Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի շրջանակում Արգենտինայում տեղի ունեցավ արգենտինական «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի՝ Ազնավուրին նվիրված մարզաշապիկի շնորհանդեսը: Հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Արգենտինայում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների, ինչպես նաև ակումբի կողմից կազմակերպված այս միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրանսիայի և Հայաստանի դեսպաններ Ռոման Նադալը և Հովհաննես Վիրաբյանը, ակումբի նախագահ Լուսիանո Նակիսը: Ցուցադրվեց «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի հատուկ տեսաուղերձը, դուդուկահար Գագիկ Գասպարյանը հադես եկավ ազնավուրյան կատարումներով:
Միջոցառմանը ներկա էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: