Վազգեն Թեւանյանը նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը: Իսպանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում 2020 թվականի աշխարհի գավաթակիրը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջայի հետ եւ լարված պայքարում հաղթեց 8:4 հաշվով:
Չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Թեւանյանը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջան կատարեց:
Թեւանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել կանադացի Դանիել Տրոյ Քոլեսի նկատմամբ: 1/8 եզրափակիչում էլ 10:0 հաշվով պարտության էր մատնել Անգլիայի ներկայացուցիչ Ռոս Թեյլոր Քոնելիին:
Քառորդ եզրափակիչում 4:3 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Ռիյոմա Անրակուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 7:6 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Ադլան Ասկարովին: