▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն ընդդիմության առաջնորդ դառնալու հայտ է ներկայացրել

Ուշադիր կարդացի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը Zham.am կայքում:

Պետք է խոստովանեմ այն բավականին տպավորիչ էր ու մի քանի եզրահանգման տեղիք տվեց:
Առաջին, Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, ծրագրային հարցազրույց է տվել՝ անկախ բովանդակությունից, ու ընդդիմության առաջնորդության հայտ է ներկայացրել: Ընդ որում Ծառուկյանն առանձնապես չի կարևորում Քառյակի կամ միջկուսակցական այլ ֆորմատների դերը: ՙՙԵս ամենից առաջ կարևորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը՚՚-, ասում է նա:
Երկրորդ, Ծառուկյանը պատրաստվում է՝ ընդդիմության առաջնորդի կամ իշխանության այլընտրանքի կարգավիճակով, մասնակցել ընտրական առաջիկա ցիկլին: ՙՙԵս շատ լավ գիտեմ մեր երկրի պրոբլեմները, ես փայլուն գիտեմ մեր երկրի տնտեսությունը, ես շատ լավ պատկերացնում եմ ժողովրդի հիմնական խնդիրները: Եվ վերջապես` ես պատկերացնում եմ, թե այդ հարցերից շատերը քայլ առ քայլ ինչպես պետք է լուծել: Ես լավ գիտեմ սփյուռքի գործարար հնարավորությունները, և գիտեմ, թե ինչպես պետք է դա ի շահ մեր երկրի օգտագործել, ես գիտեմ, թե ինչպես կարելի է օտարերկրյա խոշոր ներդրումներ բերել Հայաստան ու նոր աշխատատեղեր, նոր հնարավորութուններ ստեղծել երկրում՚՚,- այս նախադասությունը բնորոշ է մարդու, ով պատրաստվում է նախագահի կամ վարչապետի հայտ ներկայացնել:
Երրորդ, ԲՀԿ նախագահի գնահատականներն արմատական են՝ տնտեսության վիճակի հետ կապված: ՙՙՀաճախ իրենց բիզնեսների համար պաշտոնյաները խեղդում են ուրիշների բիզնեսները: Այդպես երկիր չի զարգանում՚՚,- առանց փակագծեր բացելու՝ ասում է Ծառուկյանը, ու շատերը, թերևս, կռահում են քննադատության հասցեատիրոջը: ԲՀԿ առաջնորդն իշխանությանը մեղադրում է անարդյունավետ կառավարման մեջ. ՙՙՀայաստանում ներդրումային միջավայրը լավը չէ, օտար ներդրողները չունեն անհրաժեշտ վստահություն ու երաշխիքներ: Ուղղակի նայեք, թե վերջին տարիներին ներդրումների ծավալները որքան են նվազել, և ամեն ինչ պարզ կդառնա՚՚:
Չորրորդը, ԲՀԿ առաջնորդը խուսափում է սահմանադրական փոփոխություններին բովանդակային գնահատական տալուց, սակայն հստակ հասկացնում է, որ իրենք կողմ են փոփոխության, բայց ոչ` վերարտադրման:
Սա նույնիսկ կարելի է համարել հեռակա պատասխան Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, որում ընդդիմությունը մեղադրվեց փաստարկների բացակայության մեջ: Նախագահին պարզ ասվում է, որ կողմ չենք քո իշխանության երկարաձգմանը:
Եվ վերջապես, ԲՀԿ նախագահն ակնարկում է, թե իր դեմ ճնշումներ կան՝ գործարք պարտադրելու նպատակով: ՙՙԵս տեսնում եմ խնդիրներ և պատրաստ եմ դրանք լուծել պետության մեջ` երկրի համար, ժողովրդի համար: Բայց ես երբեք չեմ մտել և չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առևտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում: Ես շատ լավ գիտեմ Հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները: Ճիշտ հասկացեք, ինձ համար դա օտար և անհետաքրքիր զբաղմունք է՚՚-ասում է նա:
Այսպիսով, համարենք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր ներկայացրել է ընդդիմության լիդերության իր ֆորմալ հայտը ու ըստ որում հասկացրել է, որ ինքը դեմ է հեղափոխական մեթոդներին՝ կարևորելով հարգալից վերաբերմունքը նախկին ու գործող նախագահների հանդեպ:
Տեսական մասով՝ ամեն բան հասկանալի է:
Սակայն, գործնականում ընդդիմության լիդեր դառնալու ու իշխանության հայտ ներկայացնելու համար՝ Գագիկ Ծառուկայանին երկու հանգամանք խանգարում է:
Առաջին, նա հրապարակային կերպար է ու նույնիսկ հասարակության կողմից մերժելի չէ, սակայն գործարարի ու բարեգործի իմիջը հարկ է հարստացնել քաղաքական բաղադրիչով, այլապես դժվար է հաջողություններրի հասնել բացառապես ժողովրդահաճո ձևակերպումների շնորհիվ:
Երկրորդ, ԲՀԿ-ն առայժմ անձնակենտրոն փակ համակարգ է, որն, ինստիտուցիոնալ մակարդակում, չի կարող այլընտրանք լինել նունաբովանդակ իշխանական համակարգին՝ զուտ ռեսուրսային անհավասարության առումով:
Եթե կարճ, իր առաջնորդի լիդերության հայտը կարող է ներկայացնել միայն քաղաքական թիմ՝ իր արժեքային ու ինստիտուցիոնալ այլընտրանքով:
Կարո՞ղ է Ծառուկյանը լուծել այս խնդիրները՝ ցույց կտա ժամանակը:

 

 

 

 

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին