«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այսօր հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում պաշտոնապես հայտարարեց զբաղեցրած պաշտոնը լքելու մասին:
Ասուլիսի ընթացքում ֆրանսիացի մասնագետը նշել է, որ այլ թիմ չի փնտրում, պարզապես «արքայական ակումբին» փոփոխություններ են անհրաժեշտ հաջողությունները շարունակելու համար:
«Որոշել եմ չշարունակել զբաղեցնել «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Մի փոքր տարօրինակ պահ է, բայց փոփոխություն է պետք, որ թիմը շարունակի հաղթել, պետք են այլ մեթոդներ: Ինձ հետ դժվար կլիներ հաղթել հաջորդ մրցաշրջանում: Դա տեսանք նաեւ այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում: Եթե պետք է մնան, ու վատ լինի, չեմ ուզում: Ցանկանում եմ՝ այս փուլը «Ռեալում» լավ ավարտ ունենա: Սա որոշում է, որը լավ կլինի բոլորի՝ առաջին հերթին ինձ, եւ նաեւ թիմի համար: Փոփոխությունը պետք է հաղթանակները շարունակելու համար: Այս ակումբը մեծ պատմություն ունի, ու խաղացողներից միշտ ավելին ենք պահանջում, բայց գալիս է պահ... էլ ի՞նչ պահանջեմ նրանցից, այն ամենից հետո, ինչին ինձ հետ հասան»,- ասել է նա:
Որոշման մասին նա նախօրեին հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Վերջինս ասուլիսի ժամանակ նշել է, որ իր համար անսպասելի որոշում է եղել, շատ կցանկանար համոզել նրան մնալ, սակայն պետք է ընդունել ու հարգել մարզչի որոշումը:
45-ամյա մասնագետը 2015/16 մրցաշրջանի ընթացքում է ընդունել մադրիդյան թիմը և երեք տարի անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը: