«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության, մասնավորապես՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի դեմ դժգոհությունները նոր թափ են ստանում։ Մարդիկ արդեն սկսել են բաց տեքստով նրա դեմ արտահայտվել, որոնք ժամանակին լռել են, երբ Մելիքբեկյանը բազմաթիվ խախտումներով ու ճնշումներով «ընտրվեց» ՀՖՖ նախագահ։ Նրանցից մեկը՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, օրերս ծավալուն հարցազրույց էր տվել իր ակումբի լրատվական ծառայությանն ու քննադատությունների եւ մեղադրանքների մի հսկա կծիկ բացել՝ ընդդեմ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի։
Նա, իր հարցազրույցում պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը, մանրամասն բարձրաձայնել է ՀՖՖ-ում տեղի ունեցող ֆինանսական անարդյունավետ ծախսերի, խնդիրների մասին, որ ֆուտբոլին հարկավոր է ուշադրություն դարձնել, մինչդեռ այն զարգացնելու փոխարեն ՀՖՖ-ում միայն սեփական պաշտոնի ու փողի մասին են մտածում։ Վերջում էլ մեղայականով է հանդես եկել՝ տալով նաեւ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի անունը, որ նա միակ մարդն է, որ 2019 թվականին դեմ է արտահայտվել Արմեն Մելիքբեկյանի՝ կեղծիքով ֆեդերացիայի նախագահ ընտրվելուն, ինչի համար էլ նրան հեռացրել են գործկոմից։
«Նա միակ մարդն էր, ով փորձում էր այդ մասին հայտարարել, բայց նրան թույլ չտվեցին` «հեռացնելով» գործկոմից, որտեղ նա աշխատել էր 20 տարի՝ պատասխանատու լինելով Հայաստանի հավաքականի աշխատանքի համար` հիանալի կատարելով իր աշխատանքը: Արդյունքում, թողնելով լոյալ ձայների մեծամասնությունը, Մելիքբեկյանը ոչ իրավաչափ կերպով ընտրվել է ՀՖՖ նախագահ։ Ես իսկապես ամաչում եմ, որ նոր եմ բարձրաձայնում այդ մասին: Ուզում եմ ներողություն խնդրել հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներից եւ անձամբ Մարինե Թաշչյանից` այդ խայտառակ ընտրությունների արդյունքների հետ լուռ համաձայնելու համար։ Երեք տարի անց մենք գիտակցում ենք, թե որքան սխալ էինք, երբ լռեցինք այդ պահին»,- հայտարարել է «Փյունիկի» սեփականատերը։
Թեմայի շուրջ մենք մի քանի հարց ուղղեցինք ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանին` աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մորը, ով երկար տարիներ աշխատել է ՀՖՖ-ում` բաժնի պետ է եղել։
Տիկին Մարինան չէր ցանկանում հարցազրույց տալ, ասաց, որ ֆեդերացիայի գործունեությամբ այլեւս հետաքրքրված չէ, որեւէ առնչություն չունի դրա հետ, եւ մեր զրույցի ընթացքում շարունակ կրկնում էր, որ ինքն իր ասելիքը երեք տարի առաջ է ասել։
«Ոչ մի առնչություն չունեմ, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, կա ֆուտբոլային աշխարհ, կան ակումբների նախագահներ, թող իրենք էլ իրենց հարցերը լուծեն եւ ինձ չխառնեն դրա մեջ։ Ես իմ ասելիքն ասել եմ դեռեւս երեք տարի առաջ, եթե այն ժամանակ բոլորը լռել են, դա իմ մեղքը չի եղել, հիմա նոր բարձրաձայնում են դրա մասին։ Թող երեք տարի առաջ խոսեին, հիմա արդեն ուշ է»,- ասաց Մարինա Թաշչյանը։
- Դուք որեւէ բան չունե՞ք ասելու մեր հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի մասին։
- Ես հիմա ո՛չ ֆեդերացիայի աշխատող եմ, ո՛չ ֆուտբոլի հետ ինչ-որ առնչություն ունեմ, որ ինչ-որ բան ասեմ կամ իմ մտքերն արտահայտեմ։ Ես, ճիշտն ասած, էստեղ էլ չեմ լինում մեծ մասամբ ու դրա համար ոչ մի բան չունեմ ասելու, ասելիքը թող ասեն ֆուտբոլային ակումբների նախագահները, ֆուտբոլային աշխարհը։
- Իսկ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքական վերադառնալու հավանականություն տեսնո՞ւմ եք։
- Կուզենա վերադառնալ՝ թող վերադառնա, չի ուզենա` դա իր որոշումն է։
- Պարզապես ՀՖՖ ղեկավարությունից կարծես ակնարկներ էին արել, որ սպասում են Հենրիխին, ամեն ինչ անում են, պատրաստ են ընդունել նրան հավաքականում։
- Հենրիխն ինքն է իր որոշումներն ընդունում, ես իր որոշումների մեջ ոչ մի լումա չունեմ, ինքն արդեն մեծ, հասուն մարդ է, ինքը որոշում է։ Ինքը հրաժարական տվեց իր իսկ որոշմամբ, հիմա ես ո՛չ խառնվել եմ, ո՛չ էլ, հիմա էլ էլի ասում եմ՝ ինքն իր որոշումն ունի։ Իսկ կվերադառնա, թե չէ՝ չեմ կարող ասել։ Բայց կարծում եմ՝ դժվար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Դիտեք նաև՝