«Հասկանան-չհասկանան՝ խոսում են: Բելառուսն այն երկիրն է, որտեղ մինչև 2007 թվականը 10 անգամ աճել է ու այդ երկրի դեսպանատան դռներին ձու նետողները չեն հասկանո՞ւմ, որ այնտեղ 50.000 աշխատող մարդ ունենք: Պետական ու քաղաքական գործիչները պետք է վեր կանգնեն այս ամենից: Լապշինն ո՞վ է: Իրեն այնտեղ ոչինչ էլ չի պատահելու: Ներողությունը գրելու է, մի 20 օր պահելու են, տան հետույքին ու դուրս անեն: Լապշինը դարձել է միջազգային դեմք: Հիմա կարո՞ղ եք ասել, թե սա ամենաշատը ո՞ւմ օգուտ տվեց ու ո՞ւմ վնասեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Բելառուսի կողմից բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին՝ ասաց հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ,Գերագույն խորհրդի, ԱԺ երկրորդ ու երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը՝ հավելելով.
«ԱԳՆ, հատուկ ծառայություն, հետախուզություն ու հակահետախուզություն ունենալու դեպքում նման բաներ մենք պետք է նախաձեռնեինք»:
Նրա խոսքերը զայրացրեցին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին.
«Մարդուն արատահանձնել են հայամետ լինելու, Արցախ այցելելու համար, ո՞նց մեր գործը չէ: Ինչ որ ասում ես՝ չի կարելի: Դու հակապետական ու հակահայկական քարոզչություն ես անում: Մենք պարտավոր ենք պաշտպանել Լապշինին»,-նկատեց Ազատ Արշակյանը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության «Ծանր հանցագործությունների» հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում): Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջել է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել: Փետրվարի 7-ին բլոգերին տեղափոխեցին Ադրբեջան:
Անի Կարապետյան