«Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև Ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք` օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»: Մատթ. ԻԳ(23) 39
Մեծ պահքի վերջին Կիրակիի խորհուրդը նվիրված է Հիսուսի Գալստյանը՝ ոչ միայն երկրորդ, այլ նաև Նրա առաջին ԳԱԼՍՏՅԱՆԸ: Վերջինի մասին հաստատում է նաև օրվա շարականը (Մեծ Պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակիի Օրհնության շարականն է, որը երգվում է Գալստյան կիրակիի նախորդ օրը Երեկոյան ժամերգությանը, որպես Համբարձի շարական և Գալստյան կիրակիին որպես Օրհնության, Ճաշու և Համբարձի շարական).
Որ զխորհուրդ Քո գալստեանդ
Յառաջագոյն գուշակեցեր,
Մարգարէիւքն Իսրայէլի,
Զորս ընտրեցեր յետ Մովսեսի.
Որք խօսեցան Հոգւով Սրբով,
Բազմապատիկ օրինակօք:
Տո՛ւր մեզ, Փրկիչ, ողորմութիւն,
Եւ զմեղաց զթողութիւն:
Ի մերձենալ ամաց վերջին,
Զոր տեսանողքն ծանուցին,
Զհասանիլ մեր Փրկողիդ
Առ ի վախճան ժամանակի.
Երևեցար ի մէջ մարդկան
Զգեցեալ զկերպ ծառայական:
Տո՛ւր մեզ, Փրկիչ, ողորմութիւն,
Եւ զմեղաց զթողութիւն:
Ի վեցերորդ աւուր զԱդամ
Ստեղծեր ի տիպ Քո տիրական,
Որ ոչ պահեալ զպատուիրանն
Մերկացաւ զպատմուճանն:
Իսկ նոր Ադամդ ի վեց դարուն
Այց արարեր կորուսելոյն:
Տո՛ւր մեզ, Փրկիչ, ողորմութիւն,
Եւ զմեղաց զթողութիւն:
Ինչպես բացահայտ երևում է, շարականի այս առաջին պատկերն ամբողջությամբ նվիրված է Հիսուսի Առաջին Գալստյանը: Շարականի երկրորդ պատկերում հանդիպում ենք նաև Քրիստոսի Երկրորդ Գալստյան ակնարկությանը:
Ցնծամք և մեք ծառք անտառի
Ընդ գալուստ Տեառնդ կրկնակի:
Այժմ յուսով զուարճանալ
Եւ յԵրկրորդին ընդ Քեզ ցնծալ:
Գալուստ հասկացությունը մեզ է ներկայանում երկու նշանակությամբ՝ նախ՝ որպես պատրաստություն, ապա պատասխանատվություն: Չէ որ Տիրոջ՝ Աստվածորդու առաջին գալուստը ուսուցանելու համար էր, իսկ երկրորդը պատասխանատվության համար պիտի լինի: Քրիստոսի առաջին՝երկրային առաքելությունը մնում է բացառիկ օրինակ՝ դեպի բարոյական կատարելության առաջնորդելու Իրենցից հեռացած, սակայն աստվածային կնիքը մշտապես կրող մարդուն: Վախճանաբանությունը կամ կատարածաբանությունը՝ Տիրոջ երկրորդ գալուստի խորհուրդի մեկնումն է և բացառիկ նշանակություն ունի մեր եկեղեցու աստվածաբանական համակարգում: Անշուշտ, մեր եկեղեցու հայրերը Վախճանաբանություն երևույթին անդրադառնալիս ամենևին նպատակ չեն ունեցել վախի ու սարսափի մեջ պահելու Տիրոջը հուսացող ժողովրդին, այլ հակառակը՝ Աստծո ներկայությամբ ու երկրային կյանքից հետո հավիտենական կյանքի գոյությանն անդրադառնալով ցանկացել են քաջալերել ու սփոփել: Սա երկրային օրինակով ընտանիքի յուրատիպ մոդել է. Ընտանիքը հատուկ պատրաստություն և անմնացորդ նվիրում է պահանջում, որպեսզի բարոյական բարձր գիտակցությամբ դաստիարակվեն զավակներդ և հետագայում քաղես պտուղները: Ահա այսպես՝ առաջին գալուստը՝ մարմնացումը, մարդու ներաշխարհում նվիրական տաճար կառուցելու համար է, իսկ երկրորդը կլինի այդ տաճարի մաքրությունը պահելու պատասխանատվության համար՝ արդյոք իր տված շնորհը կիրառել ես ու կենսականացրել ես ՝ «Զքեզ ի քոյոց քեզ մատուցանեմ»-ը (Քո տվածը քեզ մատուցեմ):
Առաջին գալուստը կարգավորում է «մարդ և իր նման» հարաբերությունը, իսկ երկրորդը՝ «մարդ և Աստված» հարաբերության հարատևությունն է: