«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ես կողմ եմ ամեն ինչում կրեատիվ մոտեցումներին, բայց դեմ եմ պետական պաշտոնն ու կարգավիճակը չարաշահելուն, այդ պաշտոնը զավեշտի ու խեղկատակության վերածելուն:
Երբ Նիկոլ Փաշինյանը 18-ից սկսեց լայվեր մտնել ու սելֆիներ անել, շատերն էին նրան քննադատում, բայց դա դեռ կարելի էր հանդուրժել, իսկ երբ որոշեց իր կնոջ հետ ընտանեկան զրույցներ սկսել եւ դրանց անունը դրեց «պոդքաստ-1», «պոդքաստ-2»... հասկանալի դարձավ, որ հիվանդությունն անհույս խորացել է:
Գոնե եթե պոդքաստ` գրագետ, իմաստուն, ասելիք ունեցող մարդկանց կարելի էր հավաքել, երկրի համար անկյունաքարային հարցերի հրապարակային քննարկումներ կազմակերպել:
Այլեւս պարզ է, որ մարդն իսպառ կորցրել է իրականության զգացումը եւ կարծում է, թե իրենց ամեն ինչ թույլատրելի է:
Պետության ղեկավարի պաշտոնի լրջությունն ու պատասխանատվությունն այդպես էլ չգիտակցած անձին թվում է, թե վարչապետի պաշտոնը բլոգերի, տիկտոկերի, խմբագրի, ընդդիմադիրի, կլոունի կարգավիճակների յուրօրինակ միքս է` ինքը կարող է ողջ օրը լայքեր ու դիտումներ հաշվել, եթերում «հավայի զրույցներ» վարել, հեծանիվ ու պոդքաստ վարել` արհամարհելով հանրային բացասական կարծիքը:
Իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն լինեին, կարող էին անգամ «Անկողնուց զրույցների» շարք անել, որոնք ժամանակին արել է աշխարհահռչակ զույգը, բայց այդ զրույցներն էլ բովանդակություն ունեին` ընդդեմ պատերազմի, հանուն խաղաղության: Իսկ ի՞նչ մեսիջ է փոխանցում իշխանական պոդքաստը, բացի հայկական պետությունը վարկաբեկելուց, մեր իրավիճակի ողջ ողբերգականությունն ի ցույց դնելուց:
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ որեւէ երկրի ղեկավար նման պոդքաստներ վարեր եւ մեկ շաբաթից ավելի մնար իշխանության գլխին:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են մտածում Հայաստանի ու նրա ղեկավարի մասին այս պոդքաստը նայող այլ պետությունների քաղաքացիները, ղեկավարները:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան ժամանակ ու էներգիա է խլում այս համացանցային գործունեությունը Փաշինյանից եւ ինչքան է վնասում մեր պետությանը: