Հիմա ով չի ալարում` հայրենասիրությունից է խոսում: Կրթության եւ գիտության նախարարից սկսած` մինչեւ ոչ ավանդականների դեմ արշավանք սկսած «մարտիկները»: Ես է՛լ ասելիք ունեմ Հայրենիքի հանդեպ սիրո մասին (ումի՞ց եմ պակաս):
Հայրենասիրությունը ո՛չ միայն դպրոցական կրթական ծրագրում ներառված ազգային պարերն են: Առավել եւս` հայկական ԶԼՄ-ները ողողած Քիմ Քարդաշյանի անվերջանալի օյինները չե՛ն... Եվ նույնիսկ համաշխարհային հռչակ վայելող մեծ լուսանկարիչ Հովսեփ Քարշի հայ լինելը հպարտությամբ թափահարե՛լը չէ միմյանց քթի տակ:
Հայրենասիրությունը ենթադրում է` եթե հպարտ ես քո Հայրենիքի նվաճումների ու մշակույթի համար, ուրեմն` պետք է պահպանես այն ամենն, ինչի համար ահա՛ այդքան հպարտ ես: Պատահական չասացի` քո՛ Հայրենիքի: Նվաճումների առումով` պատկերը մխիթարական չէ, բայց մշակութային հարստությունը պահպանելու
ցանկությունը հանգիստ չի տալիս ինձ:
Հենց այս անհանգստությունը ստիպեց ինձ հասնել այն վայրերը, որտեղ ծնվել են մեր այն մեծերը, որոնց մասին միալար շատախոսում ենք, թե որքան հպարտ ենք, որ մեր Հայրենիքն այդպիսի զավակներ է ծնել:
Հասա Ջաջուռ գյուղը, որտեղ ծնվել է Մինաս Ավետիսյանը...
Հաջորդը Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր Ահնիձորն էր:
Հետո` Լոր գյուղն էր, որ «հայրենասերներիս» Համո Սահյան է պարգեւել:
Այս ցանկը դեռ կշարունակեմ, բայց առայժմ բավարարվենք այս երեք մեծերով:
Ինչ որ տեսա` արցունք քամող էր: Որքան էլ բացատրենք մեր երեխաներին, թե ինչ ասել է` հայրենասիրություն, որքան էլ գայթակղենք նրանց ազգային տարազով պարելու հմայքներով, վաղ թե ուշ նրանք կայցելեն այս գյուղերը եւ կտեսնեն, թե ինչպես է պահպանվում այն մարդկանց հիշատակը, որոնցով հպարտանում է ողջ ազգը: Եվ նրանք` մեր երեխաները, քամահրանքով կվերաբերվեն հայրենասիրության մասին բարձրագոչ ճառող պետական այրերի անկեղծությանը:
Լուսանկարներն ավելին են ասում, քան ցանկացած սրտառուչ տեքստ:
1.Սա այն տունն է, որտեղ ծնվել է Մինաս Ավետիսյանը (Ջաջուռ)
2.Այս դպրոցում է սովորել Հրանտ Մաթեւոսյանը (Ահնիձոր)
3.Տնից, որտեղ ծնվել է Համո Սահյանը, մնացել է միայն թոնրատունը, որտեղ ապագա բանաստեղծի մայրը հաց է թխել ողջ ընտանիքի համար (Լոր)