Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) լրագրողների հետ զրույցում ամփոփել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնությունը, որտեղ նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի եռակի չեմպիոնը նշել է, որ կվերադառնա 57 կգ քաշային կարգ, որն օլիմպիական է։
- Ինչպե՞ս կամփոփես ելույթդ ԵԱ-ում։
- Ելույթս կգնահատեմ լավ, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես շատ լավ էի պատրաստվել: Եզրափակիչը կառանձնացնեմ. որոշել էի, որ այս մրցաշարից հետո վերադառնալու եմ 57 կգ քաշային կարգ: Մրցակիցս (Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովը) 57 կգ քաշային կարգում գործող աշխարհի չեմպիոնն է: Ցանկանում էի ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ հաղթել նրան:
- Ո՞ր պահից հավատացիր վերջնական հաղթանակիդ ու մատներով ցույց տվեցիր 3 թիվը:
- Լուսատախտակին տեսա, որ 6 վայրկյան է մնացել, իսկ մրցակցիս ձեռքերում ուժ չկար: Հասկացա, որ չի կարող հնարք կատարել: Շատ էի ուրախացել, ու այդպես տոնեցի հաղթանակս:
- Ի՞նչ նշաձող ես քեզ համար սահմանել և ի՞նչ ծրագրեր ունես ապագայում:
- Մասնակցելու ենք մրցաշարի, որտեղ ինձ կփորձեմ 57 կգ քաշային կարգում: Եթե լավ հանդես գամ, կմասնակցեմ մեծահասակաների աշխարհի առաջնությանը: