Դիտեք նաև՝
«Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը միշտ էլ տարբերվել է, ոչ միայն իր մատուցած երաժշտության, այլև իր հնչեցրած մտքերի շնորհիվ:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նա անկեղծացել է իր ոչ արտիստ լինելու, քաղաքացիներին «գեղցիներից» տարբերելու և շոու-բիզնեսի ներկայացուցիչների ծիծաղելի լինելու մասին:
-Տարածված կարծիքի համաձայն Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցները նախընտրում են 6/8 լսել: Հետաքրքիր է, ինչպե՞ս է Ձեզ հաջողվել հայկական ռեգգիով գրավել Մոսկվայի հանդիսատեսին: (Հիշեցնենք, որ «Ռեինկարնացիա»-ն ապրիլի 19-ին Մոսկվայում մենահամերգով է հանդես գալու)
-Եթե մենք ինչ-որ մի բանով գրավել ենք, ուրեմն դա անկեղծությունն ու հայկական լինելն է, իսկ երաժշտության ոճը ու դրա 6/8 լինելը որևէ կապ չունի: Կարևորը երաժշտությունը որակյալ լինի:
-Արտիստներից հաճախ ենք լսում այդ տեսակետը, որ իրենք հանդիսատեսին գրավել են հենց անկեղծությամբ: Ի վերջո, կբացատրեք ի՞նչ ասել է արտիստի անկեղծություն:
-Ես արտիստ չեմ, ես երևանցի տղա եմ, որն ունի սկզբունքներ, իր գաղափարները կիսող շատ մարդիկ: Ես ոչ մեկի սիրտը գերելու կամ ինձ գովազդելու կարիք չունեմ:
-Իսկ որո՞նք են այդ երևանցի տղայի սկզբունքները և գաղափարները:
-Հիմա եթե ես բացատրեմ, թե ինչ է ինձ համար անկեղծությունը, դա արդեն ԱՐԺԵՔԻՑ կվերածվի ԻՆՉ-ի, իսկ դրանք տարբեր բաներ են: Նույն ձևով չեմ կարող բացատրել, թե ինչ է ինձ համար սերը կամ երաժշտությունը:
-Այդ դեպքում, եթե ցանկանում էիք սովորական երևանցի տղա մնալ, ինչո՞ւ ձեր երաժշտական գործունեությունն ավելի մասսայական դարձրեցիք:
-Մեր առաքելությունն այն է, որ մենք պետք է հիշեցնենք, թե ով ենք եղել, որտեղից ենք եկել ու որտեղ ենք գնում, որովհետև այսօր դա շատ մեծ խնդիր է: Իսկ մասսայականությունը լավ թիմի ու հանուն նպատակի աշխատելու արդյունքն է: Մարդկանց պարզապես դուր է գալիս և հոգեհարազատ է այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք:
-Ձեր հարցազրույցներից կարելի է ենթադրել, որ շոու-բիզնես ասվածին վատ եք վերաբերում: Նույնիսկ ասել եք, որ չեք ցանկանում դրա մասին խոսելով Ձեր բերանը կեղտոտել: Ի՞նչն է Ձեզ այդքան նյարդայնացնում շոու-բիզնեսում:
-Ծիծաղելի են, որովհետև եթե ծիծաղելի չլինեին տխուր կլինեին:
Շնորհիվ Մահարիշի Մահեշ Յոգի ինձ ոչինչ այս կյանքում չի նյարդայնացնում, ինչի համար իրեն շատ շնորհակալ եմ: Ես նույնիսկ չեմ նախըտրում սուտը, ոչ օրգանիկը և վատը:
-Կա՞ն փակ թեմաներ, որոնց մասին կցանկանայիք երգի միջոցով տեղ հասցնել հանդիսատեսին, սակայն չեք անում, որովհետև հանդիսատեսը դրան դեռ պատրաստ չէ:
- Ինձ համար փակ թեմաներ չկան, ես խոսում եմ այն ամենից, ինչի մասին մտածում եմ ու հենց դրանով էլ պայմանավորված է իմ եսը: Հանդիսատեսը միշտ պատրաստ է, մնում է լավ բան տանք:
-Ձեզ անվանելով երևանցի տղա`ասել եք, որ Երևանն այլևս այն չէ: Ի՞նչն է Ձեզ հիասթափեցնում, և արդյո՞ք այդ հոգեվիճակն ազդում է Ձեր երաժշտության վրա:
-Ինձ հիասթափեցնում են Երևանի մասին սուտ երգերը, որոնք մի քանի տոննայով են գալիս: Ցավոք սրտի, նույնանման բան էլ կա Երևանում ապրող մարդկանց մեջ: Մնացած առումով Երևանը նույնն է, մարդիկ են տարբեր:
- Ի՞սկ այդ մարդկանց կողքին ապրել և այդ մարդկանց համար ստեղծագործելը հեշտ է:
-Քաղաքի մասին երգելուց առաջ պետք է առաջինը քաղաքացի, ոչ թե «գեղցի» լինես:
Ես այլևս այդ մարդկանց կողքին չեմ ապրում, հիմա գյուղում եմ բնակվում և այդ ամեն ինչին հեռվից եմ նայում, որ աչքերս փուշ չմտնեն: Իսկ այդ մարդկանց կողքին ապրելը նույնիսկ հետաքրքիր է, որովհետև եթե իրենք չլինեն կինոն հետաքրքիր չի լինի, բացի դրանից նրանց շնորհիվ գրելու թեմա ենք ունենում:
-Ու հեռվից նայելով ի՞նչ եք տեսնում: Կինոյի հերոսները ինչպիսի՞նն են հեռվից:
-Ես բոլորի համար եմ ստեղծագործում` մարդկանց ովքեր մարդ են և մարդկանց, ովքեր դեռ չգիտեն, որ իրենք մարդ են:
-Եվ վերջին հարցը: Դուք բավական կտրուկ եք Ձեր դիրքորոշումներում: Արդյո՞ք երբեմն չեք մեղադրվում, որ Ձեր հնչեցրած համարձակ մտքերի պատճառով ուղղակի փորձում եք Ձեր անձի հանդեպ հետաքրքրությունը մեծացնել:
-Մենք միշտ օգտագործում ենք մեսիջը (հաղորդագրություն) ճիշտ տեղ հասցնելու բանաձևը:
Իսկ թե ինչ միջոցներով, դա արդեն ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս: Կարևորը լսողը շատ լավ տարբերում է թացը չորից, թող ոչ մեկ չասի, որ ինչ տաս դա էլ «ուտում է» ժողովուրդը: