▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանի հարցազրույցը ESPN 700 ռադիոկայանին

ArmFootball.com-ը գրում է. Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը որպես «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ ներկայացվելուց հետո հյուրընկալվել է ESPN 700 ռադիոկայանին: Ներկայացնում ենք Յուրայի ամբողջական հարցազրույցը ռադիոկայանին:

- Դուք եղել եք «ՌՍԼ»-ի չեմպիոնական կազմի մասնիկը: Ի՞նչ զգացողություններ ունե՞ք վերադառնալով:

- Հրաշալի է լինել այստեղ: Շատ ոգևորված եմ հիմա:

- Կարծու՞մ եք ճիշտ ժամանակն էր վերադառնալու ՄԼՍ, ու մասնավորապես «Ռեալ Սոլթ Լեյք»:

- Իմ գործակալը գիտի, որ շատ էի ուզում վերադառնալ, ու ասել էի նրան, որ զբաղվի այդ հարցերով: Ի վերջո, մի քանի ամիս առաջ զանգահարեցի նրան ու ասեցի. «Կամ դու ինձ հետ ես տանում, կամ էլ խնդիրներ ես ունենալու կնոջս հետ»: Նա էլ ցանկանում էր վերադառնալ: Գործակալս վախեցավ ու կազմակերպեց վերադարձս (ծիծաղում է):

- Քեզ համար «Ռեալ Սոլթ Լեյքը» «ճակատագրական» ակու՞մբ է:

- Այո: Այստեղ մարդիկ հրաշալի են: Այս թիմի հետ ես չեմպիոն եմ դարձել: Հրաշալի հիշողություններ ունեմ: Բացի այդ, կարող եմ ասել, որ ֆուտբոլիստների 90 տոկոսն այսօր ցանկություն ունի խաղալ ՄԼՍ-ում: Ես խոսել եմ շատերի հետ, նրանց համար երազանք է ՄԼՍ գալը: Իմ երազանքն էր վեևրադառնալ, ու ես շնորհակալ եմ գործակալիս ու Քրեյգ Վեյբլին:

- Դուք հիմա 28 տարեկան եք: Դեռևս 22 տարեկանում, բայց դեռ այն ժամանակ Դուք կարծես թիմի վետերաններից լինեիք: Ինչպե՞ս եք փոխվել որպես ֆուտբոլիստ և անձնավորություն այս ընթացքում:

- Այն ժամանակ մազերս ավելի շատ էին (ծիծաղում է): Տարիքի հետ փորձ եմ ձեռք բերել, հանդես եմ եկել տարբեր լիգաներում, խաղացել եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում: Գոլեր եմ խփել մեծ թիմերի դեմ խաղերում, խաղացել եմ տարբեր մթնոլորտներում, մարզադաշտերում, տարբեր պայմաններում, տարբեր եղանակների: Կարծում եմ` դա ինձ հոգեբանորեն ավելի ուժեղ է դարձրել: ՄԼՍ-ում չկա ոչինչ, որ կարող է ինձ ծնկի բերել: Միևնույն ժամանակ, ինձ համար շատ կարևոր է լինել տանը: Ես մեծացել եմ Լոս-Անջելեսում, սակայն Սոլթ Լեքս Սիթին ինձ համար երկրորդ տունն է:

- Խաղացել եք տարբեր առաջնություններում` Դանիայում, Ռուսաստանում: Ինչո՞վ է առանձնահատուկ ՄԼՍ-ը:

- Կարծում եմ` ՄԼՍ-ը աշխարհի ամենաարագ լիգաներից մեկն է: Այստեղ աշխարհի լավագույն ատլետներն են հավաքված: Թիմերը երիտասարդ, արագ ֆուտբոլիստներով են համալրվում, ու դա շատ հետաքրքիր է: Եթե Ռուսաստանում մի թիմում 2-3 արագ ֆուտբոլիստ է լինում, դա շատ լավ է: ՄԼՍ-ում նման ֆուտբոլիստները շատ են: Տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստները ևս քիչ չեն:

- Ինչու՞ էր հիմա ճիշտ ժամանակը վերադառնալու համար: Խոսակցություններ կային, որ Ձեր ծառայություններով այլ ակումբներ են հետաքրքրված:

- Ապրիլ ամսին մենք երրորդ երեխան ենք ունենալու: Այնպես որ, կարծում եմ` իմ ու ընտանիքիս համար լավագույն ժամանակն էր վրադառնալու: Ուզում էի վերադառնալ ու խաղալ իմ առաջին ակումբում: Ես 28 տարեկան եմ, այո, հնարավոր է` ավելի մեծ եմ երևում, բայց 28 տարեկան եմ, ու դեռ ցանկանում եմ հաղթել, ցանկանում եմ չեմպիոնություններ նվաճել:

- Ձեր հեռանալուց հետո մարտավարական փոփոխություններ են տեղի ունեցել: Ջեֆ Կասարը խաղում է 4-3-3 մարտավարությամբ: Կարծում եք` կհարմարվե՞ք այդ սխեմային:

- Ես մեծ փորձ ունեմ նման մարտավարությամբ խաղալու, Ռուսաստանում շատ եմ խաղացել այդ սխեմայով: Կարծում եմ` ինձ համար դա լավագույն սխեման է: Սակայն դա ինձ համար մեծ նշանակություն չունի: Կարևորը լավ մարզավիճակում լինելն է: Երբ խաղը սկսվում է, դու վազում ես ամբողջ խաղադաշտով: Ինչպես ասել եմ, կանեմ այն, ինչ Ջեֆը պահանջի ինձնից, կխաղամ այնտեղ, որտեղ նա կցանկանա:

- Ի՞նչ կասես «ՌՍԼ»-ի երկրպագուների մասին:

- Կարող եմ ասել, որ նրանք լավագույններից են: Չեմ ասում դա, որովհետև վերադարձել եմ այստեղ: Ես անկեղծ անձնավորություն եմ, եթե այդպես չլիներ, կվախենայի նման բան ասել:  Բայց կարող եմ ասել, որ «Ռիոտ»  մարզադաշտը լավագույն տեղերից մեկն է: Դանիայում բավականին լավ ֆուտբոլային մթնոլորտ էր, «Կրասնոդարը» նոր ակումբ էր, «Սպարտակի» երկրպագուները լավագույններից են աշխարհում: Ամբողջ աշխարհով մեկ նրանք միլիոնից ավել են: Բայց «Ռիոտի» երկրպագուները, կարծում եմ, լավագույնն են ՄԼՍ-ում: Եղել եմ Պորտլենդում, Սիեթլում, այլ քաղաքի մարզադաշտերում, «Ռիոտում» իսկապես հրաշալի մթնոլորտ է:

- Մինչ ՄԼՍ-ի մեկնարկը, պետք է խաղաք ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիագում:

- Այո, պետք է խաղանք Մեքսիկայում: Դա ինձ համար նորություն է լինելու, որովհետև ես հաղթել էի առաջնությունում, բայց Չեմպիոնների լիագում չէի խաղացել:

- Ի՞նչ նպատակներ եք դրել ընթացիկ մրցաշրջանում ինքներդ Ձեր առջև:

- Խփել հնարավորինս շատ գոլեր: Ես այստեղ եմ գոլեր խփելու համար: Դրա համար են ինձ վճարում, դրա համար եմ ես այստեղ:

- Ընտրել եք 14 համարի մարզաշապիկը:

- Այո:

- Դա ձեր համարն է: Նախորդ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն էր կրում այդ մարզաշապիկը(Ջասթին Գլեդ - ArmFootball.com): Մյուս մարզաձևերում` բեյսբոլ, բասկետբոլ, նման դեպքերում բանակցություններ են լինում այդ համարի մարզաշապիկով խաղացող մարզիկի հետ: Դուք խոսե՞լ եք Ջասթինի հետ, թե՞ ակումբն է նրա հետ բանակցել:

- Կարծում եմ` ինչ-որ մեկը ակումբից խոսել է նրա հետ, ու ասել է, որ դա իմ համարն է: Բայց ես գնահատում եմ այդ քայլը, խոստանում եմ, որ ճաշի կհրավիրեմ նրան: Բոլորին ասում էի, որ ուզում եմ վերադառնալիս 14 համարի մարզաշապիկով խաղալ: Դա իմ սիրելի համարն է ֆուտբոլում: Ազգային հավաքականում էլ 14 համարի մարզաշապիկով եմ խաղում: 10 համարն ազատ էր, ինձ առաջարկեցին, բայց ոչ: Ես 14-ն եմ ուզում:

- Ոմանք չեն էլ մտածում համարի մասին, բայց Դուք այդպիսին չեք:

- Ավտոմեքենայիս համարների մեջ էլ 14 թիվը կա:

- Ի՞նչ տարիքի են Ձեր երեխաները: Ասացիք, որ երրորդին եք սպասում:

- Այո: Տղաս 6 տարեկան է, դուստրս` 4:

- Այսինքն, նրանք այստեղի հետ կապված հիշողություններ չունեն: Աղջիկը նույնիսկ այստեղ չի ծնվել:

- Ոչ: Տղաս ծնվեց մեր չեմպիոն դառնալուց անմիջապես հետո` դեկտեմբերի 10-ին: Չէ, չէ կներեք 25-ին (ծիծաղում է): Նրանք էլ շատ ոգևորված են: Տղայիս ասեցի` գնում եմ մեզ համար նոր տուն գտնելու: Նա ասաց` նոր տու՞ն: Ասացի` այո, բայց ոչ Ռուսաստանում, պատասխանեց` լավ, ուրեմն նորմալ է:

- Սոլթ Լեյքում հայկական խոհանոցի տեղ գիտե՞ք:

- Այո, այստեղ կա:

- Գլենդելում հայկական մեծ համայնք կա, այնտեղ հայկական խոհանոցն էլ տարածված է, բայց Սոլթ Լեյքու՞մ...

- Այո, կա, ես հիմա չեմ հիշում, թե որ փողոցի վրա է, ինչ է անունը, բայց հիշում եմ, որ հայկական խոհանոցի կերակուրներից կերել եմ Սոլթ Լեյքում:

- (դիմելով ռադիոլսողներին) Ամեն դեպքում, եթե դուք Սոլթ Լեյքում հայկական խոհանոցի տեղ գիտեք, օգնեʹք Յուրային, գրեʹք մեր թվիտերին:

- Շնորհակալ եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ սկսելու խաղալ «ՌՍԼ»-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее