«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Ղրղըզստանում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստի շրջանակում հայտարարել է, թե Եվրասիական միությունից դուրս գալու դեպքում որեւէ երկիր ռուսական գազի դիմաց պետք է վճարի միջազգային գնով: «Այստեղ ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում»՝ հայտարարել էր ՌԴ վարչապետը, իրականում՝ սակայն ինքն իր այդ պնդմանը հակառակ ցույց տալով, որ ԵՏՄ-ն պահում են ուժով:
Ուժը չի ենթադրում միայն ֆիզիկական գործադրում: Գործադրման եղանակները տարբեր են, էականը բնույթն է, երբ որեւէ մեկը պահվում է ոչ թե գրավչությամբ, այլ շանտաժով կամ սպառնալիքով: Իսկ ՌԴ վարչապետի խոսքը սպառնալիք է ամբողջությամբ: Մեդվեդեւի այդ սպառնալիքի ենթատեքստը եւ հասցեատերը Բելառուսն է, հաշվի առնելով երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանի լարվածության աճը, որում զգալի տեղ ունի նաեւ գազի գնի շուրջ անհամաձայնությունը: Սակայն Մեդվեդեւի հայտարարությունը ուշագրավ է հնչում մեկ այլ հայտարարության ֆոնին, որ արել էր Սերժ Սարգսյանն օրերս Եվրանյուզ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Խոսելով Եվրաասոցացման գործընթացից հրաժարվելու եւ ԵՏՄ-ին անդամակցելու որոշման մասին, որ կայացվեց գործնականում մեկ գիշերում, Սերժ Սարգսյանը Եվրանյուզին ասում է, թե Ռուսաստանը որեւէ արգելք չի դրել Եվրաասոցացման համար, պարզապես ասել է, թե այդ դեպքում Հայաստանը գազը պետք է գնի միջազգային գնով: Այդպես Սերժ Սարգսյանը փորձում էր մի կողմից ցույց տալ, թե սեպտեմբերի 3-ի իր որոշումը չի եղել ՌԴ ճնշման կամ սպառնալիքի տակ, մյուս կողմից՝ փորձում էր հիմնավորել իր այդ որոշումը:
Եվ ահա, Սարգսյանի հայտարարությունից մի քանի օր անց Ղրղզըստանում Մեդվեդեւը հնչեցնում է սպառնալիք Բելառուսի հասցեին, այդպիսով՝ կարծես թե հաստատելով Սերժ Սարգսյանի խոսքերը: Իսկ դա ըստ էության բացում է երեւույթի ամբողջ համատեքստը, որը նշանակում է, որ Մեդվեդեւի հայտարարության հասցեատերն իրականում ԵՏՄ բոլոր անդամներն են, ոչ թե միայն Բելառուսը:
Այսինքն՝ սպառնալիքը Ռուսաստանի ունիվերսալ լեզուն է եւ ԵՏՄ «ցեմենտը»: Այսինքն՝ Ռուսաստանի վարչապետը չի ասում, որ ԵՏՄ-ից ոչ ոք դուրս չի գա, քանի որ այդ կառույցը ունի գրավիչ հեռանկար, տալիս է իր անդամներին տնտեսական եւ քաղաքական զարգացման հնարավորություն, բարձրացնում է անվտանգության մակարդակը, բազմապատկում է յուրաքանչյուր անդամի ներուժը:
ԵՏՄ պարագայում «միավորողը» սպառնալիքն է, որով հանդես է գալիս Ռուսաստանը՝ մյուս անդամների, «դաշնակիցների» հանդեպ: Եթե այսօր խնդիրը Բելառուսի հետ է, ապա սպառնալիքի հասցեատերը Բելառուսն է, երեկ խնդիրը Հայաստանի հետ էր՝ սպառնալիքը հնչել էր Հայաստանի հասցեին:
Եվրաասոցացման գնալու դեպքում Հայաստանը կհայտնվեր մի միջավայրում, որտեղ ուժեղները թույլերին կամ փոքրերին չեն սպառնում, չեն շանտաժում, չեն ահաբեկում տնտեսական կամ ռազմա-քաղաքական մահակներով, այլ առաջարկում են գործընկերություն, առաջարկում են զարգացման տարբերակներ: Դրանով է ինտեգրացիան տարբերվում ազատազրկումից, իսկ միությունը՝ համակենտրոնացման ճամբարից: Ճամբարում իհարկե կարող են լինել կեցության տարբեր աստիճաններ, ի վերջո կախված նաեւ վերակացուների տրամադրությունից, մեծահոգությունից, բարեհաճությունից: Բայց ճամբարի էությունը դրանից չի փոխվում, քանի որ այն զրկում է թե՛ անհատին, թե՛ պետությանը ամենակարեւորից՝ ազատությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում