Կրթության և գիտության նախկին փոխնախարար, այժմ՝ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ կասկածի տակ է դրել Բյուրականի Աստղադիտարանին տրվող ֆինանսավորման արդյունավետությունն ու առաջարկել է .«Աշխարհում շատ նոր մանրադիտակներ են ստեղծվել, թող մեր Աստղադիտարանի գիտնականները թռնեն դուրս՝ համատեղ հետազոտություններ անեն...»:
Asekose.am-ի տեղեկություններով Հովհաննես Հովհաննիսյանի այս խոսքերը մեծ դժգոհություն են առաջացրել Բյուրականի Աստղադիտարանում, որի ղեկավարությունը հնարավոր է առաջիկայում հանդես գա պարզաբանումով:
Դիտեք նաև՝
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում, ըստ որի՝ գիտական գործունեությունն ապահովելու համար ՀՀ կառավարության կողմից Ակադեմիային օգտագործման նպատակով ամրացված գույքը հասարակական կամ պետական կարիքների համար կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով։ Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում։ Հեղինակի փոխանցմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մեր ժողովրդի ստեղծած պատմաճարտարապետական ազգային ժառանգության պահպանման հրամայականով, և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիային ամրակցված գույքը բացառապես դրա հիմնադրման սկզբնական նպատակին և նշանակությանը համապատասխան օգտագործելու համար օրենսդրական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ օրենքով կսահմանվի գիտական ներուժի և այդ ներուժի բնականոն գործունեության իրականացումն ապահովող շինությունների նպատակային օգտագործումը, պահպանումն ու փոխանցումն ապագա սերունդներին, ինչը կխթանի երկրում գիտության շարունակական զարգացումը, արդյունքում՝ գիտելիքահեն տնտեսության զարգացում