▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզրաս Սրբազան, մի՞թե Ձեր նպատակն է ցրել համայնքը

Արդեն հինգ ամիս է, որ Մոսկվայի Սուրբ Գևորգ եկեղեցում Առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի հրահանգով Պատարագներ չեն մատուցվում: Ամեն անգամ հավատացյալներին տրվում է միևույն պատճառաբանությունը, թե` «Բավարար թվով քահանաներ չկան», այն դէպքում, երբ Մոսկվայում ծառայում են ինը ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ։

Եզրաս Սրբազան,

Ինչպե՞ս հասկանալ այն, որ Սուրբ Գևորգ եկեղեցում ծիսակատարությունների համար քահանաներ կան, իսկ Սուրբ Պատարագ մատուցելու համար քահանաները չեն բավարարում. խնդրում ենք բացատրել։

Սրբազան Հայր, մենք Ձեզ հետ խոսում ենք համացանցային թերթերով ու սոցցանցերի միջոցով` Ձեզանից օրինակ վերցնելով, որովհետև Դուք և Ձեր եղբայր կաթողիկոսը Տեր Մարտիրոս քահանային կարգազրկելու լուրը թերթերով ու համացանցով հայտարարեցիք։

Եթե նույնիսկ, ըստ ձեզ, Տեր Մարտիրոսը կարգազրկության արժանի էր, որովհետև իբր թե «քահանայի անհարիր վարք ուներ», ապա ճիշտ և ընդունելի կլիներ, որ Առաջնորդարան հրավիրեիք հավատացյալ ժողովրդին, այս պարագայում` Սուրբ Գևորգ եկեղեցու համայնքին, ինրպես նաև` Տեր Մարտիրոսին, և ամբողջ ժողովրդի առաջ ընթերցեիք կաթողիկոսի տնօրինումը, այլ ոչ թե ծածուկ, գողեգող, փախեփախ լինելով` համացանցային կայքերում հրապարակեիք այդ ապօրինի որոշումը։

Մենք շատ լավ հասկանում ենք, թե այդ վճռի ետևում ինչ է թաքնված` միայն դրամ, նորից դրամ...

Դուք, Գերաշնորհ Սրբազան, վերջին տարիներին և հատկապես` վերջին ամիսներին այնքան լարված վիճակի մեջ պահեցիք Սուրբ Գևորգ եկեղեցու հավատացյալներին, որ մենք միայն մի սխալ թույլ տվեցինք: Տեր Մարտիրոսից գաղտնի մենք պետք է «կլորիկ» գումար հավաքած լինեինք` ընծայի տեսքով մատուցելով Ձեզ։ Համոզված ենք, որ այդ դեպքում Տեր Հայրը կշարունակեր իր քահանայական ծառայութիւնը, և ամեն կիրակի Սուրբ Գևորգ եկեղեցում Սբ. Պատարագները չէին դադարի, ինչպես հիմա։

Բավական չէ, որ Տեր Մարտիրոսին կարգազուրկ հռչակեցիք, դեռ մի բան էլ Սուրբ Գևորգ եկեղեցու դռները փակում եք հավատացյալ ժողովրդի առաջ, որի իրավունքը ոչ ոք չունի։ Թույլ տվեք հիշեցնել, որ եկեղեցին, խանութ չլինելով, որևէ անհատի սեփականությունը կամ պապենական կալվածքը չէ, որպեսզի վարվի իր ուզածի պես: Եկեղեցին ազգի եւ ժողովուրդի սեփականությունն է և սերունդներին է պատկանում: Ինչքա՞ն դեռ պետք է հալածեք հավատացյալ ժողովրդին` քինախնդրությամբ վարվելով մեզ հետ, մինչև ե՞րբ։ Վերջապես, ի՞նչ է Ձեր ուզածը, որ հիասթափված այս ամենից` թողնենք գնանք օտա՞ր եկեղեցի, որպեսզի այդկերպ «ազատվեք» Ձեր հայրենակիցներից...

Այսօր, երբ թուրքը Դեր Զորի մեջ պայթեցնելով քանդում է Սրբոց Նահատակաց եկեղեցին, Մոսկվայում ժողովրդի առաջ Դուք փակում եք եկեղեցու դռները` Սուրբ Պատարագ չմատուցելով։

Սրբազան Հայր, մենք ուզում ենք Ձեզ հարց տալ. Սբ. Պատարագ մատուցե՞լն է կարևոր, թե՞ ծես կատարելը: Մենք շատ լավ ենք հասկանում, որ ծիսակատարությունները (մկրտություն, պսակ, թաղում, և այլն) նյութական հասույթ են բերում թեմին: Ի սեր Աստծո, թող բերեն, բայց դա չպէտք է լինի Սուրբ Պատարագի խորհրդի հաշվին։

Սրբազան, եթե Դուք թույլատրեք, որ ամեն կիրակի Սուրբ Գևորգ եկեղեցում Սբ. Պատարագ մատուցվի, ապա մենք` հավատացյալներս, պատրաստ ենք ամեն անգամ հավաքել մի գումար և նվիրաբերել պատարագիչ քահանային` որպես ժամուց։ Եթե այս դեպքում էլ արգելելու լինեք Սբ. Պատարագները, արդեն մեզ համար խնդիրը շատ հստակ կլինի, որ Ձեր նպատակն է ամեն գնով ցրել Սուրբ Գևորգ եկեղեցու հավատացյալների համայնքը, որովհետև Ձեզ հետ հանդիպումների ժամանակ Դուք բազմիցս նշել եք, որ համայնքը մեկն է` Մոսկվայի հավատացյալների համայնքը։

Էջմիածնի պես փոքրիկ քաղաքում ամեն եկեղեցի ունի իր համայնքն ու հավատացյալների հոտը։

Մենք ուզում ենք Ձեզ հիշեցնել, որ երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս առաքյալներին ուղարկեց աշխարհի տարբեր կողմերը, քարոզելու Աստծո խոսքը, նրանք ուր որ գնացին, այնտեղ ստեղծեցին քրիստոնեական համայնքներ և նրանց միջից արժանավորներին ձեռնադրեցին եպիսկոպոսներ` ժողովրդին հանձնելով նրանց հոգևոր խնամքին։

Անցյալ կիրակի օրը` Սբ. Պատարագից հետո, Սուրբ Գևորգ եկեղեցու հավատացյալ փոքրիկներից երկու երեխա զրուցում էին, և մենք կողքից լսում էինք նրանց զրույցը: Մեկը մյուսին հարցնում էր, թե Սուրբ Գևորգ եկեղեցում էլ չե՞ն լինելու Պատարագներ: Մյուս երեխան պատասխանում էր, թե չգիտի, երանի տալով, որ նորից Պատարագներ լինեն, քանի որ կարոտել է։

Ահա այս փոքրիկների առաջ էլ փակեցիք եկեղեցու դռները։

Դուք միշտ քարոզում եք հայապահպանություն, օտարության մեջ հայ մնալ։ Ինչո՞ւ այս տարի Սրբոց Թարգմանչաց տոնը մոռացության մատնվեց և Սբ. Պատարագ չմատուցվեց: Երբ քահանաներին պատճառը հարցրինք, պատասխանը մեկն էր.  «Շատ ծեսեր կան այդ օրը»։ Ինչպե՞ս կարելի է Սրբոց Թարգմանչաց տոնին Պատարագ չմատուցել և չհիշատակել Սբ. Մեսրոպ Մաշտոցին և Սբ. Սահակ Պարթև Հայրապետին, որոնք եղան մեր ազգի երկրորդ Լուսավորիչները, որոնց շնորհիվ այսօր հայատառ Աստվածաշունչ, գիր ու գրականություն ունենք։

Տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը, կարծեք, զուտ ծիսական եկեղեցի լինի, և եթե այսպես շարունակվի, մոտ ապագայում թեմի եկեղեցիներում կդադարեն Սբ. Պատարագները, որովհետև «շատ ծեսեր կան այդ օրը», ինչպես կասեին քահանաները։

Մենք սրտի ցավով ուզում ենք նշել, թե ինչու հանկարծ արգելվեց երեխաներին խորան բարձրանալ: Չէ՞ որ երկար ամիսներ այդ երեխաներն ամեն կիրակի Սբ. Պատարագի ժամանակ սպասավորում էին խորանին, և Դուք, Սրբազան հայր, միշտ կրկնում էիք հիացմունքով, թե ինչ լավ է երգում Դավիթը` Տեր Մարտիրոսի տղան: Ի՞նչ պատահեց, որ որոշեցիք արգելել նրանց  խորան բարձրանալ և այդպիսով կոտրել այդ երեխաների սիրտը։  Ոչ մի հայր չի կարող իր զավակների հետ նման կերպով վարվել:

Երբ առաքյալները մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարցրին աշխարհի վախճանի մասին, Տերը պատասխանեց. «Երբ տեսնեք պղծությունը այնտեղ, որտեղ պետք է լիներ, իմացեք, որ Մարդու Որդու գալուստը մոտ է` դռների առաջ»։ Հուսով ենք, որ մի օր պիտի անդրադառնաք Ձեր կատարած արարքներին և հաշվի նստեք թեմի հավատացյալների հետ, առանց որոնց թեմը դադարում է թեմ լինելուց` վերածվելով ծիսակատար և շահույթ հետապնդող «ֆաբրիկայի»:

 

 

 

Մոսկվայի  նախանձախնդիր հավատացյալներ         

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին