▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» գեղարվեստական նախագիծը «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում

Մարտի 13-ին «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնը հանրության առջև կբացի ճանաչված արվեստագետ Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագծի ցուցադրումը, որը կտևի մինչև մայիսի 31-ը: Ցուցահանդեսի համադրողն է Նազարեթ Կարոյանը, ով նաև հեղինակել է այս առթիվ Կենտրոնի կողմից լույս ընծայած պատկերագրքի ներածականը, իսկ լուսանկարների հեղինակն է Գերման Ավագյանը:

Սահակ Պողոսյանի նախագծի ցուցադրումը «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում կարևոր նախադեպ է, որն ազդարարեց Հայաստանի ժամանակակից արվեստի առջև Կենտրոնի բացվելու հայտը:  

Սահակ Պողոսյանը Եղեռնից մազապուրծ եղած իր նախնիների երրորդ սերնդի ներկայացուցիչն է, ում կենսագրությունը բաժանված է արևմտյան և արևելյան աշխարհների միջև: «Մեծ մորս աչքերի լռությունը» վերջին երկու տարիների ընթացքում արվեստագետի ստեղծած ամենախոշոր նախագիծն է, որում նա, սեփական զգացողություններն ու հուշերը արթնացնելով «համր առարկաների» միջոցով, խոսեցնում է դրանք… խոսեցնում, գուցե, Եղեռնը տեսած իր մեծ մոր փոխարեն, ով չէր պատմում, չէր խոսում այդ մասին:

Նախագիծը բաղկացած է 11 օբյեկտ-պատկերներից: Դրանցից 9-ը պարաֆինով պատած-զմրսած, հին մինդարներից, որոնք արվեստագետը հավաքել է գյուղերից, հավաքված «կոլաժներ» են: Մինդարն ինքը, որ շատ ազգերի հնագույն ավանդական մշակույթներում հայտնի է որպես «պեչվորք» կամ “лоскутное одеало”, գունագեղ կտորտանքներից հավաքված տեքստիլ կոլաժ է: Այդ կտորտանքները իրենց հետ բերում են հին պատումներ, հավաքվում-վերագործարկվում նոր կարված վերմակի վրա որպես նոր կյանքի խորհրդանիշ, որը, սակայն, կտորտանքների մեջ պահպանում է հնի հուշը: Մինդարը հայտնի մշակութային արքետիպ է: Սահակ Պողոսյանը, սակայն, սովորաբար աշխատում է նաև իր կերտած սեփական արքետիպերի հետ, որոնք յուրաքանչյուրի համար ըմբռնելի ու հարազատ են այնքան, որ համընդհանուր իմաստ են ձեռք բերում: Այսպիսին են, թերևս, ոչ միայն գունագեղ մինդարներ իպատառիկները, այլև արվեստագետի մեծ մոր փիրուզե քարով ականջօղերը, որպիսիք ունեին շատ կանայք, որովհետև հայ ընտանիքներում սովորաբար մեծ մոր ամենանվիրական զարդը փոխանցվում էր աղջկան, թոռնուհուն և այլն: Շարքի երկու՝ առանցքային օբյեկտներում մշակութային զմրսիչ-պառաֆինը ծածկվում է մազութի շերտով: Մազութի մեջ ընկղմված են արվեստագետի մեծ մոր ականջօղերի մեծացրած մոդելները: Ականջօղերի փիրուզ քարն է, որն զուգորդվում է աչքերի հետ. նրանք ասես խեղդվել են մազութի մեջ կամ քարացել-սառել են, ինչպես զարհուրելի մի բան տեսնող, անասելի ցավ ապրող մարդն է աչքերը հառում ու քարանում… Նրանցից շատերը չէին խոսում անգամ տասնամյակներ անց, երբ ցավը կարծես բթացած պետք է լիներ, սարսափի ապրումը՝ փարատված, նրանք չէին խոսում, սակայն նրանց աչքերում դաջված էր անանցանելի ցավը: Նրանցից շատերի՝ մեր տաճկահայ տատիկների ու պապիկների աչքերը երկնագույն էին… Հիմա Արվեստագետն է խոսում նրանց փոխարեն, նրանց համար, ինքներս մեզ համար, սերունդների ու աշխարհի համար…

Որքան էլ դաժան հնչի կամ սրբապղծության նմանվի հետևյալ միտքը, սակայն անվիճելի է, որ Եղեռնը հայ իրականության մեջ նոր մշակույթ ձևավորեց, արվեստում նոր ուղղություն բերեց, նաև՝ դեռ խորհրդային տարիներին նոր-ազգայնական կոնյունկտուրա առաջացրեց…  Այսօր խոսել Եղեռնի մասին թեմատիկ-սյուժետային միջոցներով, սպառված պլակատային կլիշեներով առնվազն խնդրի շահարկում կլիներ, ինչը շարունակելով խորհրդային ավանդույթը, հաճախ այսօր էլ է տեղի ունենում:

Ըմբռնելով Եղեռնի մշակութային խոր իմաստը, ժամանակակից լեզվով խոսացող արվեստագետը վարվում է պարաֆինի սկզբունքով. նա զմրսում է պատկեր-հուշը, հասցնում այն արքետիպի նշանակության, սակայն չի ոչնչացնում պատկերը անթափանց մազութի պես, այլ թույլ տալիս, որ այն, թաքնվելով հանդերձ իր շերտի ներքո, թափանցի, ինչպես տասնամյակների խորքից թափանցում է հուշը, վերապրած զգացողությունը, արտաբերվում չասված խոսքը:

Պարաֆինն ու մազութը. Եղեռնին նվիրված «Մեծ մորս աչքերի լռությունը» Սահակ Պողոսյանի նախագծում բերված հակադիր իմաստներ կրող սուբստանցներ: Մեկը՝ մշակութային զմրսիչ, որը, թեպետ և մածուցիկ, բայց թափանցիկ է, մյուսը՝ քաղաքական զմրսիչ, սև ու անհաղորդ, որն իր մեջ է խեղդում պատկերը (մշակույթը), ծածկում այն: Երկուսն էլ նավթամթերք են, այն նյութի վերամշակման արդյունքը, որը արևմտյան և արևելյան աշխարհների հակամարտության կռվախնձորն էր հարյուր տարի առաջ և այսօր…

Լիլիթ Սարգսյան 

Լուսանկարները` Գերման Ավագյանի 

72157650900036049

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին