▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն անվստահելի դաշնակից է

Համաձայնեք, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության քննարկումը դարձել է առաջնայինը բոլոր լրատվամիջոցների համար:

Սկսած Հայաստանի անդամակցության ձգձգումից, այն Ղարաբաղյան հիմնախնդրի, Ուկրաինայի և նրա շուրջ տեղի ունեցող դեպքերի հնարավոր զարգացումների ու հետևանքների հետ կապելուց, վերջացրած նաև անհեթեթ եզրակացություններով և ենթադրություններով: Քանի կար որոշ ուժեր «քամակները ճղում էին», թե ինչու ՄՄ, ինչու ԵՏՄ, ռուսները «քըխ են», ամերիկացիները, եվրոպացիները՝ պուպուշ…Հիմա էլ` անընդհատ լալահառաչ մեկնաբանում են. էլի չմտան, էլի չստորագրվեց, էլի ժամկետ փոխվեց, էլի ձգձգվեց…

Փորձեմ վերլուծել այն հիմնական պատճառները, որոնք մեզ հանկարծակի ու արագ ստիպեցին շեղվել դեպի ՄՄ, դեպի ԵՏՄ…

Նախ` Ռուսաստանին պետք էր հասկացնել, հուշել Ուկրաինային, Մոլդովային, ինչու չէ, նաև Վրաստանին, որպեսզի չստորագրեն Ասոցացման համաձայնագիրը: Ու այդ հասկացնելու առաջին քայլը պետք է լիներ Հայաստանի հայտարարությունը ՄՄ մտնելու վերաբերյալ… Այդ դերում Հայաստանից բացի, ոչ ոք չէր կարող հանդես գալ, քանի որ Հայաստանը ռազմաքաղաքական, տնտեսական նկատառումներով ամենախոցելին և կառավարելին է:

Երկրորդ` Հայաստանն այդ միությունում կրկին պետք է ռուսներին որպես դաշնակից, որպես միջոց, որպեսզի հարցերի քննարկման ժամանակ մշտապես պաշտպանի իրեն, պաշտպանի Ռուսաստանի շահերը քվեարկությունների, քննարկումների ժամանակ:Նազարբաևը և Լուկաշենկոն արդեն հիմնականում ինքնուրույն խաղացողներ են և ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում արդեն զգացվում է, որ փորձում են Ռուսաստանին հիշեցնել, որ ինքն առաջվանը չէ և իրենք պետք են ռուսներին ու կարող են ունենալ իրենց շահերը, նպատակները: Իսկ դա ռուսներին ամենևին էլ ձեռնտու չէ…

Իսկ ղարաբաղյան հարցը գուցե մի փոքր խանգարող հանգամանք է այս միությանը, սակայն ավելի շատ պատրվակ Բելառուսի, Ղազախստանի և Ադրբեջանին ճնշելու, ԵՏՄ բերելու միջոց` Ռուսաստանի համար… Ռուսաստանը ցայտնոտի մեջ է, Ղրիմից հետո մի փոքր սպասողական, վախվորած, ուստի նրան առայժմ նոր սրացումներ, նոր բարդություններ պետք չեն: Նրա ռեսուրսները հաստատ բավարար չեն այդ լուրջ խնդիրները լուծելու, ուստի Հարավային Կովկասում նրանք առայժմ սպասողական, համոզելու, նախնական բանակցային փուլում են:

Ռուսաստանի նախաձեռնած այս միությունները, ըստ իս, վտանգված են կամ դեռևս բավականին «խակ» ու լուրջ խնդիրներ, տարաձայնություններ կան, որոնք երկար ժամանակ են պահանջում քննարկելու և լուծելու: Նրանք, որոնք հետևել են իմ գրառումներին, հավանաբար հիշում են, որ ես գրել էի. ինչքան ձգձգվի ԵՄ-ին, ԵՏՄ-ին անդամակցությունը, այնքան լավ: Այնքան կորոշակիանա և ժամանակ կշահենք, կկողմնորոշվենք, կփորձենք խաղալ «եվ-եվ»-ի կամ այլ հնարավոր տարբերակների վրա…Հիմա ի՞նչ եք ուզում...Ինչո՞ւ եք անընդհատ աղմուկ բարձրացնում...Լավ չի՞, որ չի ստորագրվում...Հա, հասկացա, ուղղակի իշխանություններին «կծելու» հերթական ցանկությունն է դա…Բայց համբերեք, կծելու տեղեր կճարեք դեռևս…

Ուղղակի մի բան հիշեցնեմ, որ մեծ տերություններն իրենց շահերն ունեն ցանկացած իրավիճակում և մի ինչ-որ պահից կարող են մեջքով շրջվել, երբ զգան, որ դա իրենց երկրի շահերին թեկուզ մի նշույլ իսկ հակասում է:

Անվստահելի դաշնակից է Ռուսաստանը` այդպես եղել է դարեր շարունակ, և ոչ միայն մեզ հետ, սակայն անվստահելի է նաև Արևմուտքը…
Ե՞լքը...Իմ կարծիքով ելքը միասնությունն է` Հայրենիք, Սփյուռք, Արցախ, քաղաքական բոլոր ուժերի կողմից ռազմաքաղաքական, տնտեսական ծրագրի մշակումը, բոլոր ուժերի համախմբումը, պետության հզորացումը, տնտեսության զարգացումը:Այլ ճանապարհ և այլ հնարավորություն մենք չունենք…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին