Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը 7-րդ անգամ աճուրդի հանվելուց և գնորդ չգտնելուց հետո հանձնվեց Պաշտպանության նախարարությանը: Ավելին` վերջերս պարզ դարձավ, որ այն գնահատվել է բազմաբնակարան շենքի մեկ քմ–ի արժեքը հիմք ընդունելով:
«Ադամանդը տանում, գնահատում են հասարակ ցերկոնի գնով: Մարզահամերգային համալիրը բնակարան չէ, նմանատիպ կառույց տարածաշրջանում չկա»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը` նշելով, որ գնահատումն իրականում աբսուրդ է և այն տեղի չի ունեցել:
«Գնահատել են կես գնով: Գնահատողը մտնում է շենք` դռները փակ, լույսերն անջատած: Կես ժամ պտտվում է փակ սենյակների կողքով ու գին որոշում` 1 քմ-ը` 1200 դոլար: ՄՀՀ մեծ դահլիճի առաստաղը 30մ բարձրության վրա է, բնակարանինը` 2.75-3.20, շատ նմա՞ն են իրար: Համալիրի ռեալ գինը 100-120 մլն դոլար է»,-նկատեց բանախոսը:
Նրա խոսքով` ԴԱՀԿ-ն պետք է դիմեր Մշակույթի նախարարությանը, ստեղծվեր հանձնաժողով, Համալիրը պատմամշակութային արժեք է:
Կորյուն Գրիգորյանը սխալ է համարում Համալիրը Պաշտպանության նախարարությանը հանձնելու որոշումը. «Համալիրը ՊՆ-ի հետ կապ չունի, «պադվալում» Սովետական միությունից մնացած տանկեր չունենք»:
Բանախոսի հաղորդմամբ` գումարը սառեցված է հունվար ամսից, աշխատողներին չեն կարողանում վճարել:
ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատուն տեղեկացրեց, որ դիմելու են Եվրոպական դատարան.
«Մեր դատարանները խայտառակ ձևով են աշխատում: Գինը իջեցվել է, կա խախտում, գնում է աճուրդ` նշված չէ, որ պատմամշակութային արժեք է. հաքերային հարձակում է լինում, իսկ այդ ընթացքում, աճուրդը շարունակվում է: ԴԱՀԿ աշխատակիցները շաբաթ-կիրակի չեն աշխատում, ոչ էլ 24 ժամ, բայց ամեն օր հերթապահում են Համալիրում, իրանց հոր բոստանն են սարքել»,-նշեց բանախոսը:
Նրա հավաստմամբ` իրենք ժամանակ են խնդրել` պարտքը մարելու համար.
«Նախկին կառավարության ժամանակ այն վիճակն է ստեղծվել, որ հիմա ասում ենք պարտք ունենք, հիմքերը չկան: Այնպիսի տպավորություն է, որ մեկը վճարել է, բյուջեում չկա պարտքը: Եթե մեկը վճարել է` թող գա, ասի»,-ասաց Կորյուն Գրիգորյանը:
Անի Կարապետյան