▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիզվառելիքի գործով ամբաստանյալի աթոռին կհայտնվեն միանգամից 13 գյուղապետեր. Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Արարատի և վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել աղմկահարույց դիզելային վառելիքի գործով հերթական մեղադրական եզրակացությունը: Այս անգամ մեղադրանք է առաջադրվել միանգամից 13 գյուղապետերի:

Հիշեցնենք՝ Արարատի մարզի ավելի քան 2 տասնյակ գյուղերի հողօգտագործողներ դիզելային վառելիքի ու պարարտանյութերի բաշխման պետական ծրագրով ավելի քիչ գումար էին ստացել, քան նշված է եղել փաստաթղթերում: 2013-ին ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության բացահայտած չարաշահումների փաստերն ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն:

Մի քանի ամիս անց՝ 2013թ-ի հոկտեմբերի 1-ին, գործից անջատվել և առանձին վարույթով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է այն բանի համար, որ 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում մարզի մի շարք համայնքների ղեկավարների և «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է հողօգտագործողներին 2012թ. աշնան և 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերով պետական բյուջեից հատկացված 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի գումար:

Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Վիրաբյանը կազմել, ստորագրել, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն ու մատակարար ընկերությանն է ներկայացրել մարզի համայնքներին դիզելային վառելանյութի բաշխման կեղծ ցուցակներ, որոնցում 872.450 լիտրով ավելացրել է փաստացի պահանջարկը:

Բացի այդ, Վիրաբանի ցուցումով, համայնքների ղեկավարները «Ֆլեշ» ՍՊԸ առանձին ծառայողների հետ կազմել են նաև  համայնքներին դիզելային վառելանյութ իրացնելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր և հանձնման-ընդունման կեղծ ակտեր:

Այս ամենի արդյունքում՝ Տ.Վիրաբյանը համայնքների ղեկավարների և «Ֆլեշ»-ի աշխատակիցների հետ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի պետական գումարը և այն բաժանել միմյանց միջև:

Եվ ահա շուրջ 1 տարի անց ՀՔԾ-ն ավարտել է նաև Արարտի մարզի 13 համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Բոլոր 13 գյուղապետերին առաջադրվել է նույն  մեղադրանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար, այսինքն` մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել են իրենց վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն և շահադիտական նպատակով կազմել ու հանձնել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

Մեղադրական եզրակցության համաձայն՝ բոլոր գյուղաապետերը, «պաշտոնեական դիրքը շահադիտական նպատակով ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նպատակով պաշտոնեական կեղծիքներ կատարելով, ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տ.Վիրաբյանի և «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, խմբով յուրացման եղանակով հափշտակել են ՀՀ հողօգտագործողներին 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության՝ 2013թ. հունվարի 24-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված, իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով սուբսիդիայի գումարը»:

Տարբեր են միայն հափշտակված գումարների չափերը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանն այդ եղանակով հափշտակել է 5.250.000 ՀՀ դրամ, Լանջանիստ համայնքի ղեկավար Հովհաննես Դավթյանը` 8.400.000, Արարատի մարզի Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրիկ Մուրադյանը` 7.146.600, Լանջազատ համայնքի ղեկավար Հրայր Հակոբյանը և Նշավան համայնքի ղեկավար Մկրտիչ Ներսիսյանը` 6.300.000-ական, Շաղափ համայնքի ղեկավար Կարապետ Կարապետյանը` 9.450.000, Դիմիտրով համայնքի ղեկավար Արման Իոնանովը, Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը, Արաքսավան համայնքի ղեկավար Ատոմ Թադևոսյանը և Արևշատ համայնքի ղեկավար Գոգոլ Նիկոլյանը` 4.200.000-ական, Արևաբույր համայնքի ղեկավար Մարտին Ավետիսյանը` 4.173.750, Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը` 12.039.300, Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը` 10.200.000 ՀՀ դրամ պետական բյուջեից ստացված սուբսիդիայի գումարներ:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին