի տակ եմ դրել «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության բացահայտման արդյունքները: Իսկապես այդպես է, քանի որ ահաբեկչության համար մեղադրվողների ականջներն են կտրել, աչքերն են վնասել, ծեծել են, ահավոր է, և ես ոչ թե կասկածի տակ եմ դրել հետաքննության արդյունքները, այլ՝ թե ինչպես է դա տեղի ունենում՝ մարդկանց ականջներն ու աչքերը վնասում, ծեծում են, և այդ ամենը ցուցադրում են հեռուստատեսությամբ, ասում են՝ լավ է, հիանալի է»,- ասել է մաթեմատիկոսը:

Հայտնի մաթեմատիկոսը բնակվում է Ռիո դե Ժանեյրոյում, ասել է՝ լավ աշխատանք ունի Ռիոյի համալսարանում. «Եթե այստեղ ինտերնետ ունենամ, ապա կարող եմ հեռավար աշխատել»:

Հարվարդի համալսարանում դոկտորի կոչում ստացած և միջազգային համալսարաններում դասավանդող 56-ամյա Վերբիցկուն Ռուսաստանը որոնում է 2025-ից:

Նրա պաշտպան Վաչե Սիմոնյանը պատմել է՝ Հայաստանի սահմանն անցնելիս են Վերբիցկուն հայտնել, որ ռուս իրավապահները նրա դեմ գործ են հարուցել ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով և հետախուզում հայտարարել:

Գիտնականն ակտիվորեն քննադատում է պուտինյան ռեժիմն ու Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին