▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգենի և Դեմիրճյանի պաշտպանն ու նրանց կիսատ թողած  գործն ի կատար ածողը ես եմ լինելու․ Վարդան Ղուկասյան

Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի պաշտպանն ու նրանց կիսատ թողած  գործն ի կատար դարձնողը ես եմ լինելու․ Վարդան Ղուկասյանը պատասխանում է Հայրիկյանին

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, թե սարսափով է տեղեկացել, որ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ են պատրաստվում նկարահանել․ Հայրիկյանն հռետորական հարց է հնչեցրել նաև՝ «ո՞վ էր պղծում հայկական բանակի ոգին, դարձնում չարչիանոց, ստիպում՝ մասնակցել ընտրությունների կեղծմանը»։ Բացի այդ, Պարույր Հայրիկյանը խոսել է նաև Կարեն Դեմիրճյանի մասին ու նաև տխուր փաստ է համարել այն, որ նրան նվիրված հուշարձան է կառուցվում կամ կառույցներ ու հաստատություններ են նրա պատվին անվանակոչում․ Հայրիկյանը Դեմիրճյանին անվանել է «Մոսկվայի կաշառակեր սպասավոր» և այլ որակումներ է տվել։ 

Հատկանշական է, որ Պարույր Հայրիկյանի այս խոսքերին արձագանքում է ոչ թե Կարեն Դեմիրճյանի որդին կամ Վազգեն Սարգսյանի եղբայրն՝ այլ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։

«Հասկանում եմ, որ սովետական ժամանակաշրջանի  նկատմամբ խիստ արտահայտված  նյարդային վերաբերմունք ունեք, սակայն ցույց տվեք ինձ Կարեն Դեմիրճյանի սեփականությունները, որոնք պետք է ունենար նա, քանի որ ձեր ասելով կոռուպցիոներ էր․․․ Չկան, չեք կարող ցույց տալ, բայց դուք խոսում եք մի բանի մասին, որ չի եղել, սակայն չեք  քննադատում «ձեր բերած անկախությունից» հետո ծաղկած ու շարունակվող կոռուպպցիան»,-ասել է Վարդան Ղուկասյանը։  

«Ինչպես այսօր ՀՀ-ն ղեկավարում է Աննա Հակոբյանը, 1996-ին էլ, երբ ձեր ասելով, Վազգեն Սարգսյանը չթողեց իշխանության գա Վազգեմ Մանուկյանը, երկիրը ղեկավարելու էր նրա կինը՝ Վարդուհի Իշխանյանը»,-ասել է Վարդան Ղուկասյանն ու ընդգծել է՝ «Վազգեն Սարգսյանն, ինչպես ցանկացած մարդ, ունեցել է մինուսներ, բայց նա ու իր ստեղծած բանակն  ահ ու սարսափ էր թշնամու համար, նա մեզ բերեց ազատագրված Արցախ, մեզ տվեց հաղթանակած բանակ»։

«Վազգեն Սարգսյանը ոչ КГБ -ի գործակալ է եղել, ոչ էլ КГБ -ն կարող էր նրան «վերբովկա» անել»,-ընդգծել է Վարդան Ղուկասյանը և համոզմունք է հայտնել, որ իր այս ելույթից հետո երիտասարդները, որոնք չեն ապրել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ժամանակներում,  մտնելու են յութուբ, ուսումնասիրելու են  և համոզվեն, որ Պարույր Հայրիկյանը մոլորեցնում է մարդկանց, ստում է։

«Պարույր Հայրիկյան, այլևս չկրկնեք այս ամենը․․․Դուք փորձում եք վարկաբեկել մեր վերջին Ազգային հերոսներին՝ Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին։ Ես որևէ մեկին թույլ չեմ տա՝ խաղալ նրանց կերպարի, անձի ու վառ հիշողության հետ»,-շեշտել է Վարդան Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին