▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ հարկավոր է դրականն ու լավը, որը միգուցե չափազանց քիչ է, սակայն կա

Մի քանի ամիս առաջ Արտակ Ալեքսանյանը մի լավ հոդված էր գրել այն մասին, որ եթե լրագրողները մի քիչ շատ տեսնեն և խոսեն դրականի մասին, միգուցե, մեր երկիրն ավելի լավը դառնա, ավելի շատ մարդիկ փորձեն հաջողությունների հասնել այս երկրում և այլն: Այդ օրվանից ի վեր ցանկանում էի նման մի բան գրել, որով լիովին իմ համաձայնությունը տայի այդ կարծիքին: Արտակը լիովին իրավացի է: Ես վաղուց եմ նկատել, որ մենք բոլորս, մեդիադաշտը, հասարակության մի ստվար զանգված կարծես թե մրցման մեջ է, թե որ մեկը ավելի շատ բացասական բան կգտնի, որ ներկայացնի, իհարկե, երբեմն այդ գործում հասնելով աբսուրդի գերաստիճանի` օրինակ այսինչ գյուղում երկու հարևան կռվել են իրար հետ, իսկ գողերի ցանկը դա մեր պայծառ ապագայի լավագույն ուղենիշային կարևորության նորությունն է:

 Ես վերջին շրջանում իմ հայտնաբերած հերոսի հետ այսօր հերթական հանդիպման համար այցելել էի Հանքավանի ձորերից մեկում տեղակայված «Արագած» ճամբարը: Այս փոքրիկ Հայաստանում ինչպես ես անվանում եմ այս միջավայրը, պարզ ու հասարակ մարտիկ ուղղակի իրենց գործն են կատարում, սակայն կատարում փայլուն հայեցի: Ճամբարի տնօրեն պարոն Բաբայան Անդրանիկը այն մարդկանցից է, ով չի սիրում բարձրագոչ խոսքեր, սակայն ազգային մտածելակերպ և գործելակերպ ունեցող մարդկանցից է: Այստեղ առանց ավելորդ գովազդի են երեխաներին սովորեցնում հարգել արժեքներ, խոնարհվել դրոշին, գերբին, լինել հայրենապաշտ ու այրապաշտ:

Բավական է երկու նախադասությամբ խոսել նրա հետ, որպեսզի հասկանալ, թե որքան հոգով երիտասարդ կամ ավելի ճիշտ մանուկ է այդ բառի փայլուն իմաստով պարոն Բաբայանը, թե ինչ հայորդի է ջոկատավար Դավիթ Պարյանը, ով երեխաներին հայեցի մտածել, երգել, պարել ու խոսել է սովորեցնում, ում ինչպես իրենք են ասում 6 ու կես տարեկան երեխաները դիմում են, որ պատմի հայոց հերոսապատման հերթական դրվագը, որին կարոտ են այս երեխաները: Այստեղ ստեղծված մթնոլորտում 20-22 տարեկան ուսանող աղջիկներն այնպիսի մեծ գործ են կատարում, որ ուղղակի հուզմունքից արտասվել կարելի է: Աղջիկներ, որոնց նմանները Երևանում բոլորովին այլ միջավայրում կարող են այնպես ներկայանալ, որ վախից սեռդ փոխելու ցանկություն առաջանա մոտդ: Այստեղ են մտքիդ գալիս մեծանուն Նժդեհի մայրերի մասին խոսքերը, այո այս ուսանող աղջնակները 6-12 տարեկան երեխաներին այնպիսի հայորդի են դարձնում, որոնց աչքերում պայծառ գալիքն է երևում, սա ռազմավարական ներդրում է:

Ես հասկացա մի պարզ բան, որ այս մարդիկ ուղղակի մեկական մոմ են վառում լացելու փոխարեն, այս մարդիկ ավելի շատ բան են անում, որ ևս մեկը արտագաղթի փոխարեն մնալ կամենա, իսկ եթե նա խոսեր 11 ամյա Հայկի հետ, ապա հաստատ կամաչեր երկիրը լքելու մտքից: Խնդրեմ համեցեք «Արագած» ճամբար ու տեսեք, որ այստեղ է կառուցվում Հայաստանի գալիքը, ու որքան պայծառ է այն: Տեսեք ու խոսեք դրական բաների մասին, որ մարդիկ դրականի մասին նաև մտածեն: Այն կա իրականում…

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանսիյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին