▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինարիի բնակիչ 2-րդ կարգի հաշմանդամ կրպակատիրոջից 150 000 դրամ են պահանջել

ԴԻՄՈՒՄ

 

Ռուբեն Հայրապետյան, Մոսկվա-Տավուշի մարզ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

 

Պարոն նախագահ.

Մոսկովյան թերթերից մեկը կանոնավոր կերպով իր էջերում կենսահարույց տարբեր հարցերով նամակներ է հղում երկրի ղեկավարներին: Ես չգիտեմՙ կարդո՞ւմ են Կրեմլում դժգոհության այդ գրավոր դրսեւորումները: Անձամբ ես երբեք չեմ մտածել լրագրողական այդ ժանրի մասին, սակայն վերջերս, լինելով իմ փոքր հայրենիքում` Տավուշի մարզի նախկին Շամշադինի շրջանի սահմանամերձ գյուղերում, որոշեցի դիմել Ձեզ ինձ համակած մռայլ զգացումների կապակցությամբ: Թեեւ նույնքան տեղյակ չեմ, թե ինչ բախտի են արժանանում նման նամակները Բաղրամյան պողոտայի հայտնի պաշտոնավայրում:

Պրն նախագահ, այս տարի հերթական անգամ ազերիները գնդակոծել էին սահմանամերձ Չինարի գյուղի երկու տունՙ զգալի նյութական վնաս պատճառելով դրանց: Ընտանիքներով փախել էին տնիցՙ սարսափի ծանր պահեր ապրելով: Այդ տներից մեկի անմիջական հարեւանությամբ մի փոքրիկ կրպակ է դրված, որը որպես յուրօրինակ թիրախ ավելի հաճախ է արժանանում «հարեւան» գնդացրորդների ուշադրությանը: Տանտեր-վաճառողը, որն, ի դեպ, երկրորդ կարգի հաշմանդամ է, իր բազմանդամ ընտանիքի գոյատեւման հանապազօրյան այդ կրպակից ստացած համեստ միջոցներով է հոգումՙ վաճառելով մոտ մի քանի հազար դրամ ընդհանուր արժողությամբ մանր-մունր իրեր: Եվ ահա, ասես ի լրումն ազերիների բարբարոսության, Չինարի է ժամանում մարզի նորին գերազանցություն հարկային տեսչության ներկայացուցիչը եւ ինչ-ինչ խախտումների համար «բիզնեսմենին» տուգանում… 150,000 դրամով եւ, չբավարարվելով դրանով, գումարում եւս 25,000 դրամ վարչական տույժՙ ահռելի մի գումար սահմանամերձ գյուղի խեղճուկրակ բնակչի համար: Ընդ որում, հարկահավաքը նրան չի տալիս դրամը գանձելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ: Ապշեցնում է այս չինովնիկի ու նրան ուղարկողների արտառոց դաժանությունը (այս ողորմելիներին որեւէ օլիգարխի որեւէ օբյեկտի շեմից էլ ներս չէին թողնի): Շուրջօրյա թշնամական կրակոցների տակ գոյատեւող չինարեցիները պարզապես հերոսներ են, որ շատերի պես չեն լքում իրենց սահմանամերձ բնակավայրը եւ շարունակում են ապրել այնտեղՙ հողը մշակելով գիշերները: Եվ առհասարակ, այս տարածաշրջանում սուղ են, շատ սուղ են ապրուստի պայմանները, քանզի երկրամասը բառի բուն իմաստով ծվարած է լեռների մեջՙ տասնյակ կիլոմետրերով կտրված տրանսպորտային խոշոր մայրուղիներից: Եթե նշյալ տխրահռչակ հարկային տեսուչը պետական տարրական մտածողություն ունենար ու բանական մարդկային խիղճ, նա իր վերադասին կզեկուցեր, որ այդ մարդը հաշմանդամ է, որ նա երեքՙ մեկ զինվորի եւ երկու դպրոցականի հայր է, ու պետք է նրա նկատմամբ ներողամիտ լինել: Իսկ եթե այս չինովնիկը գործում է այլ կերպ, ապա վերածվում է սովորական խոտակերի, որի համար Չինարին սոսկ արոտավայր է:

Պրն նախագահ, հարցը մասնավորՙ առանձին դեպքի մասին չէ, եւ ոչ էլ մեր պահանջն է պատժել միայն իրենց գրպանի մասին մտածող պաշտոնյաներին: Բնավ: Նախկին Շամշադինի տարածաշրջանի բոլոր սահմանամերձ գյուղերն իսկապես գտնվում են աղետալի վիճակում, եթե չասենքՙ ողբերգական: Այս գյուղերը, որոշ վերապահությամբ, շարունակում են մնալ պատերազմական վիճակում: Դուք ինքներդ, պրն նախագահ, անցել եք պատերազմի բովով եւ հիանալի գիտեք, թե դա ինչ է նշանակում: Անցյալ դարի հայ գրողներից մեկը ցարական հարկահավաքներին կեղեքիչներ էր անվանում: Ահա եւ ստացվում է, որ ազգային պետությունն իր հարկային քաղաքականության մեջ չի դրսեւորում խելամիտ ճկունություն եւ առնվազն սահմանամերձ բնակավայրերում դառնում է նույնքան կեղեքիչ, նույնքան անողոք ու անմիտ: Ինչպե՞ս կարելի է նոսրացող բնակչության համար չստեղծել հարկային արտոնյալ պայմաններ, ինչպես վարվում է, օրինակ, Իսրայելն իր պաղեստինամերձ բնակավայրերում: Չէ՞ որ ստեղծված իրավիճակի ամենաանմխիթար հետեւանքը համատարած «ռուսաստանասփյուռ» արտագաղթն է, այն էլ, կրկին ընդգծենք, թշնամու հետ սահմանակից գոտուց: Եվ այն տպավորությունն է ստեղծվում, որ նորանկախ հայոց երկրի պետական այրերին դա առանձնապես չի էլ մտահոգում, իսկ եթե մտահոգում էլ է, ապա ամեն ինչ ավարտվում է մասնակի միջոցառումներով, որոնցից, ցավոք, ոչինչ չի փոխվում, երիտասարդությունը ինչպես լքում էր, այնպես էլ շարունակում է լքել հայրենի գյուղերը, թերեւս փախչելով ոչ այնքան կրակոցներից, որքան ծանր կենսապայմաններից, աշխատատեղերի բացակայությունից, խոր հիասթափությունից ու հուսահատությունից, անհեռանկարությունից: Ինչպես ասում է տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը, ամեն անգամ, լինելով սահմանամերձ գյուղերում ու տեսնելով թշվառ իրողությունները, ինքը կես մարդ է դառնում: Կարելի է բերել բազմաթիվ վիճակագրական անամոք փաստեր, թեեւ չենք կարծում, որ Հայաստանի կառավարությունը չգիտե այդ մասին:

Երբեմնի շեն գյուղիՙ Մովսեսի դպրոցում սովորում էին 1000-ից ավելի աշակերտներ: Ներկայումս նրանց թիվը չի գերազանցում երկու հարյուրը, ավելի կոնկրետՙ այս պահի դրությամբՙ 167 աշակերտ:

Պառավաքար համայնքը, որ տարածաշրջանում հայտնի էր 360 հեկտար խաղողի, 125 հեկտար պտղատու այգիներով, կորցրել է 1417 հեկտար մշակովի տարածք, որից 1000-ը փաստացի մշակվում է ազերիների կողմից:

Այգեպար համայնքում ժամանակին աշխատել են երեք հզոր գործարան եւ մեկ օդանավակայան, որտեղ աշխատել է 3000-ից ավելի մարդ: Գյուղը, ի դեպ, ձեւավորվել է գործարաններում աշխատող բանվորների հենքի վրա: Գործող գյուղապետի հավաստմամբ, նախկինում շատերն էին երազում դառնալ այդ գյուղի բնակիչ: Մինչդեռ ընդամենը 500 մետր հեռավորության վրա տարեցտարի բազմապատկվում է թշնամական Ալիբեյլի գյուղի բնակչությունը, ապշեցնում են բարձրացող թիթեղապատ տանիքներով շինությունները, լուսավորված փողոցները: Եվ այդ ամենը շարքային այգեպարցիների աչքի առաջ, որ դեռեւս ապրում են հրետակոծություններից վթարային դարձած բազմաբնակարանոց շենքերում:

Տարածաշրջանի ամենատուժած համայնքը Ներքին Կարմիր Աղբյուրն է: Պատերազմական գործողությունների ժամանակ գյուղի գրեթե բոլոր 380 տները հրետակոծվել են, մեծ մասն ավերվել է հիմնովին: Նորվեգացիներից օժանդակություն է ստացել 186 ընտանիք, հայրենի պետությունը երկու փուլով ֆինանսական օգնություն է ցույց տվել 51 ընտանիքի, մնացյալ 143 ընտանիքների ճակատագիրն անորոշ է: Ավերված են նաեւ գյուղի մշակույթի տունը, համայնքային կենտրոնը: Ասել է թե արդեն 20 տարի գյուղում գրեթե ոչ մի մշակութային միջոցառում տեղի չի ունեցել:

Բավարարվենք այսքանով:

Պրն նախագահ, ինչքան ինձ է հայտնի, տարբեր մակարդակների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ դիմել են Հայաստանի կառավարությանըՙ Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերի բնակիչներին բոլոր, կրկնում ենքՙ բոլոր հարկերից ազատելու առաջարկով: Պատասխանը բացասական է. չի կարելի տարբերակումներ մտցնել երկրի գյուղերի միջեւ: Բայց արդյո՞ք այսօր նույն վիճակում են (չտարբերակված) Տավուշի մարզի սահմանամերձ եւ, ասենք, Արարատյան դաշտի գյուղերը: Հավատացեք, եթե ոչինչ չփոխվի, ելնելով այս տրամաբանությունից, ապա հիշյալ գյուղերի ծերացող բնակիչներն իրոք կդառնան վերջին մոհիկաններ: Ի վերջո, ախր, այնքան աննշան է, գրեթե զրոյական այդ բնակավայրերի հարկային «դերը» երկրի բյուջեի ձեւավորման մեջ: Եթե սահմանամերձ գյուղերը ամայանում են ու երկրի ղեկավարությունը արմատական ոչինչ չի ձեռնարկում, ապա դա պետական հանցագործություն է: Եթե չինովնիկը թքած ունի այս պարագայի վրա, ապա պետության ղեկավարին չի կարող չմտահոգել սահմանամերձ գյուղերը դատարկված տեսնելու իրական հեռանկարը: Իսկ հարկային բեռի թեթեւացման դեպքում գուցեեւ Մոսկվայի շինարարական շուկաներում օթեւանած նախկին շատ շամշադինցիներ վերադառնան իրենց ծննդավայրերը:

Պրն նախագահ, համերկրացիներիս անունից ինչո՞ւ եմ դիմում անձամբ Ձեզ: Որովհետեւ մեր այս փոքրիկ Հայաստանում նման մակարդակի հարցի լուծմանն ի զորու է միայն երկրի ղեկավարը: Ասվածը չպետք է ընդունել որպես սիրաշահում, այլ բոլորին հայտնի անաչառ իրողություն: Վերջերս Մովսես գյուղումՙ սահմանից ընդամենը 800 մետր հեռավորության վրա մոսկվայաբնակ մովսեսցիների ու տեղացիների ջանքերով բացվեց հոյակերտ մի եկեղեցի: Նշանակում էՙ մարդիկ ուզում են ապրել իրենց ծննդավայրում, բայց չեն կարողանում: Ներքին քաղաքականությունն այսօր պիտի դառնա Ձեր գործունեության առանցքը: Գրոշ չարժե այն անկախությունը, որի պայմաններում երկիրը դատարկվում է:

 Հարգանքներով`Ռուբեն Հայրապետյան

«Ազգ» օրաթերթ, #183, 14-10-2011 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին