Այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2013թ.-ի իր տարեկան զեկույցը։ Առաջին խնդիրը ոստիկանական բաժիններում խոշտանգումներին է վերաբերում. «Բռնություններն էապես նվազել են 2013-2014-ի առաջին կիսամյակի տվյալներով: Բայց դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որ անի իր գործը: 365 բողոք է եղել քաղաքացիներից, որտեղ նշվում է, որ ոստիկանական բաժիններում ծեծում են իրենց, բռնություն են գործադրում։ Եվ այս դեպքերից միայն 12-ում է, որ գործ է հարուցվել կամ գործը գնացել է առաջ»։
Անդրեասյանի խոսքով՝ պետք է տեղադրել տեսաձայնագրող սարքեր՝ ոստիկանական համապատասխան բաժիններում:
«Ի պատասխան մեր առաջարկությանը՝ տեղադրել են խցիկներ, որոնք օնլայն ռեժիմով ցույց են տալիս, թե այնտեղ ինչ է կատարվում: Իսկ խցերում, որտեղ կարող են ապտակել, ծեծել, չկա այդ ձայնագրող սարքը»,-նկատեց պաշտպանը:
Նրա խոսքով՝ կա համատարած մի երևույթ.կասկածյալին քննությանը ներգրավում են որպես վկա, ինչ իրենց պետք է՝ քաշում են, հետո նոր փոխում են նրա քրեադատավարական կարգավիճակը:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որոնք շրջում են ցույցերի, երթերի կամ խաղաղ հավաքների ժամանակ: Նա նշում է՝ պահանջի դեպքում այս խնդիրը կկարգավորվի:
Կարեն Անդրեասյանն անդրադարձավ նաև առողջապահության ոլորտին: «Բժշկական սխալը մինչ օրս չի ձևակերպվում: Ի՞նչն է դրա պատճառը: Որևէ մեկը չի ուզում լսի մեզ: Կան ցրված սկլերոզով մարդիկ: Պետության բյուջեն չի պայթի, եթե այդ մարդկանց տրվի անվճար դեղորայք և բժշկական օգնություն»:
Ինչ վերաբերում է պտղի սեռով երեխայի կյանքի ընդհատմանը, ՄԻՊ-ը նկատեց. «Պետք է առաջարկել իրավական կարգավորում, որը հարցը կլուծեր և մեր աղջիկ երեխաները ի սկզբանե չէին մորթվի բժիշկների կողմից»:
Խոսելով ուսխորհուրդների մասին՝ Կարեն Անդրեասյանը նկատեց.
«Արդեն որերորդ տարին է՝ դիմում ենք ԿԳՆ-ին, որ պետք է ապաքաղաքականացնել ուսխորհուրդները: Սա դժվար խնդիր չէ, ուղղակի պահանջվում է քաղաքական կամք»,-եզրափակեց Մարդու իրավունքների պաշտպանը:
Անի Կարապետյան