Հայաստանի խեղված իրականությունում շատ բաներ կան, որոնց հետ վաղուց արդեն համակերպվել ենք ու անտեսելու ենք տալիս, բայց կան բաներ, որոնք անգամ Երանոսյան Լյովայի համար անելը ռիսկային է՝ անկախ դրդապատճառներից։
Օրինակ՝ երբ ողջ հասարակությունը չարացած գվգվում է՝ ազատամարտիկների վրա տեղ գտած հարձակումների աննախադեպ դեպքերից, ամենևին էլ խելացի գաղափար չէր Երանոսյանի կողմից՝ իշխանություններին ու անձամբ Սերժ Սարգսյանին հաճոյանալու խաթեր, հայտարարել, որ ով իր ներկայությամբ երկրի նախագահի հասցեին բան ասի, շան թուլի պես ականջները կկտրի։
Ես չգիտեմ, գուցե Երանոսյանն այլ բան է ի նկատի ունեցել, բայց շատերը սա դիտարկում են որպես բավականին լպիրշ խոստովանություն, որ ազատամարտիկներին «պատժողն» ինքն է եղել։
Կամ Երանոսյանից քավության նոխազ են սարքում, կամ ինքն է կամավոր իր վրա վերցնում այդ բեռը, կամ էլ իրոք ադեկվատության կորուստի հետ գործ ունենք։ Չի կարելի նման արտահայտություններ անել ու առավել ևս, չի կարելի բռնություններ կիրառել, հատկապես՝ ազատամարտիկների հանդեպ, սա լուրջ կոնֆրոնտացիա կարող է ստեղծել ինչպես ուժայինների շրջանում, այնպես էլ հասարակությունում։ Բացի դրանից, Երանոսյանն իր այս հայտարարությամբ վստահաբար ավելի շատ վնասեց Սերժ Սարգսյանին ու իշխանություններին, քան օգուտ տվեց ու դեռ հարց է, թե ինչ կստանա նա սրա դիմաց։