Էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման ու այդ առիթով բնակչության շրջանում բարձրացած բողոքի ակցիայի ֆոնին Asekose.am-ին ուշագրավ տեղեկություններ են հաղորդել Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ի` ՀԷՑ-ի տեսուչները, որոնք , հասկանալի պատճառներով, ցանկացել են չնշել իրենց անունները:
Նրանք բողոքում են ՀԷՑ-ի ղեկավարության կողմից իրենց վրա դրված «պլանից». յուրաքանչյուր տեսուչի վրա դրված է 1 միլիոն դրամի պլան ու անկախ այն փաստից, թե բնակչությունը հնարավորություն ունի վճարել, թե ոչ` տեսուչները պարտավոր են ամեն ամսվա համար ՀԷՑ-ին ներկայացնել եթե ոչ 1 միլիոն դրամ հավաքագրում, ապա ` առնվազն դրա 98 տոկոսը:
Տեսուչները նաև բողոքում են, որ ժամանակին շատ էին դեպքերը, երբ վեճեր էին ծագում այն բնակիչների հետ, ում բնակարանների էլեկտասնուցումն անջատվում էր` պարտքերի պատճառով, մինչդեռ , նրանց տեղեկություններով, Ռուսաստանում սպառած էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով բնակարանները չեն հոսանքազրկվում. եթե բնակիչը չի կարողանում վճարել էլեկտրաէներգիայի կուտակած պարտքը, ապա խնդիրը ` երբեմն ամիսներ անց միայն հնարավոր է լուծել դատական կարգով, այլ ոչ` «կոշտ» մեթոդներով` բնակարանների էլեկտրասնուցումը անջատելով : Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը 2006 թվականից ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկությունն է. Հայաստանի բնակիչների համար,սպառած էլեկտրաէներգիայի պարտքի գանձման դեպքում, կարծես` գործում է խտրականության սկզբունքը:
Խտրականության սկզբունքը, թերևս, գործում է նաև տեսուչների աշխատավարձերի առումով, որոնք իրենց 1 միլիոնանոց ամսական «պլանն» ապահովելուց հետո ստանում են ընդամենը մոտ 140.000 դրամ, ինչն անհամատեղելի է իրենց ռուսաստանցի գործընկերների աշխատավարձի հետ:
Ի դեպ, տեսուչները բողոքում են, որ շատ են դեպքերը, երբ «պլանն» ապահովելու համար իրենք ստիպված են սեփական գրպանից դնել պակասորդը: Իսկ ովքեր չեն կարողանում «պլան»-ն ապահովել` ասվում է. «կարող եք ազատման դիմում գրել` ձեր փոխարեն կաշխատեն նրանք,ովքեր կարող են ապահովել 100 տոկոսանոց հավաքագրում»:
Արդյունքում` բնակչութան մի մասի անվճարունակության ու իրենց վրա դրված «պլանի» ֆոնին` տեսուչները հայտնվում են երկու կրակի արանքում, սակայն ամեն ինչ անում են վարձավճարների հավաքագրումն ապահովելու համար` աշխատանքը կորցնելու տխուր հեռանկարից խուսափելու նպատակով:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի ավելացումը պատճառաբանվում է էներգահամակարգում 20 միլիարդ դրամի ճեղքվածքով էներգահամակարգում, իսկ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինն, ըստ ասեկոսեների, ամսական ստանում է մոտ 40 միլիոն դրամ աշխատավարձ:
Նշենք նաև, որ օգոստոսից, 4 դրամ թանկանալուց հետո, Հայաստանը համարվելու է՝ ամենաթանկ էլեկտրաէներգիա սպառող երկրներից մեկը, եթե ոչ՝ ամենաթանկը: