Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը Երևանում է, այլ սյունեցիների, քաջարանցիների հետ Քննչական կոմիտեի դիմաց է՝ ի աջակցություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի: Նա այժմ Քննչական կոմիտեում է:
«Ես աստեղ եմ որպես Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ, կանգնելու եմ այն մարդու կողքը, ում սիրտը ցավում է Սյունիքի համար: Այդ մարդը հենց պատերազմի սկզբից դիրքերում է եղել, նրան ընտրել է քաղաքացիների մեծ մասը, ազնիվ ընտրություն է եղել: Իմ անելքը հենց սա է՝ օգնել ժողորդին, թույլ չտալ բախումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Ահարոնը:
Նրա խոսքով, հիմա թուրքը կրկին 3-4 կիլոմետր առաջ է եկել:
«1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, մարդիկ բռունցք էին բարձրացնում, բռունցքը միավորում է, բայց եկավ մեկը, ով ազգին տարավ գերի, բաց ձեռքերով գերի են գնում»,- ասաց Տեր Ահարոն քահանա Մելքումյանը:
Նա նշեց, որ այստեղ հավաքված մարդիկ եկել են իրենց տունը պաշտպանելու համար: Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասաց, որ Տեղ համայնքի ղեկավարը, ով երեկ իրեն տարել էր մի կապիտանի հուղարկավորության, մի դեպք է պատմել.
«Մի քանի օր առաջ, երեկոյան 9-10-ին, Խնձորեսկ-Տեղ գյուղ ճանապարհահատված է իջել թուրքը: Մեր ճանապարհին կանգնած է եղել, մեքենա է անցել, կանգնացրել է: Բնականաբար, չեն կանգնել: Այդ մեքենայի հետևից կրակել է: Հիմա անվտանգության երաշխիք ունե՞նք:
Թուրքը հիմա Որոտան գյուղի մեջ է»,- ասաց Գորիսի տարածաշարջանի հոգևոր հովիվը: