Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Թուրքիայի Էսկիշեհիր քաղաքի ստադիոնում տեղի ունեցած հետխաղային ասուլիսում մեկնաբանել է 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը Թուրքիայի թիմի հետ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի արտագնա խաղում։
«Գոհ եմ խաղացողներից, նվիրվածությունից։ Ամենագլխավորն այն է, որ նրանք վստահում են մարզչական շտաբին, լսում են առաջադրանքները եւ կատարում են։ Ոչ ոքի արդյունքի խաղ էր։ Հանդերձարանում խաղից հետո ֆուտբոլիստներից ոչ ոք ուրախ չէր արդյունքից։ Բայց թիմը ճիշտ ուղու վրա է։
Անհանգստություն միշտ էլ կա, որովհետեւ ես չեմ մարզում Ֆրանսիայի կամ Արգենտինայի հավաքականները։ Այդ թիմերի մարզիչները կարող են լարված չլինել խաղից առաջ։ Ես մարզում եմ Հայաստանի թիմը, լարված եմ, ես եկել եմ աշխատելու, ցանկանում եմ օգնել Հայաստանին, հայ մարդկանց, նրանք ինձ շատ լավ են վերաբերվում, մոտենում են ինձ, հաջողություն են մաղթում։ Ցանկանում եմ լավ արդյունքի հասնել, օգնել հայկական ֆուտբոլին։ Ցանկանում եմ, որ ամեն ինչ ստացվի ֆուտբոլիստների մոտ։
Չեմ ցանկանում մեկնաբանել մեր խաղացողների գործողությունները առանձին-առանձին։ Ցանկանում եմ քնել, վերանայել, նոր միայն հետեւություն անել։ Նաիր Տիկնիզյանը մեծ աշխատանք կատարեց, շատ ծանր էր նրա համար։ Բաց թողած գոլից առաջ լինում է սխալների շղթա։ Պետք չէ մեղադրել Տիկնիզյանին, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց։ Վերջում բոլորն էլ հոգնած են։ Նա տխրել է, հասկանում է, որ սխալ թույլ տվեց։ Ես Տիկնիզյանին հաջողություն եմ մաղթում հաջորդ խաղում խորվաթների դեմ։
Թուրքիան ավելի շատ էր վերահսկում գնդակը, նախաձեռնությունը նրանց կողմն էր։ Նրանց ֆուտբոլիստների խաղամակարդակն ավելի բարձր է։ Չեմ թաքցնում, որ արդյունքի համար էինք խաղում, քանի որ ավելի բարձրակարգ թիմի դեմ էինք խաղում»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։
Հայաստանի հավաքականը հաջորդ տուրում սեպտեմբերի 11-ին Երեւանում կընդունի Խորվաթիայի հավաքականին։