Լրագրող, վերլուծաբան Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«հուզական, ոչ քաղաքական, սադրանքներին հեշտ կուլ գնացող ազգ ենք
Կամ թուրքի սադրանքն ու Արմանի վրիպակը
UFC պրեզիդենտ Դանա Վայթը մտահոգված է, որ Արման Ծառուկյանի արարքի պատճառով հավանաբար UFC-ին դատի կտան:
Բանն այն է, որ երկու օր առաջ բրազիլացի Օլիվեյրայի հետ հաղթական մենամարտից անմիջապես առաջ դեպի օքտագոն քայլելիս Արմանը հարվածել է մի հանդիսականի, որը նրան ինչ-որ բան էր գոռացել:
UFC-ի ֆորումներից մեկում կարդացի քոմենթագիրերից մեկի գրածը, որի ասելով դեպքն իրենից մի քանի քայլի վրա է տեղի ունեցել. իր կողքի հանդիսականներից մեկը բռնել է դեպի օքտագոն գնացող Արմանի պարզած ձեռքն (դեպի մրցասպարեզ գնացող մարզիկները հաճախ են ձեռք մեկնում հանդիսականներին) ու գոռացել. «Ղարաբաղն Ադրբեջան է», ինչի համար, ըստ պատմողի, Արմանը նրան խփել է:
Գիտեմ, հիմա շատերդ կասեք ճիշտ է արել:
Բայց եթե ասեմ, որ դրա արդյունքում այդ հավանաբար թուրք կամ ադրբեջանցի հանդիսականը ինչերի կարող է հասնել, վստահ եմ, որ այլ կերպ կմտածեք:
Այդ ենթադրաբար թուրք հանդիսատեսը
1. հավանաբար դատի կտա Արմանին ու UFC-ին, (ինչի մասին արդեն Դանա Վայթն է խոսում) ու նրանցից առանձին-առանձին կամ միասին շատ մեծ գումար կկորզի,
2. «Կմասսայականացնի իր «Ղարաբաղն Արբեջան է» կարգախոսը,
2. կարող է վտանգի ենթարկի Արմանի մարզական կարիերան (ավելի փոքր զանցանքների համար են UFC-ի մարզիկերին կարգապահական տույժի ենթարկում):
3. կարող է ընդհուպ քրեական գործ հարուցելու պահանջ ներկայացնել իրեն հարվածելու համար (ամերիկյան օրենքներով ցանկացած խոսք, ընդհուպ մինչև անձնական հայհոյանք խոսքի ազատության պաշտպանության տակ է, իսկ ֆիզիկական ուժի կիրառումը թույլատրելի է բացառապես միայն քո կամ ուրիշի կյանքին անմիջապս սպառնացող վտանգը կանխելու համար: Իսկ եթե այդպիսի վտանգ չկա, ապա հանցագործություն է»: