Հանրության ակտիվ աջակցության շնորհիվ Կովկասյան հովազի պահպանման հայաստանյան ծրագիրն արժանացավ դրամաշնորհի Գերմանիայի Նեյշնլ Գեոգրաֆիկի կողմից (շուրջ 30,000 եվրոյին համարժեք դրամ): Մարտի 17-ից 31-ը Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիայի (EOCA) կողմից կազմակերպված վիրտուալ քվեարկության արդյունքում Կովկասյան հովազի պահպանման ծրագիրն ընտրվեց 6 լավագույնների շարքում և երկրորդ փուլում ստացավ 7,238 ձայն 21,179 ձայներից, որը կազմում է ընդհանուր ձայների շուրջ 34 %-ը: Հայաստանյան ծրագիրը հաղթեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերների, հայաստանցիների և մյուս բոլոր ընկերների եռանդուն քվեարկության արդյունքում: Մասնավորապես բրիտանական Վորլդ Լենդ Թրաստ ընկերությունը նախագիծը ներկայացրեց իր վեբկայքում և իր բոլոր միջազգային գործընկերների ցանցում, իսկ FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը իր բոլոր բաժանորդներին տեղեկացրեց հեռախոսային հաղորդագրությունների միջոցով: Այս քարոզարշավի արդյունքում Կովկասյան հովազի պահպանման հայաստանյան ծրագիրը ստացավ ձայների մեծամասնությունն ու դարձավ քվեարկության առաջատարը: Կովկասյան հովազը վտանգված կենդանատեսակ է, գրանցված ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Վտանգված» կարգավիճակով: Բնության մեջ Կովկասյան հովազի քանակը չի գերազանցում 1300-ը, իսկ Հայաստանում կարող է հանդիպել առավելագույն 15 հովազ (ըստ ԲՊՄՄ տվյալների): Բացի պետական արգելոցներից, Կովկասյան հովազը Հայաստանում պահպանվում է նաև օրենքով:Դեռ 2013 թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի տարածքում տեղադրված տեսախցիկներն արձանագրեցին Հայաստանում բնակվող Կովկասյան հովազներից մեկին:Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նշված միջոցները կօգտագործի Կովկասյան հովազի համար անհրաժեշտ տարածքների պահպանման և ընդլայնման, ինչպես նաև այս վտանգված կենդանատեսակի մասին հետազոտություններ կատարելու նպատակով: Կովկասյան հովազի պահպանմանն ուղղված ծրագիր Հայաստանում իրականացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ու WWF Հայաստանը, որը նաև մշակել է անհետացման եզրին գտնվող այս կենդանատեսակի պահպանման ռազմավարություն: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր գործընկերներ ՎիվաՍել-ՄՏՍ և Վորլդ Լենդ Թրաստ բրիտանական ընկերության հետ համատեղ իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր քվեարկեցին Հայաստանում անհետացման եզրին գտնվող Կովկասյան հովազի պահպանման համար:
Կովկասյան հովազի պահպանման ծրագիրը դրամական մրցանակ է շահել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet