Եթե շատ կարճ պատասխանենք բլոգի վերնագրում նշված հարցին, ապա պատասխանը կհնչի հետևյալ կերպ. ԵՐԲ՝ երբ երեխան ինքը կհարցնի այդ մասին, ԻՆՉՊԵՍ՝ երեխայի տարիքին համապատասխան հասկանալի լեզվով: Երեխայի սեռական զարգացումը և դաստիարակությունը սովորաբար ընթանում է ընդհանուր զարգացմանն ու դաստիարակությանը համընթաց: Անհրաժեշտություն չկա այդ ընթացքը արհեստականորեն արագացնելու, քանի որ երեխայի տարիքին չհամապատասխանող ինֆորմացիայի տրամադրումը կարող է հոգեբանական տրավմայի ենթարկել երեխային:
Սովորաբար երեխաներն ինքներն են հարցեր տալիս այն մասին, թե ինչպես են իրենք ծնվել: Սովորակար դա տեղի է ունենում, երբ երեխան 3-4 տարեկան է: Երբ երեխան հարցնում է, թե ինչպես է ինքը լույս աշխարհ եկել, կարիք չկա շփոթվելու, քանի որ փոքրիկը ամենևին էլ ի նկատի չունի այն մանրամասնությունները, որոնք կարող են անցնել մեր մտքով: 3-4 տարեկան երեխան լիովին կբավարարի մեր այն պատասխանը, որ նա ծնվել է մայրիկի փորիկից: Այդ տարիքի երեխան պետք է հստակ իմանա աղջիկների և տղաների միջև եղած տարբերությունները: Դա ամենևին բարդ չէ, երբ ընտանիքում հստակ եզրագծված են հոր և մոր դերերը:
Երեխայի հետ զրուցելիս կարիք չկա անորոշության մթնոլորտ ստեղծել, ինչպես նաև սևեռել երեխայի ուշադրություն ոչ անհրաժեշտ մանրուքների վրա: Անհրաժեշտ է երեխայի հետ անկեղծ լինել, անկաշկանդ, հասկանալ, որ երեխայի այն հարցը, թե ինչպես է նա ծնվել նույնքան անմեղ է, որքան, օրինակ, թե ինչու է գետակը հոսում դեպի ներքև:
Ընդհանրապես երեխային սեքսի և հարակից թեմաների մասին ինֆորմացիա տրամադրելու մասին կան երկու ծայրահեղ կարծիքներ. համաձայն առաջինի, երեխաներին ընդհանրապես ոչ մի տեղեկություն չի կարելի տրամադրել սեքսի վերաբերյալ, նրանք համոզված են, որ երեխան կմեծանա և ինքը կգտնի իրեն անհրաժեշտ ինֆորմացիան, իսկ երկրորդ կարծիքի կողմնակիցները պնդում է, որ երեխան պետք է մաքսիմալ տեղեկացված լինի: Առաջին կարծիքի կողմնակիցները պնդում են, որ սեռական դաստիարակությունը նպաստում է վաղ սեռական կյանքին, վաղաժամ հղիություններին և աբորտներին: Իսկ մյուսները համոզված են, որ տեղեկացված լինելը կնվազեցնի բռնությունների, սեռավարակների թիվը, և կնպաստի ներդաշնակ ընտանիքի ձևավորմանը: Իհարկե, երկուսն էլ ծայրահեղ են, և ոսկե միջինը կլինի լավագույն ընտրությունը:
Մեր հաջորդ բլոգերում կանդրադառնանք սեռական դաստիարակության տարբեր թեմաների: Կներայացնենք, թե ինչ ենք հասկանում ասելով սեռական դաստիարակություն: Չ՞է որ, սեռական դաստիարակությունը դա սեքսի մասին ինֆորմացիան չէ,այլ դա կրթությունն է, որը թույլ է տալիս երեխային ՃԻՇՏ ձևով մատուցել, թե ինչ է սերը, որն է սիրո պտուղը, ինչպես է այդ պտուղը լույս աշխարհ գալիս, ինչով են տարբերվում մայրիկի և հայրիկի մարմինները, ավելի մեծ տարիքում՝ ինչ է հղիությունը. ցանկալի և ոչ ցանկալի, որոնք են սեռական հարաբերությունների՝ առողջության համար վտանգավոր հետևանքները, ինչպես պաշտպանվել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությոններից, պատանիներին բացատրել ինչպիսի փոփոխոթյուններ են տեղի ունենում իրենց և հակառակ սեռի պատանիների մոտ սեռական հասունացման ընթացքում, տղաներին և աղջիկներին սովորեցնել ինչպես թույլ չտալ անցանկալի հղիության զարգանալը, ինչպես հարգել դիմացինի զգացմունքները: Իրականում, կարելի է անսահման թվարկել այն ամենը, ինչ ասում ենք սեռական դաստիարակություն ասելով:
Գոյություն ունեն շատ գրքեր, գրված հոգեբանների, գինեկոլոգների, սեքսոլոգների կողմից, որոնց համատեղ աշխատանքը թույլ է տալիս նրբանկատորեն մատուցել սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաները: Օգտվեք նրանց օգնությունից երեխայի հետ զրուցելիս, կամ հենց գրքով առաջնորդվեք, քանզի նրանց պատկերազարդ նկարները թույլ կտան հեշտացնել նյութի մատուցումը: Իրականում երեխայի հետ այս թեմայի շուրջ զրուցելը այնքան բարդ բան չէ, որքան մենք պատկերացնում ենք: Մեր նախապաշարմոնքները թույլ չեն տալիս մեզ ազատ զգալ երեխայի հետ զրույցի ժամանակ: Շատ կարևոր է ձեռք բերել երեխայի վստահությունը, որպեսզի նրա մոտ հարցեր առաջանալու դեպքում երեխան դիմի հենց ձեզ: Նույնիսկ եթե երեխան դուրսը լսել է մի այնպիսի բան, որ դուք չէիք ուզենա, որ նա իմանար, և արտահայտվել է տանը, ձեր ներկայությամբ, աշխատեք զսպել ձեր բարկությունը և զայրույթը: Երեխայի վստահությունը շատ հեշտ է կորցնել, իսկ եթե նա ձեզ չվստահի, հնարավոր է այլևս տանը երբևէ չի կիսվի ձեզ հետ:
Աղբյուրը`sexeducationblog.wordpress.com